Մշակույթ

Նոր պատմական ֆիլմ, որն էկրան կբարձրանա հաջորդ տարի

Նոր պատմական ֆիլմ, որն էկրան կբարձրանա հաջորդ տարի

Մեկնարկել են ռուսական նոր, ծավալուն պատմական ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Այն կոչվում է «Երեք լար»։ Սյուժեի համաձայն, երիտասարդ վիրտուոզ ջութակահար Վասիլի Անդրեեւին փայլուն ապագա է սպասվում պալատական սիմֆոնիկ նվագախմբում։ Սակայն երբ նրա ձեռքին հայտնվում է հնօրյա մի բալալայկա, հերոսի կյանքը կտրուկ փոխվում է։ Նա սկսում է երազել այդ ժողովրդական հին նվագարանը համերգային գործիք, իսկ ռուսական ժողովրդական երաժշտությունը՝ համաշխարհային մշակույթի գանձ դարձնելու մասին։ Իր երազանքն իրականացնելու համար, Վասիլի Անդրեեւը պետք է բազմաթիվ փորձություններ հաղթահարի, նաեւ՝ կարողանա չկամների բանակին հաղթել։ «Սա զարմանալի պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ երաժշտի երազանքը կարող է փոխել ժողովրդական նվագարանի ճակատագիրը։ Նրա շնորհիվ ռուսական մշակույթը նոր ձայն է ստանում՝ ճանաչելի դառնալով ողջ աշխարհում»,- նշել է ռեժիսոր եւ պրոդյուսեր Օլգա Ակատեւան։

«Երեք լարը» պատմական երաժշտական ֆանտազիա է՝ համեմված կենսապատմական կինոժանրի տարրերով։ Ինչպես նշում են ֆիլմը ստեղծողները, ժանրը թույլ է տալիս միավորել իրական դեպքերը եւ հորինվածքը։ Իրական դեպքերը բալալայկայի կատարելագործումն է, Մեծ ռուսական նվագախմբի ստեղծումը, արտասահմանյան համերգային հաղթանակը։ Հորինվածքը ռոմանտիկ գիծն ու արկածներն են։ Գլխավոր հերոս Վասիլի Անդրեեւի կերպարը մարմնավորել է Օլեգ Կոչետկովը։ Հանդես են եկել նաեւ Նելլի Խապերսկոյը, Ռոման Վասիլեւը եւ այլք։ Ռոման Վասիլեւը, որը հանդես է գալու իտալացի վիրտուոզ ջութակահար Անտոնիո Պասկերոնեի դերում, սովորել է ջութակ նվագել՝ կերպարը մարմնավորելու համար, իսկ գլխավոր հերոսին մարմնավորած Օլեգ Կոչետկովը ոչ միայն ջութակ նվագել է սովորել, այլ նաեւ՝ բալալայկա։ Մեկնարկած նկարահանումներն ընթանալու են Մոսկվայի եւ Մերձմոսկովյան մարզի պատմական լոկացիաներում։ Հետո արդեն՝ Սանկտ Պետերբուրգում եւ Լենինգրադի մարզում։ Ֆիլմը նկարահանվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, էկրան կբարձրանա 2026 թվականին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image