Քաղաքականություն

«Հրապարակ»․ 4 ամիս մեր հեռախոսներն ապօրինի գաղտնալսել են ու գտել են միայն, որ մեկն ասում է՝ տատիիդ ընտրության տարա՞ր

«Հրապարակ»․ 4 ամիս մեր հեռախոսներն ապօրինի գաղտնալսել են ու գտել են միայն, որ մեկն ասում է՝ տատիիդ ընտրության տարա՞ր

Շուտով գարուն է, բայց ՀՀ պետական մարմինները դեռ անցյալ տարվա աշխատանքներն են ամփոփում՝ առողջապահության, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության, ներքին գործերի նախարարությունները, գլխավոր դատախազը: Վերջինս կրկնակի, եռակի ու քառակի ամփոփումներ է անում՝ ըստ առանձին մարզերի, Երեւանի առանձին վարչական շրջաններով, եւ սկսում է, չգիտես ինչու, «ամենաբռնաճնշված» մարզից՝ Արմավիրից, որը հակաեկեղեցական պայքարի թիրախում է: Գուցե զուգադիպություն է, բայց փետրվարի 11-ին դատախազը հավաքում է մարզի դատախազության ղեկավար անձնակազմը, հրամաններ է տալիս, ու նույն օրն էլ Էջմիածնում 10 անձ են ձերբակալում, խուզարկություններ իրականացնում ընդդիմադիրների տներում: 

Մարզի դատախազ Սեւակ Պողոսյանի ստանդարտ թվախեղդ զեկույցում վարույթների, դատարան ուղարկված գործերի քանակներ են նշվում, բայց նյութի կորիզը, իհարկե, Աննա Վարդապետյանի «հաթաթան» է, «հանձնարարականները մարզի դատախազին եւ դատախազության դատախազներին՝ ուղղված մարզում քրեական քաղաքականությունը խստացնելուն»: Իրավապահներն էլ, ստացվում է, «քրեական քաղաքականության խստացում» ասվածը բերում են ընդդիմության քթից: Փետրվարի 12-ին 10 անձ ձերբակալեցին, հետո 7-ին բաց թողեցին, մնացին 3-ը: «7 անձի Քննչական կոմիտեն ներկայացրել է դատարան՝ կալանքի սանկցիա տալու համար, 6 անձի դատարանը տվել է տնային կալանք եւ գրավ: Մեկ անձի ազատ են արձակել»,- «Հրապարակին» հայտնեց Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը:

Ինչպես հայտնի է, բռնաճնշումների ենթարկվողների թվում ավագանու 6 անդամներն են, «Հաղթանակի» համակիրներ, բոլորն ընդդիմադիր հայացքներ ունեն: Ըստ ՔԿ-ի, անցած նոյեմբերին՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների շրջանում, նրանք, իբր, խոչընդոտել են «մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը», ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին: Ընտրություններից 3 ամիս անց Կոմիտեն ձայնագրություններ է հրապարակել, որտեղ մարդիկ, ընտրական անցուդարձի մեջ, հորդորում են ՔՊ-ին չընտրել, իրենց ընտրողին տեղամասեր տանելու մասին: Սեւակ Խաչատրյանը կարծում է, որ ձայնագրությունները, նախ, հնարավոր է՝ կեղծված են, երկրորդն էլ՝ եթե անգամ կեղծ չեն, ոչ մի հանցակազմ չեն պարունակում: 

