«Սասնա ծռեր»-ի անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթի հետ տեղի ունեցածը, ով կիրակի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպով պայմանավորված, բերման էր ենթարկվել, ապա՝ ձերբակալվել, իսկ երեկ ազատ է արձակվել, վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է հայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում։
Հիշեցնենք, որ Անգլիական այգում Դավիթը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին եւ նրա ուղղությամբ բացականչել․ «Պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար» եւ այլն, իսկ երբ ոստիկանները հարձակվել եւ ոլորել էին թեւերն ու ուժ կիրառելով պառկեցրել գետնին, բղավել էր՝ դավաճան, վիժվածք։
Մի կողմ թողնելով անձերին եւ մյուս բաղադրիչները՝ անդադառնանք մի կարեւոր խնդրի։ Նախ՝ ճիշտ են բոլոր նրանք, ովքեր այս միջադեպը համարում են շատ վատ նախադեպ, որովհետեւ նման մեթոդներով որեւէ իշխանություն որեւէ երկրում ոչնչի հասնել չի կարող։ Սա այն աքսիոմատիկ ճշմարտություններից է, որ ցանկացած երկրում, ցանկացած իշխանություն պետք է ականջին օղ անի ու միշտ հիշի։ Նույնիսկ եթե տվյալ պահին կամ կարճաժամկետ հեռանկարում հաջողություն ունենա եւ ուժային մեթոդներով կարողանա լռեցնել իրենց ուղղված քննադատությունն ու հանրային ցասումը, միեւնույն է՝ ցանկացած այսօրինակ դեպք ավելացնում է հավանականությունը, որ պատմությունը նման իշխանության ճակատին բռնապետականի աղվեսադրոշմ է դնելու․․․ իսկ պատմության դատավճիռն ամենից դաժանն է ու անբեկանելին։
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, քաղում է այն ամենի պտուղները, ինչն ինքն է ցանել։ Հարցը միայն 44-օրյա պատերազմի, դրա ոչ հայանպաստ արդյունքների կամ հաջորդած դեպքերի մասին չէ, որ շարունակվում է մինչ այսօր։ Հարցն ավելի խորն է։
Երբ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ներկայացնում էր պետության ղեկավարի կեցավայրը, ներառյալ նաեւ զուգարաններն ու լողասենյակները, պետության ղեկավարի աշխատասենյակը, գրասեղանի պարունակությունը, եւ այսպես շարունակ, երեւի չէր էլ մտածում, որ վատ բան է անում, որն ունի հստակ անվանում եւ սահմանում՝ իշխանության դեսակրալիզացիա։ Դա այն է, երբ իշխանությունը, որպես սակրալ հեղինակություն, արժեզրկվում է, դառնում «ոտքի կոխան» ցանկացած մարդու համար։ Դա վատ երեւույթ է, որը ցանկացած երկրում կարող է քաոս սերմանել։ Հայաստանում այդ՝ իշխանության դեսակրալիզացիան Փաշինյանի ու, ինչու չէ՝ նաեւ նրա թիմակիցների կողմից իրականացվեց, ինչպես ասում են, ցմրուր։ Դա իրականացվեց այն պահին, երբ ԱԺ եւ ՀՀ նախագահական նստավայրերի դարպասները բացվեցին, թե սրանք ժողովրդին են պատկանում, եւ նրանք պետք է անարգել ներսուդուրս անեն։ Դա իրականացվեց այն պահին, երբ կառավարության շենք մտնող մարդկանց մասին ասաց՝ իրենց դուռն է, կարող են քացով խփել, մտնել։ Դա տեղի ունեցավ, երբ ՀՀ վարչապետը կոչ արեց բոլորին՝ գնալ ԱԺ այգի եւ ճնշում գործադրել պատգամավորների վրա, որ նրանք այսինչ օրենքը չընդունեն, եւ ինքը լուծարի Ազգային ժողովն ու գնա նոր ընտրությունների։ Դա տեղի ունեցավ այն պահին, երբ վարչապետը կոչ արեց փակել դատարանների դռները, քանի որ իր համար տհաճ որոշում էր դատարանը կայացրել։ Եվ հիմա Փաշինյանն անձամբ է քաղում իր ցանածի պտուղները։ Այդ բոլոր քայլերն այդքան կործանարար չէին լինի, եթե հանրության աչքի առաջ շատ կարճ ժամանակում այդ դարպասները նորից չփակվեին, ՀՀ վարչապետը չդառնար անհասանելի ժողովրդի համար, իրեն չշրջապատեր աննախադեպ քանակի թիկնազորով ու ոստիկաններով։ Եթե ինքը չվերածվեր այն «հրեշին» եւ անգամ չգերազանցեր այդ «հրեշին», որին մերժելու համար եկել էր իշխանության։
Ուստի այն, ինչ տեղի է ունենում այսօր, ոչ միայն 44-օրյա պատերազմի հետեւանքներով պայմանավորված մարդկանց բնական ռեակցիան է, այլ նաեւ հետեւանք «իշխանության դեսակրալիզացիայի։ Ի դեպ, նույն բանը եղել է նաեւ Ռուսաստանում՝ 1917 թվականից հետո, երբ ժողովրդի իշխանությունը դանդաղորեն վերածվեց ստալինյան բռնապետության, եւ երկիրը թաղվեց ռեպրեսիաների, կոռուպցիայի եւ անարդարության ճահճի մեջ։