Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2022 թվականի մայիսի 26-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը։ «2022 թվականի մայիսի 25-ին` Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը»,- հայտարարել էր Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` արբանյակի արձակումը հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սանտլանտիս» ընկերությունների համագործակցության արդյունք էր: Նա նաև հայտարարեց, որ ծրագրվում է մինչև գալիք տարվա ավարտ Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին երեկ հարցրինք, թե այդ արբանյակն այժմ աշխատո՞ւմ է, նկարահանած կադրերն այժմ օգտագործվո՞ւմ են․ «Այո, օգտագործվում է, բայց բազմիցս խոսել ենք այդ մասին»։
- Որտե՞ղ են օգտագործվում այդ կադրերը, դրանք ի՞նչ բնույթի են։
- Դրանք նկարներ են, թե նկարը հիմա ինչ ձևով կարող են օգտագործել, դա ես հիմա չեմ կարող Ձեզ ասել։ Նկարից ցանկացած ինֆորմացիա կարելի է հանել, թե՛ գյուղատնտեսական, թե՛ պաշտպանական, թե՛, ասենք, ինչ-որ տնտեսական վերլուծության համար։ Մենք նկարն ենք տրամադրում, որը հիմք է հանդիսանում հետագա վերլուծությունների համար։
- Այդ արբանյակը, ի վերջո, մե՞րն է։
- Մերն է, այո, իհարկե, մերն է։
- Բայց շահագործում են իսպանացինե՞րը։
- Շահագործում են մեր ցուցումներով, բայց հայտարարել ենք, որ շուտով կառավարումն ամբողջությամբ կանցնի հայկական կողմին։ Հենց հիմա էլ տեխնիկապես մենք ունենք այդ հնարավորությունը, ուղղակի պետք է վստահ լինենք, որ մեր մասնագետները ամբողջությամբ տիրապետում են այդ տեխնիկային, որպեսզի հետագայում խնդիրներից խուսափենք, զուտ դա է հարցը, բայց տեխնիկապես մենք հենց այսօր էլ դա կարող ենք անել։
- Այդ արբանյակով, օրինակ, հնարավո՞ր է հակառակորդի տեղաշարժը հսկել, տեսնել, թե որտեղ են տեղակայված, ինչքան են առաջ եկել։
- Մի քիչ բարդ հարց եք տալիս, ես դժվարանում եմ հիմա պատասխանել։ Ինչպես ասացի, մենք այդ ինֆորմացիան ենք տալիս, որը կարելի է տարբեր նպատակներով օգտագործել։
- Հայտարարվեց նաև, որ ամբողջովին հայկական նոր արբանյակներ պիտի արձակվեն տիեզերք։ Հիմա դրանք ինչո՞վ են տարբերվում այս մեկից։
- Հայկական ասելով մենք նկատի ունենք, որ Հայաստանում աշխուժություն է սկսվել և որոշ ընկերություններ ցանկություն են հայտնել մտնել այդ ոլորտ և նույնիսկ արդեն իսկ գործունեություն ծավալում են այդ ոլորտում։ Երևի կհիշեք՝ հայտարարություններից մեկում նշել ենք, որ ընկերություն կա, որը արդեն իսկ պատրաստել է փոքր արբանյակ, ոչ թե իր տեխնիկական հնարավորությունների փաստն է հետաքրքիր այլ հետաքրքրությունը նրանում է, որ Հայաստանում այդպիսի միտք է առաջացել, որ Հայաստանում պատրաստված առաջին արբանյակը կարող է տիեզերք արձակվել։
- Այդ արբանյակի նախագիծն ու տեխնոլոգիան մե՞րն են։
- Այո, այդպիսի մեծ նորություն միգուցե չկա, աշխարհում հայտնի տեխնոլոգիաներ են կիրառվել, բայց այդ փաստերի համադրությունը, որ այդ ամեն ինչը Հայաստանում է արվում, դա ոլորտների հնարավորություն է տալիս, ամենակարևոր փաստը դա է, և արբանյակի այս ծրագիրը, որը մենք իրականացրեցինք, հենց միտված էր դրան, որպեսզի Հայաստանում այդ ոլորտը զարգացում ունենա, և մենք շատ բավարարված ենք, որ նման հետաքրքրություն արդեն Հայաստանում առաջացել է։
- Իսկ այդ փոքր արբանյակը ե՞րբ է պատրաստվում շահագործվել։
- Այդ ընկերության կողմից ես կդժվարանամ հիմա Ձեզ պատասխան տալ, բայց, եթե ես չեմ սխալվում, արդեն իսկ պատրաստ է, հիմա կազմակերպչական հարցերով են զբաղված՝ այդ արձակումը կազմակերպելու։ Իսկ ինչ վերաբերում է մեր հաջորդ արբանյակներին, ապա ծրագիրը, որ ի սկզբանե սկսել էինք, նպատակը մի արբանյակ չէր, այլ մի քանի արբանյակով համալրելը, և այդտեղ էլ մենք մտադրություններ ունենք՝ Հայաստանում մասնակի աշխատանք անել այդ արբանյակի ստեղծման հետ կապված։ Միգուցե ամբողջական արբանյակ Հայաստանում չպատրաստվի, բայց գոնե ինչ-որ մի մասը՝ ծրագրային կամ ֆիզիկական, արվի Հայաստանում։
- Հայաստանում այս պահին կա՞ ռազմարդյունաբերություն։ Ժամանակին կային հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր, հիմա այդ ոլորտը պետական հովանավորում, աջակցություն ունի՞։
- Այո։
- Կա՞ արտադրություն։
- Այո։
- Դրանք բանակում օգտագործվո՞ւմ են։
- Ես էլ չեմ մանրամասնի, բայց, այո, կա։ Բավականին լավ արդյունքներ ունենք, բայց ավել բան ասել չեմ կարող։