Այլ

Ըստ Գալյանի՝ Փաշինյանը ոչ թե երկրի ղեկավար է, այլ սազը ձեռքին գուսան․․․

Ըստ Գալյանի՝ Փաշինյանը ոչ թե երկրի ղեկավար է, այլ սազը ձեռքին գուսան․․․

Նիկոլ Փաշինյանի «Կառավարությունը ես եմ» հայտարարությունը ոչ մի կերպ չի կարող արդարացվել որպես փոխաբերություն («մետաֆոր»), որը փորձում է անել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Այս հայտարարությունը բաց տեքստով  իշխանության մենաշնորհի արտահայտություն է։ Երբ երկրի առաջին դեմքը ասում է, որ ինքը ամբողջ կառավարությունն է, նա մերժում է Սահմանադրության կոլեգիալության սկզբունքը և իր խոսքի տակ դնում ավտորիտար երանգ։ Արդարադատության նախարարի փորձը՝ այս խոսքը ներկայացնել իբրև «գեղարվեստականություն», ոչ այլ ինչ է, եթե ոչ մանիպուլյացիա։ Եթե պաշտոնյաները սկսեն ժողովրդի հետ խոսել գրական պատկերներով, ապա ո՞վ է պատասխան տալու այդ «պատկերների» համար։ Քաղաքական դաշտը գրական բեմ չէ, որտեղ կարելի է արտահայտվել անպատասխանատու։ Այստեղ յուրաքանչյուր բառ ազդում է պետության հիմքերի վրա։ «Կառավարությունը ես եմ» արտահայտությունը ոչ թե հեգնական կամ պատկերավոր խոսք է, այլ ուղիղ խոսք է։ Եթե այն դիտարկվում է որպես փոխաբերություն, ապա պետությունը կորցնում է կառավարման հստակությունը, իսկ իշխանությունը՝ պատասխանատվությունը։

Հասարակությանը, առավել ևս լրագրողներին արդարադատության նախարարը չի կարող ասել՝  «մի՛ մանիպուլյացրեք», երբ իրականում հենց կառավարությունը կամ կառավարության մի մասն է՝ հանձինս Սրբուհու,  մանիպուլյացիայի ենթարկում իր ղեկավարի ուղիղ խոսքը։ Եթե վարչապետը ցանկացել է շեշտել իր դերը, պետք է ասեր՝ «Ես ղեկավարում եմ կառավարությունը» կամ  «Ես կառավարությունում որոշիչ դեր ունեմ»։ Դրանք հստակ քաղաքական ձևակերպումներ են։ Իսկ «Կառավարությունը ես եմ» խոսքը իր էությամբ արտահայտում է ամբողջ իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում։ Եթե պետական գործիչը թույլ է տալիս իրեն նման արտահայտություն, ապա նա պետք է կրի դրա քաղաքական պատասխանատվությունը, այլ ոչ թե այն հետագայում բացատրի որպես «գեղարվեստականություն»։ Քաղաքականությունը գրականություն չէ․ այստեղ բառերը որոշում են քաղաքական ընթացքը, ձևավորում են իրավական միջավայրը և ազդում մարդկանց ճակատագրերի վրա։ Քաղաքական գործիչների խոսքը չի կարելի գեղարվեստականացնել, քանի որ այն գործադրվում է օրենքի ու իշխանության իրականացման դաշտում, ոչ թե գրականության։ Եթե լուրջ ընդունենք Սրբուհի Գալյանի ասածը, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե թե երկրի ղեկավար, քաղաքական գործիչ է,  այլ սազը ձեռքին գուսան, ով փոխաբերության իմաստով անորոշ բաներ է հասկացնում իր «հարգելի, սիրելի ու հպարտ» քաղաքացիներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image