Քաղաքականություն

Երկու հակադիր տեքստ, բայց միևնույն խնդրի մասին

Երկու հակադիր տեքստ, բայց միևնույն խնդրի մասին

Անցած շաբաթ երկու չափազանց կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որոնց միջոցով հնարավոր է դառնում խորքային պատկերացում կազմել ներքաղաքական արդի իրավիճակի մասին։ Առաջինը՝  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պարզագույն սիլլոգիզմն» էր, իսկ երկրորդը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Իհարկե Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի տեքստերի բովանդակություններն ամբողջությամբ հակադիր էին, բայց միևնույն ժամանակ դրանք նույնական էին այնքանով, որ վերաբերում էին հենց միևնույն խնդրին։ Առաջին հայացքից սա չափազանց տարօրինակ պնդում է, բայց իրերի էության մեջ խորանալու պարագայում ամեն ինչ շատ պարզ ու ընթեռնելի է դառնում։ «Պատերազմական» իրավիճակում կառավարության ընդդիմախոսներին դավաճան ներկայացնելու թեզն ու կառավարությանը անվստահություն հայտնելը վկայությունն են այն իրողության, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խորը ճգնաժամ է ապրում և գտնվում է կազմաքանդման եզրին։

Համանման եզրակացության համար հիմք են հանդիսանում երկու գործիչների քաղաքական կարգավիճակներն ու գործունեության առանձնահատկությունները։ Սկսենք նրանից, որ առաջին նախագահը երբևէ նմանատիպ տեքստով հանդես չէր գա, եթե չկանխատեսեր Նիկոլ Փաշինյանի իշխանության կազմաքանդման և ճեղքման հեռանկարը։ Այսինքն «Պարզագույն սիլլոգիզմը» իշխանությանն աջակցելու մեխանիկական ակտ չէ, այլ ընդհակառակը՝ կառավարող թիմի գոյության սպառնալիքի արձանագրում։ Հիշեցնենք, որ նույնաբովանդակ ակցիայով Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նաև 1999 թ․-ին, երբ հոկտոմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նախագահ Քոչարյանի իշխանությունը մազից էր կախված և 2016 թ․-ին, երբ որոշ ուժեր պատերազմում անհաջողություն կրելու պատրվակով ցանկանում էին պետական հեղաշրջում իրականացնել և իշխանությունից հեռացնել նախագահ Սարգսյանին։ Ես չեմ ցանկանում որևէ գնահատական իջեցնել առաջին նախագահի տեքստին, պարզապես ներկայացնում եմ դրա գրման շարժառիթն ու նպատակը։

Մի փոքր այլ է իրավիճակը Գագիկ Ծառուկյանի պարագայում։ Վերջինս Հայաստանի բուրժուազիայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է, որը տարիներ շարունակ աստիճանական ու ազդեցիկ քայլերով ներթափանցել է քաղաքական համակարգ՝ զբաղեցնելով չափազանց կարևոր մի տարածություն։ Խոսքը քաղաքական համակարգի բուֆերային այն գոտու մասին է, որը հանգամանքների բերումով տարիներ շարունակ պատկանել է ԲՀԿ-ին։ Եթե ուշադրություն դարձնենք պատմական զարգացման ընթացքին, ապա կտեսնեք, որ տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանն հենց այդ նույն կարգավիճակն է ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության և «արմատական» ընդդիմության միջև։ Եվ ամենակարևորն այն է, որ բուֆերային գոտու դիրքորոշման փոփոփությունը այս կամ այն դերակատարի նկատմամբ մշտապես հանգեցրել է ուժերի հավասարակշռության վերանայման։ Պատահական չէ, որ 2015 թ․-ին ՀԱԿ-ԲՀԿ տանդեմը քիչ էր մնում հասներ իշխանափոխության։ Բացի այդ Ծառուկյանը գրեթե նույն դերակատարությունը ստանձնեց նաև 2018 թ․-ի հեղափոխության ժամանակ և նրա աջակցությունը կարևոր նշանակություն ունեցավ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու համար։ Այս պարագայում նա զբաղեցնում էր ոչ թե Սերժ Սարգսյանի և ընդդիմության, այլ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի, ռուսահայ օլիգարխիայի և հեղափոխական հարթակի միջև գտնվող բուֆերային տարածությունը։

Այսինքն, գալիս ենք այն եզրակացությանը, որ նախագահ Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հակադիր միջամտությունները կոնկրետ թիրախավորված են և մանրամասն հաշվարկված։ Առաջինը փորձում է կանխել Նիկոլ Փաշինյանի հավանական տապալումը, իսկ երկրորդն էլ վերստին դուրս է եկել բուֆերային իր տարածությունից և հավակնում է թեքվել կառավարության հակառակորդների կողմը, ինչը վերևում մատնանշված օրինակներով  իհարկե կարող է վճռական ազդեցություն ունենալ։ Իսկ կառավարության հիմնական հակառակորդների մասին կխոսենք հաջորդիվ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image