«Ենթադրենք, իրենք են խոսում: Զանգել հարցնում է՝ տատիիդ տարե՞լ ես ընտրության, ասենք, իրար ընկերներ են, հորքուրի տղա են, էն մեկը քեռու տղային է զանգել: Եթե այդ մարդիկ իրար զանգել են, իրար հետ խոսում են, նշանակում է՝ իրար ծանոթ են, բարեկամ են, ընկեր են, մտերիմ են, անծանոթին չեն զանգում, ասում՝ գնա էսինչին ընտրի: Հարկադրանք չկա: Նիկոլականները ճիշտ կանեն՝ վերցնեն այդ օրերի իրենց տեսանյութերն ու ձայնագրությունները, տեսնեն, թե իրենք ինչ են անում այդ օրը: Էդ օրը ոստիկանության գվարդիա էին բերել մեր համայնք, նոր բան էին ներմուծել, թող նայեն՝ կարմիր բերետավորները, կապույտները, չգիտեմ՝ սեւերը, ինչ ճնշումների են ենթարկել մարդկանց, ոչ թե՝ որ մեկը զանգել է, հարցնում է՝ տատիիդ տարա՞ր ընտրության, թե՞ չտարար: Նշանակում է՝ որոշակի շտաբային աշխատանք է մինչ այդ եղել: 4 ամիս մարդիկ մեր ամբողջ թիմի հեռախոսներն ապօրինի գաղտնալսել են ու գտել են միայն դա, որ մեկը մյուսին ասում է՝ տատիիդ ընտրության տարա՞ր, թե՞ չէ: Այս որակի ձայնագրություն ամեն օր կարելի է ստանալ»,- ասում է Սեւակ Խաչատրյանը: Նա առաջարկում է ընդդիմադիր հայացք ունեցող բոլոր մարդկանց միանգամից կալանավորել: «Ընդդիմադիր հայացք ունենալը պետք է դարձնել քրեորեն պատժելի, որ ով հայտարարի՝ ես ընդդիմադիր եմ, ասեն՝ գնա, մի քիչ նստի, տեսնենք՝ ինչ ենք անում»:

- Ընտրությունները նոյեմբերին էին` անցել գնացել են, ինչո՞ւ են հանկարծ, ամիսներ անց հիշել անցած-գնացած դեպքերը: 

- Անցել-գնացել են, բայց 3 ամսից նոր ընտրություններ են: Նրանք տեսնում են, որ Վաղարշապատում կա ձեւավորված թիմ: Ընդամենը 3 ամիս առաջ ՔՊ-ն 10 հազար ձայն է ստացել այս համայնքում, եւ նրանք վտանգ են տեսնում Վաղարշապատից, փորձում են թիմին թուլացնել, պառակտում մտցնել, մարդկանց չեզոքացնել, տնային կալանքներով, այլ խափանման միջոցներով այնպես անել, որ մարդիկ չկարողանան իրենց ընդդիմադիր գործունեությունը վարել, կեցվածքը պահել․ բնականաբար, չի ստացվելու: Նախ, մեր թիմն է մեծ, չեն կարողանալու բոլորին մեկուսացնել, իսկ նրանց, ում մեկուսացրել են, տնային կալանք են տվել, նույնպես չեն կարողանալու լռեցնել: 

- Գլխավոր դատախազը գալիս է Արմավիր, հրահանգում է խստացնել քրեական քաղաքականությունը, ու նույն օրը Արմավիրում ընդդիմադիրների ձերբակալություններ են լինում: Այս երկու իրադարձությունները պատահակա՞ն են համընկել, թե՞ կապ եք տեսնում: 

- Այո, կարող է կապ ունենալ: Երեւի, դատախազների հաշվետվության մեջ առանձին գաղտնի կետ է եղել, թե այս տարի քանի ընդդիմադիր են կալանավորել: Թիվը դուրները չի եկել, ասել են՝ առավոտը մի 6 հոգու կալանավորեք, որ թիվը լրանա: Սա սարսափ տարածելու ձգտում է, իհարկե, բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվի: Մարդիկ ծիծաղում են: Այսօր ես քաղաքում բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, ում մոտենում են, ասում են՝ ախպեր, բա մեզ խի՞ չեն եկել բռել, դե տենց որ լինի, ինձ էլ կարող էին բռնել, եղբորս էլ: Ծիծաղելի է: Ասենք, հարեւաններով հանդիպում են, ման գալով գնում են ընտրության, մեկը մեկին ձայն է տալիս, ասում է՝ արի գնանք ընտրության: Էդ մարդուն կանչում ես, ասում ես՝ ինչո՞ւ ես հարեւանիդ ասել` արի գնանք ընտրության: Տեսել են, որ մեր թիմը մաքուր է, օրենքով է աշխատում, էսպիսի բաներ են մոգոնել: Բայց չի լինի մեզ ճնշել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image