Հայկական կինոյի դասական Արտաշես Հայ-Արթյանը ծնվել է 1899 թվականին՝ ռուսական կայսրության Կարսի մարզի Նախիջեւան գյուղում։ Իրական անունն է՝ Արտաշես Թադեւոսի Հարությունյան։ Հայ-Արթյանը ստեղծագործական կեղծանուն է։ Նախքան կինոարվեստ գալը, նա 1914-19 թթ․ մի քանի աշխատանք է փոխել։ Եղել է գրագիր, դարբին, առաքիչ։ 1921 թվականին ավարտել է Երեւանի Հայկական դրամատիկական ստուդիան։ Հետո ուսանել է Մոսկվայի Հայկական թատերական ստուդիայում։ 1923-ին Հայ-Արթյանը դիմել է Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումի դերասանական բաժին։ Այն ավարտել 1927 թվականին։ 1925-35 թթ․ ապրել է Մոսկվայում, աշխատել որպես ռեժիսորի օգնական՝ Պետկինոյի ու Սոյուզկինոյի թիվ մեկ ֆաբրիկայում։ Կինոնկարներում սկսել է նկարահանվել 1923 թվականից։ 1931-ին ավարտել է ՎԳԻԿ-ին կից երկամյա ռեժիսորական բարձրագույն դասընթացը, որը ղեկավարել են Աբրահամ Ռոոմն ու Սերգեյ Էյզենշտեյնը։ Մինչեւ 1935 թվականին «Հայկինո» գնալը՝ նկարահանվել է մոսկովյան ստուդիաներում` «Պյոտր Իվանովիչ» (1931), «Ես փոքրիկ չեմ» (1932), «Փոքր հովիվը» (1935) ֆիլմերում։
1935թ. աշխատանքի է հրավիրվել «Հայֆիլմ» կինոստուդիա: 1937-ին թողարկել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Կարո»-ն, որի սցենարի համահեղինակն էր: Երեք տարի հետո՝ 1940-ին, էկրան է բարձրանում Հայ-Արթյանի երկրորդ գեղարվեստական աշխատանքը՝ «Մեր կոլխոզի մարդիկ» խորագրով։ Այս ֆիլմից հետո նկարահանում է «Պատվի համար»-ը:
1946-54 թթ․ զբաղվել է կինոնկարների հայերեն կրկնօրինակմամբ։ Արտաշես Հայ-Արթյանը կյանքից հեռացել է 1978 թվականին, Երեւանում։ Ներկայացնում ենք երկու կինոնկար՝ նրա մասնակցությամբ։
«Դավաճանը», 1926 թվական, ռեժիսոր՝ Աբրահամ Ռոոմ։ Համր ֆիլմ է։ Նկարահանվել է Լեւ Նիկուլինի «Նավաստիական անդորր» պատմվածքի հիման վրա։ Ֆիլմն ամբողջովին չի պահպանվել։ Տեւական ժամանակ համարվել է կորսված։ Այժմ հասանելի են ֆիլմի միայն առաջին քսան րոպեները։ Գործողությունները տեղի են ունենում Պրիմորիեի ավաններից մեկում, նախահեղափոխական շրջանում։ Պատմում է ցարական ոստիկանության դեմ բոլշեւիկների մղած ընդհատակյա պայքարի մասին։ Աբրահամ Ռոոմն այս կինոնկարի մասին գրել է, որ ժապավենը դիտվող դարձնելու համար հետաքրքիր հնարք է կիրառել՝ ապահովելով երեք կինեմատոգրաֆիական պահեր՝ անսպասելիություն, անորոշություն եւ հանկարծակիություն։ Դրանց շնորհիվ հանդիսատեսը ֆիլմի ողջ ընթացքում լարված հետեւում է զարգացումներին։
«Մահվան ծովախորշը», 1926 թ․ ռեժիսոր՝ Աբրահամ Ռոոմ։ Նկարահանվել է Ալեքսեյ Նովիկով-Պրիբոյի «Օտրադոյի ծովախորշում» պատմվածքի հիման վրա։ Գործողությունները տեղի են ունենում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Հարավային նավահանգիստներից մեկում, որը գրավված է սպիտակգվարդիականների կողմից, «Լեբեդ» նավի վրա ապստամբություն է նախապատրաստվում բոլշեւիկների ու պարտիզանների կողմից։ Հեղափոխականների մեջ է նաեւ նավի մեխանիկի որդին։ Մեխանիկը չի ցանկանում քաղաքականությանը խառնվել։ Սակայն դառնալով ականատես, թե ինչպես են հաշվեհարդար տեսնում հեղափոխականների նկատմամբ, բացում է «Լեբեդի» քինգսթոններն ու նավը ջրասույզ անում։