Քաղաքականություն

12 ժամ է գործողություններ են իրականացնում Գագիկ Ծառուկյանի ընկերություններում. իրավապահները լռում են

12 ժամ է գործողություններ են իրականացնում Գագիկ Ծառուկյանի ընկերություններում. իրավապահները լռում են

Վաղ առավոտի «Մուլտի կոնցեռնի» բոլոր ձեռնարկություններում քննչական գործողություններ են իրականացվում: Իրավապահները առավոտյան ժամը 7-ին ժամանել են Գագիկ Ծառուկյանի տուն` դիմակավորված տասնյակ ԱԱԾ-ականներ են ներխուժել եւ խուզարկություններ իրականացրել: Խուզարկություններ են իրականացվել նաեւ «Մուլտի կոնցեռնի» բոլոր ընկերություններում, ընկերությունների տնօրենների տներում: Բոլոր ընկերությունների աշխատակիցներին հանել են աշխատավայրերից, դադարեցրել են ընկերությունների աշխատանքը եւ անգամ Օլիմպավանում գտնվող սպորտսմեններին, այդ թվում` արտասահմանցի, հանել են շենքից: Մեծ թվով մարդիկ շվարած էին, չէին հասկանում` ինչ է կատարվում:

Լրատվամիջոցները սեփական աղբյուրներից, զարտուղի ճանապարհներով տեղեկություններ էին հայթայթում, որպեսզի ինֆորմացիա փոխանցեն իրենց ընթերցողներին եւ հետեւողներին: Քննչական գործողությունների մեկնարկից անցել է ուղիղ 12 ժամ, սակայն մինչ այս պահը իրավապահ համակարգից որեւէ հաղորդագրություն, որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել, թե ինչ է կատարվում, ինչու, ինչ հիմքով եւ ինչ մեղադրանքի շրջանակներում:

Մենք դիմեցինք Քննչական կոմիտե` հարցնելով. ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվում, որ մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում: Մեզ ասացին` «Քննչական գործողությունները դեռ շարունակվում են», այս պահին դեռ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածում` կտարածեն, երբ հարմար կգտնեն:

Պարզ է, որ գործողություններն իրականացվում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով` հորինված հիմքերով եւ իրավապահներն էլ լավ գիտեն, որ վարչապետի կամքով իրականացվող հետապնդումն անօրինական է ու շատ արագ ապացուցվելու է մեղադրանքների սնանկությունը եւ մեղադրանքը փլվելու է` ինչպես փլվել են բոլոր քաղաքական մեղադրանքները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image