Մշակույթ

«Հրապարակ». Ինքն ո՞վ է` Պողոս առաքյա՞լը, թե՞ Պողոսների առաքյալը

«Հրապարակ». Ինքն ո՞վ է` Պողոս առաքյա՞լը, թե՞ Պողոսների առաքյալը

Հարցազրույց բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանի հետ

- Իշխանությունը մեկ ամսից ավելի, ի դեմս երկրի վարչապետի, աննախադեպ գործողություններ է սկսել Եկեղեցու, հոգեւորականության եւ անձամբ Վեհափառի դեմ` քաղաքացիներին հորդորելով շրջափակել Վեհարանը, պահանջել կաթողիկոսի հրաժարականն ու կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպել, մյուս կողմից էլ խուզարկություններ է իրականացնում, կալանավորում է Բագրատ եւ Միքայել սրբազաններին, Սամվել Կարապետյանին եւ այլ ընդդիմադիր գործիչների: Այս իրավիճակին ի՞նչ անուն կտաք, եւ ո՞րն է այս ամենի նպատակը:

- Մի քանի տարի առաջ մի հոդված տպագրեցի, որտեղ ասում էի, որ մոտենում է 37 թվի 100-ամյակը, հիմա կարող եմ ասել, որ մի քիչ շուտ են մոտեցնում այդ 100-ամյակը, ավելին` կարող ենք ասել, որ ռեպրեսիաների նոր փուլը սկսվել է: Ու քանի որ տեսնում է՝ ոչ մի հենարան չկա իր համար, ժողովրդի ատելությունն արդեն հասել է բարձրակետին, մնացել է միայնակ իր խմբակի հետ, որոնք ինչ-ինչ շահերից ելնելով են իր կողքին, իսկ իրականում սպասարկում են Ադրբեջանի շահերը, բայց եթե շատ են սիրում Ադրբեջանը, թող գնան՝ Ադրբեջանում էլ բնակվեն՝ ե՛ւ իրենց համար լավ կլինի, ե՛ւ ադրբեջանցիների: Մեր խեղճ ժողովրդից ի՞նչ են ուզում, ամեն ինչ տարել են մեր ժողովրդից` հույսը, հավատը, հիմա էլ սերն են տանում: Այսինքն՝ Եկեղեցին էլ են ուզում խլել ժողովրդից:

- Ինչո՞ւ հենց Եկեղեցին, այն էլ՝ այս փուլում եւ իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական իրավիճակն այսքան անկայուն է թե՛ տարածաշրջանում, թե՛ մեր սահմաններին: Ավելին` նախօրեին Փաշինյանը հայտարարեց, որ Եկեղեցու դեմ ինքն է առաջնորդելու այդ ազատագրումը:

- Ինքն ունի իր խորհրդականները տարբեր ոլորտներում, պարզվում է` հոգեւոր ոլորտում իր խորհրդականը Փաշազադեն է, ու եթե Փաշազադեն ասել է, որ նոր կաթողիկոս պետք է լինի, չէ՞ որ ցանկանում են 300 հազար ադրբեջանցիների բերել բնակեցնել Հայաստանում, ուրեմն այնպիսի կաթողիկոս պետք է լինի, որը նաեւ նրանց կաթողիկոսն ու հոգեւոր առաջնորդը լինի: Դրա համար որպես թիրախ ընտրեց այն սրբազաններին, ովքեր ավելի ընդդիմախոս էին` Բագրատ եւ Միքայել սրբազաններին, ովքեր, գիտեք, թե ինչ բարձր մակարդակի հոգեւորականներ են, նաեւ՝ մարդ ու հայ: Դրա համար իրենցից փորձում է ազատվել, որպեսզի Փաշազադեի խորհուրդը, ծրագիրը կատարի, իսկ 300 հազարին բերելու է մինչեւ ընտրությունները, որպեսզի իրեն ընտրողների քանակն ավելացնի։ Ինքը գիտի, որ չունի ընտրազանգված, ի վերջո՝ այդքան չհայեր չկան Հայաստանում, որ ինքն անցնի, իսկ ընտրազանգված ինչպես կարելի է ստեղծել` միայն դրսից, որովհետեւ միայն ադրբեջանցիները կարող են իրեն ձայն տալ: Դրանից հետո հաջորդ քայլը լինելու է վերջնական կապիտուլյացիան, իսկ դրա համար պետք է նաեւ բոլոր ուժերը ջլատեն: Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը եւ մյուսները․ որովհետեւ հայրենասեր են, այս երկրի համար շատ բան են արել: Ես երկրաշարժ տեսած մարդ եմ, ու երբ երկրաշարժը եղավ, ամենաբարձրը հարվածեց կենտրոնին, չէ՞, հետո նոր ալիքներով տարածվել էր։ Հիմա նույնը՝ այստեղ, ինքը նախ կենտրոնին է խփում, հետո անցնում է 2-րդ, 3-րդ շերտերին, ու այսպես ռեպրեսիաները շարունակվելու են, մինչեւ ամբողջովին հայ ազգն ամորձատի: Իսկ հիմա ողջ հայ ազգի էպիկենտրոնը Հայ առաքելական եկեղեցին է: 

- Թե՛ Բագրատ սրբազանի, թե՛ Միքայել սրբազանի դեպքում մեղադրանքը նույնն է` հեղաշրջման մտադրություն եւ կոչ: Մինչդեռ, փաստերն այնքան էլ համոզիչ չեն թե՛ ձայնագրությունների մասով, որոնք չեն ներկայացվել դատարան, եւ թե՛ դրանց վաղեմության հարցով: Այս առումով, նրանց ձերբակալելու նպատակը ո՞րն էր:

