ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իրեն համարում է Հայաստանի Շառլ դը Գոլը, համենայնդեպս, նրա համեմատությունները՝ Ֆրանսիայում 1940-45 թվականներին ծավալված իրադարձությունների եւ ներկայում Հայաստանում տեղի ունեցողի միջեւ, նման տպավորություն են ստեղծում: Ճիշտ է` Իշխան Սաղաթելյանի եւ Դը Գոլի միջեւ ընդհանրություններ կան, բայց տարբերություններն ավելի շատ են, այնպես, ինչպես Հայաստանի եւ Ֆրանսիայի տարբերությունները: Ինչպես Շառլ դը Գոլը 1940 թվականին գլխավորեց Ֆրանսիայի Դիմադրության շարժումը, այնպես էլ Սաղաթելյանը 2021-ին ղեկավարեց Հայաստանում սկսված Դիմադրության շարժումը, միայն թե Դը Գոլի ղեկավարած շարժումը հանգեցրեց Ֆրանսիայի ազատագրմանը, իսկ Սաղաթելյանինը Հայաստանի ազատագրմանը չի հասցրել, գոնե՝ առայժմ:
Իշխան Սաղաթելյանը «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ» վերնագրով հոդված է գրել եւ այն սկսել է 1940 թվականի հունիսին Ֆրանսիայում հաստատված Վիշիի ռեժիմի ղեկավար Ֆիլիպ Պետենի հայտարարության հետեւյալ հատվածով. «Հանուն արժանապատվության եւ հանուն Ֆրանսիայի միասնականության ապահովման… Եվրոպայում հաստատված նոր կարգերը հաշվի առնելով՝ ես այսօրվանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցության տարբերակը»:
Սաղաթելյանը Ֆիլիպ Պետենին համեմատում է Նիկոլ Փաշինյանի հետ, Պետենը համագործակցեց ֆաշիստական Գերմանիայի հետ, իսկ Փաշինյանը համագործակցում է նույնքան ֆաշիստական Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: «Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարությամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացված հատվածում հաստատված Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կհանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պետք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այսկերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախոսով էր առաջնորդվում Ֆրանսիայում հաստատված կառավարությունը։ Ճիշտ նույնկերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառնալիքի պայմաններում Սյունիքում եւ Տավուշում տարածքներ հանձնելը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպես այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պետք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար»,- գրում է Սաղաթելյանը` Փաշինյանին համարելով Հայաստանի Պետենը։ Այս համեմատությունն իսկապես տեղին է, որովհետեւ Պետենի եւ Փաշինյանի ընդհանրությունները շատ են: Բայց արդյո՞ք Իշխան Սաղաթելյանն իրեն այնպես պահեց, ինչպես Շառլ դը Գոլն իրեն դրսեւորեց, երբ Պետենը 1940 թվականին եկավ իշխանության: Դը Գոլը, որը մինչ այդ Ֆրանսիայի ռազմական նախարար Ֆիլիպ Պետենի տեղակալն էր, միանգամից հայտարարեց, որ խզում է բոլոր կապերը կոլոբորացիոնիստական ռեժիմի հետ եւ հայտարարում է Ֆրանսիայի Դիմադրության շարժման մասին: Իսկ ի՞նչ արեց Սաղաթելյանը, երբ Փաշինյանը 2018-ին հակասահմանադրական հեղաշրջում իրականացրեց` այո, դարձավ նրա իշխանության մի մասը եւ զբաղեցրեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Նա այդ պաշտոնը չէր լքի, եթե 2018-ի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը նրան չհեռացներ պաշտոնից, չնայած Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում տեղադրված կենսագրականում գրված է, որ Սաղաթելյանը պաշտոնը կորցրեց, որովհետեւ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից: Մինչդեռ Փաշինյանը Բաղրամյան փողոցում` ԱԺ-ի դիմաց, կեսգիշերին մոտ լուծարեց կոալիցիան: Վիքիպեդիայի հոդվածում 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններին «թավշյա հեղափոխություն» որակումն է տրված, մինչդեռ տեղի ունեցածը հակասահմանադրական հեղաշրջում էր` բռնության եւ բռնության սպառնալիքի տակ իշխանության զավթում:
