Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Երկրորդ օրն է Պաշտպանության նախարարությունը քար լռություն է պահպանում 20 ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով։ Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ- ն է՝ Պնախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Որևէ բացատրությամբ, պարզաբանմամբ մինչ այս պահը նախարարը հանդես չի եկել, այցելել է նախարարը զորամաս, տեղում պարզելու, թե ինչու և ինչպես է դեպքը տեղի ունեցել, վստահ եմ, որ ոչ։
Սա պատասխանատվությունն է զինծառայողի կյանքի, նրա ընտանիքի և մեր հանրության առջև։ Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում մահվան դեպքերի հետ կապված։ Տարեվերջին ամփոփելով մահվան դեպքերը նա աշխատում է նվազ թվեր ցույց տալ, իսկ իրական նվազ թվերի համար պայքար չկա։
Մամուլում շրջանառվող «ինքնասպանության» վարկածն անընդունելի է ինձ համար։ Մամուլը առավելագույնը կարող է տեղեկանալ զինծառայողի մահվան դեպքի, բայց ոչ մահվան հանգամանքների մասին։ Շատ անգամ հենց իրավապահ մարմիններն են այսպիսի վարկածներ նետում մամուլ, որ հետո հիմք հանդիսանա իրենց առաջ քաշած »ինքնասպանության» վարկածի համար։ Իսկ «ինքնասպանության» դեպքերը բանակում, հիմնականում, սպանություններ են, որոնք չեն բացահայտվում։
Հարգելի գործընկերներ այդքան հեշտությամբ մի գրեք ինքնասպանությունների մասին։ Խորապես ցավակցում եմ լուսավոր երիտասարդի՝ Նարեկի ընտանիքին, հարազատներին։»