- Ամբողջը սարքված է, իրեն հատուկ ձեւով սարքված, որովհետեւ ինքը բանսարկու է եւ կարողանում է բանից բան սարքել եւ մի քիչ տատանվող խավին հավատացնել, բայց իրեն ո՞վ է հավատում: Ես Բագրատ սրբազանի բոլոր միտինգներին մասնակցել եմ, ու եթե նա ցանկություն ունենար հեղաշրջման փորձ անել, էն 70 հազարանոց միտինգի ժամանակ դա կաներ։ Նրա դեմքից միայն բարություն է կաթում, այդպիսի մարդը ո՞նց կարող է հեղաշրջում նախապատրաստել կամ զենք հավաքել, նրա զենքն իր բարի խոսքն է, եւ իր բարի խոսքով կարողանում է համոզել մարդկանց ու իր հետեւից տանել, քիչ բան չէ` 70 հազար մարդ իր հետեւից էր գնում: Իսկ Միքայել սրբազանին ես անձամբ եմ ճանաչում, իր հայրենասիրական ոգին լավ գիտեմ, եւ ինչ ասում են այս մարդկանց մասին, բոլորը շինծու են: Սամվել Կարապետյանի դեպքում էլ ի՞նչ արեցին, սարքում են մի բան, փորձում են դրանով չեզոքացնել իրեն ու տակից դուրս գալ, բայց դրա տակից դուրս գալ է պետք: Ես կարծում եմ` ոտքներին են գցելու, չեն կարողանալու դա անել: Իսկ ի՞նչ էր արել Սամվել Կարապետյանը, ընդամենը կանգնել էր Եկեղեցու կողքին, ինչը նրանց դուրը չեկավ։ Հիմա եթե մեկ ուրիշը ելնի ի պաշտպանություն Եկեղեցու, դրա համար էլ մի բան կմոգոնեն ու նորից կձերբակալեն: Դրա համար եմ ասում` 37 թիվն է կարծես, երբ բոլոր ազգային ուժերին ձերբակալում էին, հիշենք մեր մտավորականությանը, Բակունցին, Չարենցին, որոնց կարողացան չեզոքացնել, հետո արդեն մնացածի հետ հեշտ էր: Ուղղակի, ի տարբերություն 37-ի, երբ այդ ռեպրեսիաներն անում էր մեկը, որը պատերազմ էր հաղթել, ու այստեղ ռեպրեսիաներ է անում պարտված մեկը, սա ավելի վտանգավոր է:

- Շատերը վարչապետի ելույթների հետեւում տեսնում են քաղաքացիական բախումներ հրահրելու փորձեր, կոչեր: Ի՞նչ սպասել:

- Ինքը ե՞րբ բախումներ չի հրահրել, հենց պարտվել է, բախումներ է հրահրել, հիմա պարտության վախ կա, եւ նորից բախում է հրահրելու: Հիշեք մարտի 1-ը, ո՞վ էր հրահրողը, սա որպես հռետորական հարց եմ տալիս, թող մարդիկ որոշեն՝ ով էր հրահրողը: Այդ ինչպե՞ս եղավ, որ 2018-ին իրեն կարելի եղավ անել այդ հեղաշրջումը, ոչ` հեղափոխությունը, իսկ մյուսներին ոչինչ չի կարելի, բայց դա էլ թողնենք։ Ես կարդացի, որ ինքը գրել էր, թե իբր մեր կաթողիկոսը, լեզուս էլ չի պտտվում ասել` հակաքրիստոսն է: Եթե մեր կաթողիկոսը հակաքրիստոսն է, ինքն ո՞վ է, գուցե Պողոս առաքյալն է, թե՞ Պողոսների առաքյալը: Ի՞նչ է իր ուզածը` կաթողիկոսարանը միացնեն կառավարությա՞նը, ինքը համատեղ լինի այդ 2 կառույցներին ղեկավա՞ր: Ի՞նչ է նշանակում` առաջնորդելու եմ ազատագրումը:

- Այս իրավիճակում ո՞րն է ժողովրդի անելիքը, եւ ի՞նչ ելք եք տեսնում:

- Համախմբվել ու էլի համախմբվել, ուրիշ ճանապարհ չկա, ովքեր իրենց չեզոք են պահում եւ իրենց բազմոցներին նստած ասում են` սա է..., ճիշտ չեն անում: Նախ՝ ընդդիմությունը պետք է միասնական լինի, այս իրավիճակում այսքան պառակտված չի կարելի լինել, հիմա թե անցյալում ինչ է եղել, ով է սրան բերել, հնարավոր չէ՞ դրա վրա խաչ քաշել ու մի կողմ դնել, ստեղծված իրավիճակում պետք է միավորվեն բոլոր ուժերը` ընդդիմության բոլոր թեւերը, հոգեւոր ուժերը, նոր ձեւավորվող ուժերը, միավորվել եւ փորձել այս աղետի դեմն առնել, որովհետեւ ես չեմ ուզում ապրել թուրքական, մուսուլմանական Հայաստանում, այլ միայն Հայաստանի Հանրապետությունում։ Սա իմ քաղաքացիական իրավունքն է, որի վրա ոչ ոք չի կարող բռնանալ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image