Փետրվարի 7-ի երեկոյան «Իմ քայլի» անունից հայտարարություն տարածվեց, համաձայն որի՝ այդ օրն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել իր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու նրան աջակցություն հայտնել։
«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում», - նշված էր հրապարակման մեջ։
«Հրապարակ» թերթը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ մեկնաբանություն ունի «իմքայլականների» այն մտքի հետ, թե «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։
«Մի բան միանշանակ է, որ հասարակության զգալի շերտերը և քաղաքական-հանրային դաշտը նոր ընտրությունների պահանջ ունեն։ Երկրորդը, Հայաստանում քաղաքական ու պետական ճգնաժամը պատերազմից հետո ոչ միայն չի հանգուցալուծում, այլ ավելի խորանում է։ Հետևաբար դրա հանգուցալուծման և դրա ելքի միակ ճանապարհը իշխանափոխությունն է։ Իշխանափոխությունը ենթադրում է նոր ընտրություններ և նոր թիմի ի հայտ գալ։ Այսինքն՝ կոնսենսուս այն առումով, որ Հայաստանում պետք է իշխանությունները փոխվեն, կարծես, կա։ Բայց խնդիրն այն է, որ հայ հասարակությունը և մեր ստեղծած քաղաքական համակարգը միտված են անձի։ Իսկ երկրորդ անձը, որ կփոխարինի Նիկոլ Փաշինյանին, դեռևս չի ձևավորվել հանրային կոնսենսուսի կամ ամենակարևորը՝ քաղաքական կոնսենսուսի պարագայում։ Ուստի այստեղ ամբողջ հանգուցալուծումը կարող է այն լինել, երբ ձևավորվի նոր բևեռ։ Որովհետև նախորդ երկու բևեռները (իսկ այդ բևեռները նաև Նիկոլ Փաշինյանի աննման ջանքերով դարձան ինքը և նոր բևեռում փաստորեն Ռոբերտ Քոչարյանը), Վազգեն Մանուկյանին էլ դուրս մղեցին։ Ավելի հեշտ էր պայքարել կամ համեմատվել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այսինքն՝ մենք ունենք երկու հին գետ (Նիկոլ Փաշինյանը ևս այդ հին գետերից մեկն է), որոնք, ի դեպ, իրար շատ նման են», - նշեց քաղաքական գործիչը։
Նրա խոսքերով՝ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը չէր ուզում հեռանալ իշխանությունից, դիմադրեց մինչև վերջ և տեղի ունեցավ «Մարտի 1»-ը։
«Ի դեպ, այդ «Մարտի 1»-ն էլ կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի կայացման գագաթնակետը։ Եվ դրա շահաբաժիններով էլ ինքը ղեկավարեց իշխանությունը և մարդկանց համոզեց, թե գալիս է բերելու «Նոր Հայաստան»։ Այսինքն՝ ծագումնաբանորեն և մեթոդաբանորեն, գիտե՞ք, նրանք շատ նման են։ Հիմա բնականաբար «սեպը սեպով է դուրս գալիս» սկզբունքը չի գործում, ուստի պետք է ձևավորվի այն երրորդ բևեռը։ Եվ գուցե դա իսկապես կլինի ոչ թե անձի մերժում, ինչպես սովորաբար արել ենք, այսինքն՝ մերժել «Ա»-ին, մերժել «Բ»-ին, որ պետք է «մերժել Նիկոլին», կարծում եմ, մեծ մասը չի երկմտում այդ խնդրում։ Բայց ումո՞վ մերժել և ինչպե՞ս անել, որպեսզի երկիրը դուրս գա ճգնաժամից։ Մենք արդեն կորցնում ենք մեր ինքնիշխանությունը և դառնում ենք արտաքին, դրսի ուժերի խամաճիկ։ Հիմա խնդիրը նոր բևեռի ձևավորումն է։ Բևեռ, որը կլինի «գաղափարաբանություն գումարած առաջնորդ»», - շարունակեց նա։
Հարցին՝ «հիմա ինչպե՞ս եք պատկերացնում այդ բևեռի ձևավորումը, և, ի վերջո, ինչո՞ւ հրաժարվեցին ընտրություններից», Դիլբարյանը պատասխանեց.
«Որովհետև իրենք ունեն ինքնապաշտպանական հզոր բնազդ։ Եվ Նիկոլ Փաշինյանը գիտե, որ չի կարող անցնել որևէ ընտրություններում։ Եվ ինքը հրաշալի գիտե, որ չի կարող կեղծել ընտրությունները։ Ինքը կարող էր այսպիսի պատերազմ անցկացներ, բայց ընտրությունները կեղծել չի կարող։ Նիկոլ Փաշինյանի շահերից բոլորովին չի բխում նոր ընտրություններ կատարելը։ Եվ կարծում եմ, այն ժամանակ, երբ ինքը հայտարարեց [արտահերթ ընտրություններ կազմակերպելու մտադրության մասին], պարզապես վախեցավ ճնշումից։ Եվ այն ժամանակ իսկապես ճնշում կար։ Բայց հետո ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր այդ կայացած բևեռի (որը Վազգեն Մանուկյանին առաջարկեց վարչապետ) ներսում չկա համաձայնություն։ Վազգեն Մանուկյանի այդ հրապարակային առաջին հանրահավաքից հետո Քոչարյանը մտավ, հարցազրույց տվեց և ցուցադրեց, որ ինքն է եկողը։ Եվ դա վանեց, գիտե՞ք, և՛ քաղաքական, և՛ հանրային մի վիթխարի շերտ»։
Հարցերին, թե ինչպե՞ս է տեսնում իրավիճակի հանգուցալուծումը, ի՞նչ պետք է արվի, պե՞տք է թողնել 2023 թվականի ընտրություններին, պատասխանեց, որ ոչ, չի կարող շարունակվել մինչև 2023 թվական։ «Դուք երևի նկատում եք, որ դրսի ուժերը ևս շտապում են։ Այսինքն՝ Հայաստանում քաղաքական այնպիսի ուժի որոնում կա, որը կարող է այդ փոխհամաձայնությանը հանգեցնել և՛ հայկական շահը, և՛ ռուսական հետաքրքրությունները, որոնք հիմա դարձել են գերիշխող։ Եվ նաև ոչ այնքան հզոր, բայց ի վերջո էական դերակատարում ունեցող ժողովրդավարական թևը, որը գտնում է, որ Հայաստանում պետք է ներկայացված լինեն նաև Արևմտյան արժեքները։ Այս ուժերի միջև կայացած փոխըմբռնումը, ես կարծում եմ, երկար չի տևի։ Եվ ընտրությունները հեռվում չեն։ Իսկ ընտրություններն ամենից առաջ օրենսդրական փոփոխություններն են։ Այս խնդրում կարող է դերակատարում ունենալ նաև Սահմանադրության փոփոխությունը։ Այսինքն՝ այս Ազգային ժողովը որքան էլ համարվի Նիկոլ Փաշինյանի հենարանը, նրա ուսապարկերի ժողովածուն, իրականում ինքը [Փաշինյանը] խնդիր ունի լուծելու»,- եզրափակեց «Ժառանգության» նախագահը։
Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իշխանությունները խուսափեցին արտահերթ ընտրություններից և այսպիսի հայտարարություն արեցին։
«Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող ուժը և փողոցում նրանց հակադրվող Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Դաշնակցությունը»՝ այդ բոլորը, բավարար ռեսուրս չունեն ընտրություններում բավարար արդյունք գրանցելու համար։ Եվ ըստ էության, իշխող կուսակցության ուղերձը հետևյալն է՝ (այդ խորհրդարանական ուժերը և նախկին քրեական ռեժիմի հենարան հանդիսացող կուսակցությունները) «այդ կուսակցություններն ունեն բարձր բացասական ռեյտինգ և ռեսուրս չունեն ընտրվելու, ապա ո՞ւմ է հարկավոր այսօր այդպիսի ընտրությունը»։ Այդ հայտարարությամբ, ըստ էության, փորձում են անտեսել արտախորհրդարանական մյուս կուսակցություններին և ամբողջ այդ հատվածը դիտարկում են որպես վտանգավոր։ Որովհետև պարզ է, որ խորհրդարանական հատվածում այսպիսի թույլ վիճակ է, ապա բնական է, որ ընտրողը, քաղաքացին նոր ուժերին է քվեն տալու, որոնք որ ո՛չ այս իշխանությանն են փոխկապակցված, ո՛չ էլ քրեական ռեժիմի հետ են փոխկապակցված։ Այսպիսի ուժերն այսօր գտնվում են արտախորհրդարանական տիրույթում։ Իմ կարծիքով՝ պրակտիկորեն, պրագմատիկորեն հետաձգվում են արտահերթ ընտրությունները, որոնք որ, իմ կարծիքով, անխուսափելի լինելու են։ [Հայտարարությունը] Այն հաշվարկի մեջ է, որ սոցիալական հարցումները ցույց են տալիս թույլ վիճակն իրենց աջակցության»,- պարզաբանեց Ղուկասյանը։
Ճշգրտող հարցերին, թե հերթը չի՞ հասնի հերթական ընտրություններին և, ի վերջո, արտահերթ կլինի՞, քաղաքական գործիչը պատասխանեց, որ համոզված է դրանում։ «Արտահերթ ընտրություններն անխուսափելի են, դա իրականում հանրային պահանջ է։ Եվ կարծում եմ, որ կառավարությունը և իշխող քաղաքական ուժն առերեսվելու են այդ խնդրի հետ։ Այսօր իրենց փրկում է այն հանգամանքը, որ փողոց դուրս եկած այդ վերանշված կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հանրապետականը» և «Դաշնակցությունը», հանրային աջակցություն չունեն, և իրենց բողոքը լայն աջակցություն չի ստանում։ Դա չի նշանակում, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա, և դա չի նշանակում, որ մեր ժողովուրդը հանդուրժում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և իշխող ուժին»,- ընդգծեց կուսակցապետը։
Ըստ նրա՝ սա հայկական կողմի պարտության համար պատասխանատվություն կրող կառավարություն է, և բոլորը հասկանում են, որ այդ կառավարությունը պետք է հեռանա։ «Պարզապես մարդիկ չեն ուզում, որ ռևանշիստական ուժերը հետ վերադառնան։ Այ ուժերը, որոնք տարիներ շարունակ Հայաստանում ղեկավարել են, կոռուպցիոն ռեժիմ էին հաստատել և այլն։ Բնական է, ողջամիտ է, որ հանրությունը նման շրջադարձ, նման վերադարձ անցյալին չի ուզում։ Եվ այսօր մեր ժողովուրդն ուզում է գնալ առաջ։ Եվ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված քաղաքական միավորները, թե՛ Նիկոլ Փաշինյանն իր համակիրներով մեր ժողովրդի համար անցյալ են։ Դրանք մերժված քաղաքական միավորներ են, որոնց որ ժողովուրդը չի ցանկանում տեսնել իշխանության մեջ։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում էր խաղարկել մի իրավիճակ, որ մարդիկ դրվեն ընտրության առջև՝ վատ և ավելի վատի միջև։ Եվ հուսով էին, այդ դասավորության միջև ինչ-որ արդյունք ստանալ, բայց տեսան, որ դա էլ իրենց որևէ հնարավորություն չի տալու լիարժեք տիրապետել իրավիճակին։ Հասկանում են, որ ընտրությունները կեղծելու իրենց ընտրությունն արդյունք չի տա, բախումների կբերի, սոցիալական պայթյուն կարող է առաջացնել։ Եվ այս հայտարարությունը [«Իմ քայլի» հայտարարությունը] պայմանավորված է այդ բոլոր փաստարկներով։ Հիմա իրենք վերարտադրվելու հնարավորություն չունեն, այդ «սև-սպիտակ» դրությունը չկա, և՛ իրենք են սև՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները, և՛ նախորդներին են սև, և այդ մթության մեջ իրենք «որևէ ձուկ բռնել» չեն կարող», - եզրափակեց Հայ կառուցողական կուսակցության ղեկավարը։