Իրանում հայ վարորդներին ծեծելու դեպքը մեծ աղմուկ է առաջացրել: «Հրապարակի» հոդվածը տարածվել է իրանյան լրատվամիջոցներով և Իրանի իրավապահները ձերբակալել են իրանցի քաղաքացիների, որոնք ծեծի են ենթարկել հայ վարորդներին: Այս մասին «Հրապարակ»-ի հայտնեցին վարորդները։ «Մի լավ դաս են տվել, երբ իմացել են կատարվածը»,-ասաց վարորդներից մեկը։ Նախօրեին, հիշեցնենք, գրել էինք, որ Իրան-Հայաստան առեւտրային գոտում՝ Մեղրի-Նորդուզ անցակետի մոտ բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները դաժան ծեծի են ենթարկվել։
Իրանից Հայաստան եկող վարորդներից մեկը՝ Արմեն Մնացականյանը «Հրապարակ»-ին պատմել էր, որ իրանցի քաղաքացիներ են իրենց մոտեցել, առաջարկել են դիզվառելիք գնել իրենցից և սպառնացել են, թե չգնելու դեպքում թմրանյութ կգցեն բեռների մեջ։ Երբ հայ վարորդները չեն համաձայնել՝ ծեծի են ենթարկել նրանց, մարմնական վնասվածքներ պատճառել։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել այլ պետության տարածքում, ուստի իրենք լիազորություն չունեն զբաղվելու այդ խնդրով։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցերով՝ այլ պետության տարածքում պետք է զբաղվեին կա՛մ տվյալ երկրում Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսարանը, կա՛մ ՀՀ ԱԳՆ։ Մեր հրապարակումից արդեն մի քանի օր է անցել, սակայն երկու կառույցներից էլ վարորդների հետ կապ չեն հաստատել։