Իր հոդվածում համեմատություն անցկացնելով Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ, Սաղաթելյանը գրում է. «Թշնամու հետ համագործակցության ճանապարհի ընտրությունը չփրկեց Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային աղետալի պատերազմի մեջ ներքաշվելուց, ծանր մարդկային կորուստներից եւ ավերածություններից», եւ հետեւություն է անում. «Նույնն է նաեւ Հայաստանի պարագայում։ Միայն արտաքին թշնամու եւ երկրում հաստատված վարչակարգի դեմ հետեւողական դիմադրությունը կարող է դուռ բացել մեր երազանքների պետության կերտման համար։ Որքան էլ դժվար, երբեմն անօգուտ թվան օրվա վարչակարգի դեմ ամենատարբեր պայքարներն ու շարժումները, միեւնույն է, հենց դրանք են վաղվա հաղթանակի սաղմերը եւ ազգային նոր որակի պետության կառուցման հիմքը»։
Իշխան Սաղաթելյանը պատմական համեմատություններ անցկացնելիս պետք է մի փոքր ավելի խորաթափանցություն եւ ազնվություն դրսեւորի: Նույնիսկ Շառլ դը Գոլին չէր հաջողվի միայնակ ազատագրել Ֆրանսիան, եթե չլիներ արտաքին աջակցությունը, եթե 1944 թվականին դաշնակիցների` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բանակները Նորմանդիայում չսկսեին ցամաքային օպերացիա, որին Դիմադրության շարժման մարտիկները հսկայական աջակցություն ցույց տվեցին: Չլիներ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական ուղիղ միջամտությունը, դժվար է ասել, թե դեռ որքան ժամանակ Ֆրանսիան կգտնվեր նացիստական Գերմանիայի օկուպացիայի տակ, եւ ինչքան կմնար Ֆիլիպ Պետենի կառավարությունն իշխանության: Նույնկերպ Խորհրդային Միությունը, պարտության մատնելով Ճապոնիային, օգնեց, որ Չինաստանի տարածքի մեծ մասն ազատագրվի ճապոնական օկուպացիայից, եւ Չինաստանը վերականգնի իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, դուրս գա մեկ դարից ավելի շարունակվող նվաստացման միջավայրից: Այո, մեկ դար չինացի ժողովուրդը փորձում էր ինքնուրույն դուրս գալ անգլո-բրիտանական տիրապետությունից, բայց այդպես էլ չէր հաջողում: Չինացիները դա անվանում են «Մեծ ամոթի» դարաշրջան, որը սկսվել է 1839 թվականից եւ փաստացի ավարտվել 1949-ին, եթե կուզեք` դեռ չի էլ ավարտվել, քանի դեռ Թայվանը չի միացել Չինաստանին:
Եթե Դաշնակցությունը եւ նրա Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը համարում են, որ Հայաստանը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի օկուպացիայի տակ, իսկ Փաշինյանն այդ երկրների կողմից նշանակված ղեկավար է, ապա արդյո՞ք համարում են, որ հայ հասարակությունը կարող է դիմադրության եւ այլ շարժումներով ինքնուրույն ազատագրվել այդ օկուպացիայից, թե՞ դրա համար պետք է նաեւ դաշնակիցների անմիջական աջակցությունը: Քանի որ Փաշինյանի ռեժիմից ազատագրվելու մի քանի ինքնուրույն փորձերը ձախողվել են, թերեւս պետք է արտաքին աջակցություն, եւ այդ դեպքում Դաշնակցությունն ու Սաղաթելյանը պետք է հստակ ասեն, թե ով է այն դաշնակիցը կամ դաշնակիցները, որոնց օգնությամբ Հայաստանը կարող է ազատագրվել:
Թե չէ՝ կարելի է անվերջ «վաղվա հաղթանակի սաղմերը» ցանել ու «ազգային նոր որակի պետության կառուցման հիմքը» դնել, բայց ո՛չ դրանց հասկերը հնձել, ո՛չ էլ այդ հիմքի վրա շենք կառուցել: