«Արևմտյան Նեղոս»-ի տենդով հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 58-ի, հոսպիտալացված են 41-ը, 4-ի վիճակը ծանր է։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ «Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել, այլ մահվան դեպքեր չեն գրանցվել։ Մահացածը 1938թ-ին ծնված տղամարդ էր, նա ուներ մի շարք քրոնիկ հիվանդություններ»,-ասել է Աթոյանը։
Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ: Առողջ մարդկանց մոտ վարակն աննկատ է անցնում, քրոնիկ և ծանր հիվանդություն ունեցողներն են թիրախում: «Հատուկ դեղամիջոց այս հիվանդության համար չկա, իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը։ Հիվանդությունը, ինչպես բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները, ունի սեզոնայնություն։ Քանի որ պայմանավորված է փոխանցող մոծակով, հիմնական սեզոնը հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածն է, բայց առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ամիսներին»,-ասել է Աթոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ի հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, բայց դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում` 440 դեպք, ԱՄՆ-ում` 230, Արևելյան Եվրոպայում` 69 դեպք։ Վերջին օրերին այս ամենին զուգահեռ նաև խոսվում է Կապիկի ծաղիկ անվանումով հիվանդության մասին:
Մեր հանրությունը քովիդից հետո առհասարակ բավականին զգայուն է դարձել համաճարակային թեմաներով: Քովիդ 19-ից հետո մարդիկ բավականին վախեցած են, վախը շատ հաճախ արտահայտվում է խուճապային տրամադրություններով: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «Արևմտյան Նեղոս»-ը: Արդյո՞ք այն իսկապես վտանգավոր է:
Այս մասին մեկնաբանություն խնդրեցինք բժիշկ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, թերապեւտ-սրտաբան Լամարա Մանուկյանից: Նա «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Անկեղծ ասած պատրաստվում եմ առավել հավաստի աղբյուրների հետ աշխատել` հասկանալու համար, թե այս ինչ լուրեր են տարածում: Սա ինձ համար անկեղծ ասած անհեթեթություն է, որովհետև մոծակի միջոցով վիրուս տարածելը մի փոքր անհասկանալի է: Դրանք լինում են հատուկ տեսակի վիրուսներ, որոնք կարող են տարածվել մոծակի միջոցով, սովորական օդակաթիլային վիրուսները, որոնք սեզոնային չեն, չեն կարող տարածվել մոծակների միջոցով: Պետք է այս ամենի մասով նախ խնդիրը ՀՀ-ից դուրս ներկայացնել, որից հետո նոր ավելի հստակ կդառնա ամեն բան: Գուցե սա սովորական վիրուս է, որը զուտ սեզոնային բնույթի է: Այն կարող է լինել պարզապես սովորական գրիպի տեսակ, կամ քովիդ, բայց էական չէ, որովհետև ընթացքը նույնն է: Դրանք բոլորն էլ օդակաթիլային են, ինչ-որ մոգոնված տագնապներն ու սարսափները, որոնք բնակչության շրջանում տարածվում են` կապիկի ծաղիկ, կամ չգիտես ինչ, ինձ համար ոչ հավաստի են: Ես հենց հիմա երկու քովիդային թոքաբորբ եմ բուժում, այնպես որ շաբաթվա մեջ այդ խնդրով ինձ 5-ից 7 հոգի է դիմում, բայց չեմ կարծում, թե դա նոր բան է: Հասարակ, սովորական վիրուսներ են: Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա այն կոնկրետ վիրուսի հետ կապված չէ: Մարդը եթե մահանում է տվյալ հիվանդության ժամանակ, մահանում է այն դեպքում, երբ այլ հիվանդություններ են սրվում: Կան համակցված բազում հիվանդություններ, որոնք մարդուն կարող են մահվան հանգեցնել», - ասաց բժիշկ Մանուկյանը:
Իսկ որքա՞ն է կազմում քովիդով հիվանդների թիվն այսօր. «Քովիդով հիվանդներ ունեմ: Շաբաթը մինիմում հինգ քաղաքացի ինձ դիմում է այդ խնդրով, որից երկու-երեքը քովիդով վարակված են: Բայց կան նաև սովորական գրիպի տեսակներ: Անգամ առանց ջերմության մարդը կարող է քովիդով վարակված լինել: Հիմա ամառ է, մարդիկ շատ են քրտնում, հենց այդ պատճառով էլ հաճախ չեն ջերմում, կամ քիչ են ջերմում: Քովիդն այսօր սովորական սեզոնային վարակ է համարվում, անգամ որ գալիս են ինձ մոտ, ասում եմ` կարիք էլ չկա թեստ հանձնելու, քանի որ այն բավականին թանկ է: Ինչու եմ այդպես ասում, որովհետև այն սովորական սեզոնային վարակ է: Ուրիշ ոչ մի լուրջ բան: Ես իմաստը չեմ հասկանում, թե ինչու են նման վախեր տարածում մարդկանց մեջ, եթե նման վիրուս լիներ, ես առաջինը կիմանայի այդ մասին», - եզրափակեց Մանուկյանը: