Քաղաքականություն

Մինչ Փաշինյանը «կռվում է ներքին թշնամու» դեմ, Ալիեւը դրսում ամրապնդում է դիրքերը

Մինչ Փաշինյանը «կռվում է ներքին թշնամու» դեմ, Ալիեւը դրսում ամրապնդում է դիրքերը

Վաղուց գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, որոնք բյուրավոր աղետներ են բերել եւ շարունակում են բերել Հայաստանի ու Արցախի գլխին: Փաստերը բազում են, անհերքելի եւ, ցավոք` շարունակելի: Ընդունելով հանդերձ այս դառը ճշմարտությունը՝ փաստենք, սակայն, որ նույնիսկ միեւնույն քաղաքական ուղեգծի տրամաբանության մեջ ահռելի տարբերություն կա նույն Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ՝ առաջին հերթին արտաքին աշխարհի հետ հարաբերվելու, դիվանագիտության եւ երկրի շահերն առաջ մղելու առումով:

«Խաղաղության աղավնի» ներկայացող Փաշինյանն իրականում արտաքին աշխարհի համար մնում է անըմբռնելի` նրա խոսույթը, վարքը, քայլերը մինչեւ վերջ հասկանալի չեն: Նրան հիմնականում վերաբերվում են կարեկցանքով, որպես Արցախը հանձնած, պարտված կապիտուլյանտի, որը խաղաղության քարոզի եւ քողի տակ շարունակում է իրական թշնամուն հանձնել իր երկրի տարածքները, փոխարենը՝ կռիվ է տալիս իր կողմից հորինված «ներքին թշնամու» դեմ: Մինչ Նիկոլը մոլեռանդ պայքար է մղում իր ընդդիմախոսների` իրեն քննադատողների, Հայոց եկեղեցու, Վեհափառի, ՀԱԵ սրբազանների, նախկին նախագահների դեմ, այդ ամենն ուղեկցելով փողոցային հայհոյախոսությամբ, այլանդակ բառապաշարով, բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին 3 նախագահներին՝ հանրության ուշադրությունը հերթական անգամ շեղելով արտաքին մարտահրավերներից ու ցավոտ զիջումներից, նաեւ ՍՄԿԿ ոճով կուսակցական համագումարներ է հրավիրում, ներկուսակցական զտումներ է անում` 2026-ի ընտրություններին ընդառաջ, բռնապետական մուրճի ցուցադրական հնարքով «ծանուցում» է առաջիկա քաղաքական հետապնդումների մասին, մասնավոր սեփականություն է խլում, նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը ջանք չի խնայում՝ արտաքին աշխարհում իր դիրքերն ու հեղինակությունն ամրապնդելու համար՝ օգտվելով ցանկացած պատեհ առիթից ու հարթակից: Օրինակ, սեպտեմբերի 23-ին Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում մասնակցել է «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ եւ գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկմանը, որը կազմակերպել էր Դանիել Իոաննիսյանը:

Եվ չնայած Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Նիկոլն իրականում մեր երկիրը վերածել է բռնապետության՝ դառնալով ՀՀ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքը, բայց այս ֆորումի ժամանակ բոցաշունչ ելույթ է ունեցել:

Իսկ նույն օրը Ադրբեջանի նախագահը մեկնել է ՄԱԿ ԳՎ 80-րդ նստաշրջանի բարձր շաբաթվան մասնակցելու Նյու Յորքում, որտեղ հավաքվել են աշխարհի կարեւոր խաղացողներն ու համաշխարհային քարտեզի վրա կշիռ ունեցող պետությունների առաջնորդները: Որտեղ քննարկվում են այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսին գլոբալ խաղաղությունն է՝ Ուկրաինայից մինչեւ Գազա եւ Պակիստան: Որտեղ ճանաչում են Պաղեստին պետությունը, մի բան, որ չտեսանք Արցախի հարցում: Որտեղ վճռվում է Ռուսաստանի ճակատագիրը եւ այլն, եւ այլն: Հարցեր, որոնք փոխկապակցված աշխարհում չեն կարող չվերաբերվել նաեւ անվտանգային լուրջ սպառնալիքներ եւ մարտահրավերներ ունեցող Հայաստանին: Ալիեւը հասցրել է մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ Նյու Յորքում, ամրապնդել կապերը տարբեր երկրների հետ, ներդրումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել, թեկուզ ոտքի վրա՝ կարճ երկխոսություն ունենալ ԱՄՆ նախագահի հետ, շնորհակալություն հայտնել նրան ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի համար՝ կրկնելով, որ ԱՄՆ առաջնորդը հրաշք է գործել: Հերթական անգամ սիրաշահել է աշխարհի գերտերություններից մեկի ղեկավարին (ի դեպ, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Թրամփին շնորհակալություն է հայտնել նաեւ Էրդողանը՝ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության հաստատման ջանքերի համար), օգտագործել է առիթը՝ հարցազրույցներ տալու միջազգային առաջատար ԶԼՄ-ներին՝ վերաշարադրելով Բաքվի թեզերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, Թրամփի ուղու եւ այլնի համատեքստում: Այսինքն, Ալիեւը շարունակում է աշխարհին ներկայանալ իբրեւ հաղթանակած, կայացած, վստահելի եւ իրավահավասար առաջնորդ, գործընկեր:

Մինչդեռ Նյու Յորք ժամանելու հնարավորություններից օգտվելու եւ Հայաստանի միջազգային հեղինակությունը վերականգնելու փոխարեն Փաշինյանն ԱՄՆ է գործուղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, կարծես վերջինս է մեր «դիվանագիտության ճարտարապետն ու արտաքին քաղաքական դիմագիծը փրկողը»: ԱԳՆ-ից հայտնել են, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում կայացել է Միրզոյանի եւ նրա ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ըստ հաղորդագրության, նախարարներն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի արդյունքների հիման վրա մտքեր են փոխանակել՝ խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ, համաձայնել՝ շարունակել երկխոսությունը։ Ահա այն ամենը, ինչ ուներ պաշտոնական Երեւանն ասելու կամ պայմանավորվելու ԱՄՆ-ում:

Իսկ Ալիեւը հայտարարել է. «Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համատեղ հռչակագիր։ Այն հիմք դրեց «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» (TRIPP) ծրագրին, որը կապահովի անխոչընդոտ կապ Ադրբեջանի Հանրապետության մայրցամաքային մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ։ Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ այս ուղու արագ իրականացումն ապահովելու համար»: Ասել է թե՝ Ալիեւը շարունակում է ակտիվ խաղը «ներքին» եւ «արտաքին» ճակատներում, մի բան, որ մշտապես ձախողել է Փաշինյանը, եթե, իհարկե, երբեւէ նման բան ձեռնարկել է...

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image