Իսրայելն ընտրություններ է անցկացրել վերջին երկու տարում չորրորդ անգամ։ Եվ ժողովուրդը դեռ տարաձայնություններ ունի այն հարցի շուրջ, թե արդյո՞ք վարչապետ Բենյամին Նեթանյահուն արժանի է մնալ պաշտոնում:
Գրել է միջազգային «Ալ Ջազիրա» լրատվամիջոցը։
Ընտրատեղամասերը բացվել են «ողջ Իսրայելում ու գրավյալ Արևմտյան ափում [Հորդանան գետի ափ]»։ Կա շուրջ 6,5 միլիոն ընտրող։
Իսրայելի 72-ամյա պատմության ընթացքում թեկնածուների ոչ մի կուսակցական ցուցակ չի կարողացել կառավարող մեծամասնություն կազմել 120-տեղանոց Կնեսետում: Ընտրությունները մեկնարկել են անցյալ տարվա մայիսին Նեթանյահուի և նրա գլխավոր մրցակից, Իսրայելի Պաշտպանության նախարար, ԶՈՒ նախկին Գլխավոր շտաբի պետ Բենի Գանցի միջև ձևավորված արտակարգ կառավարության (ռոտացիայի սկզբունքով վարչապետություն) կազմալուծման հետևանքով: Ընտրությունները նշանակվել են նախորդ տարվա դեկտեմբերին կառավարության կողմից բյուջեի հաստատումը ձախողելու պատճառով:
«Ալ-Ջազիրայի» թղթակից Նատաշա Գոնեյմը Արեւմտյան Երուսաղեմից հայտնել է, որ ընտրությունների շուրջ ընտրողների և վերլուծաբանների տրամադրությունը մռայլ է: «Ես խոսել եմ ընտրողների հետ, և մի քանի զգացմունքներ անընդհատ առաջանում են՝ վախ ու հույսի պակաս», - ասել է լրագրողը:
«Հարցվածների, վերլուծաբանների և ընտրողների շրջանում ընդհանուր կոնսենսուսն այն է, որ ստատուս քվոն կմնա այս ընտրություններում»:
Վերլուծաբանների կարծիքով՝ ընտրողների անտարբերությունը կնպաստի մասնակցության ցածր մակարդակին։ Մեկ տարի առաջ կայացած վերջին ընտրություններին մասնակցությունը 71 տոկոս էր: «Նեթանյահուի կրոնական և ազգայնական դաշնակիցները հակված են լինել բարձր մոտիվացիա ունեցող ընտրողներ։ Ի հակադրություն, ակնկալվում է, որ Իսրայելի պաղեստինցի քաղաքացիները՝ հիասթափված «Համատեղ ցուցակ» կուսակցության կազմալուծումից, այս անգամ ավելի մեծ թվով տանը կմնան: Թել Ավիվի մերձակայքում գտնվող առավել ազատական և աշխարհիկ շրջաններում ընտրողները նույնպես ունեն մասնակցության ցածր տոկոսներ», - գրել է «Ալ Ջազիրան»
Ակնկալվում է, որ Նեթանյահուի աջակողմյան «Լիկուդ» («Համախմբում») կուսակցությունը կհայտնվի որպես ամենամեծ կուսակցությունը, բայց խորհրդարանում չի կարողանա հեշտությամբ կազմել կոալիցիոն կառավարություն։
«Դա նշանակում է, որ Իսրայելը նայում է երեք հնարավոր արդյունքների՝ Նեթանյահուի օրոք մեկ այլ կոալիցիա, գաղափարապես բաժանված կառավարություն՝ միավորված միայն որպես նրա ընդդիմություն, կամ սպասվող հինգերորդ ընտրություններ»:
Չնայած հարցումները ցույց են տալիս, որ իսրայելցիների մի փոքր մեծամասնություն ցանկանում է տեսնել, որ Նեթանյահուն հեռանա իր պաշտոնից, մասնատված ընդդիմությունը նույնպես չունի հստակ ուղի դեպի իշխանություն՝ չկա հականեթանյահուական ճամբարը ղեկավարելու համար մեկ համաձայնեցված թեկնածու:
Ընտրություններում առանցքային դեմքերն են՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուն (աջակողմյան «Լիկուդ» կուսակցություն), Պաշտպանության նախարար Բեննի Գանցը (ազատական, կենտրոնամետ «Կապույտ և Սպիտակ» դաշինք), էկոնոմիկայի նախարար, Կրոնական ծառայությունների նախարար (2013-15), Սփյուռքի նախարար (2013-19), Կրթության նախարար (2015-19), Պաշտպանության նախարար (2019-20) Նաֆթալի Բենեթը (աջակողմյան «Յամինա» դաշինք), Ֆինանսների նախարար (2013-14) Յաիր Լապիդը (կենտրոնամետ «Յեշ Ատիդ» կուսակցություն), Կրթության նախարար (2009-13), Ներքին գործերի նախարար (2013–14) Գիդեոն Սաար (կենտրոնամետից աջակողմյան «Նոր Հույս» կուսակցություն)։