Տարիներ առաջ համացանցում մի խոսք կարդացի. «Որքա՜ն խելացի մարդկանց կհանդիպեի դժոխքում»։ Հեղինակն իռլանդական ծագմամբ անգլիացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն է: Դա ասվել է անգլիկանական եկեղեցու ղեկավարներից մեկին, երբ վերջինս նրան հայտնել է, թե՝ մահվանից հետո Շոուի հոգին ընկնելու է դժոխք: Չգիտեմ, թե որտեղ է գտնվում այժմ այն, բայց հաստատ մի բնորոշիչ բան կարող եմ ասել հայաստանյան իրականության մասին․ գրագետ, հայրենասեր ու ակտիվ մարդկանց տեղը ոչ թե իրենց օջախում է՝ հարազատներով շրջապատված, այլ՝ կալանավայրում, ու այն էլ, չգիտես իրեն ում տեղը դրած, մեկ անձի հրահանգով:
Այո, մեկ անձի, ու այդ մեկ անձը վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է, որը 2018-ի գարնանը երկրային դրախտ էր խոստանում հայաստանցիներին, բայց մեր երկիրը վերածեց դժոխքի, որտեղ նորմալ մարդիկ կարող են զարմանալ, թե իրենք ինչու են դեռեւս գտնվում ազատության մեջ:
Ուրիշ ինչպե՞ս կարելի է ընկալել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանի արտահայտությունը. «Ուզում եմ ձեզ ուրախացնել, որ ես հարցաքննվել եմ, բայց ուզում եմ նաեւ ձեզ տխրեցնել, որ մինչեւ հիմա ազատության մեջ եմ, բայց կարող եմ եւս մի անգամ ձեզ ուրախացնել, որովհետեւ համոզված չեմ, որ շատ երկար ժամանակ կլինեմ ազատության մեջ»։ Եվ նման բանը ցավով ասում է «ժողովրդավարության բաստիոնում» ժողովրդից առաջնային մանդատ ստացած պատգամավորը:
Չէ, ի տարբերություն Բեռնարդ Շոուի, դաշնակցական պատգամավորը չի երազում ընկնել կալանավայր, որովհետեւ ոչ մի ադեկվատ անձ նման բան չէր երազի: Նույնիսկ ռուսաստանյան «օրենքով գողերը», որոնց գիտակից կյանքի մեծ մասը երբեմն անցնում է նման վայրերում, հաճախ փորձում են փախչել այդտեղից, ուր մնաց, թե նման բան ցանկանար գրագետ, հայրենասեր անձը: Բայց նա շատերից լավ գիտի, որ Հայաստանում ժողովրդավարության անվան տակ հաստատվել է բռնապետություն: Որ իշխանության ներկայացուցիչները՝ իրենց գլխավորի թամադայությամբ, կարող են ամեն ինչ անել, նույնիսկ՝ թքել մարդկանց վրա, հրապարակավ սպառնալ, ծեծի ենթարկել, ու նրանց նկատմամբ ոչինչ չի ձեռնարկվի: Իսկ եթե ընդդիմադիր որեւէ գործիչ անի Նիկոլի կամ նրա ենթակաների արածի մեկ տասնորդական չափի որեւէ բան կամ ասի որեւէ խոսք, չի կարող չհայտնվել կալանավայրում:
Իհարկե, նախկիններն Աստծո գառ չէին, եւ «բեսպրեդել» հասկացությունը ծագել է նրանց օրոք: Բայց ողջ խնդիրն այն է, որ հենց այդ պատճառով ժողովուրդը մերժեց Սերժին ու իր գլխին դրեց Նիկոլին: Բայց դա արեց ոչ թե նրա համար, որ Նիկոլը կրկներ նախկինների արածն ու ասածը, այլ՝ որպեսզի այդ ամենը վերացվեր: Բայց պարզվեց, որ ժողովրդի աջակցությունը վայելող Նիկոլը վերածվեց նույն այդ ժողովրդի թշնամու: Մարտի 1-ի ընդդիմադիր Նիկոլը վերածվեց հունիսի 12-ի բռնապետի՝ ժողովրդի աջակցությունը փոխարինելով ոստիկանության ծառայությամբ, ժամանակին փողոցում ազատ քայլող ղեկավարը՝ բազմաթիվ թիկնապահներով պահպանվողի: Մարդ, որն իր անձի անվտանգությունը վերածել է ազգային անվտանգության գործոնի: