Հասարակություն

Ռոմանոս Պետրոսյանը որոշել է մի դպրոց էլ իրենով անել

Ռոմանոս Պետրոսյանը որոշել է մի դպրոց էլ իրենով անել

Կոտայքի մարզում շարունակվում եւ նոր թափ է ստանում «ռոմանոսացման» գործընթացը։ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Կոտայքի մարզում բոլոր քիչ թե շատ երեւելի պաշտոններին փորձում էր իր մերձավորներին նշանակել եւ դա շարունակում է նաեւ հիմա` նախարարի պաշտոնում։ Նույնիսկ իր այն կադրերին, որոնք արդեն պաշտոն ունեն, Ռոմանոս Պետրոսյանը փորձում է ավելի լավ պաշտոնների տեղավորել։ 

Տեղեկություն ստացանք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Վ. Առաքելյանի անվան դպրոցի տնօրեն Նոնա Պողոսյանին Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում է տեղափոխել Աբովյան քաղաք եւ դարձնել Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն։ Նոնա Պողոսյանն Արամուսի դպրոցի տնօրեն է դարձել 2019 թվականին, նրա նշանակումից հետո Արամուսի դպրոցում տեւական ժամանակ դասապրոցեսը կաթվածահար վիճակում էր, դպրոցի կոլեկտիվը չէր ցանկանում, որ նա դպրոցի տնօրեն դառնա։

Տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ անցկացվեցին, որին մասնակցում էր 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը, եւ դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել էին հավասար ձայներ: Նման պարագայում փոխվարչապետն է նշանակում տնօրենին, եւ Տիգրան Ավինյանը նշանակել էր Նոնա Պողոսյանին՝ առանց դպրոցի կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու։ 2019-ին մամուլում հայտնվեց Արամուսի դպրոցի կոլեկտիվի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մանկավարժներն ահազանգում էին, որ դպրոցի տնօրեն նշանակված Նոնա Պողոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է, ինչի շնորհիվ էլ դարձել է տնօրեն: 

Ինչ վերաբերում է Աբովյանի թիվ 5 դպրոցին, ապա դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հոկտեմբերի 25-ին, պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուզաննա Լալայանը, եւ տնօրենի ընտրություններ են նշանակվել դեկտեմբերի 3-ին, Նոնա Պողոսյանն էլ հայտարարել է, որ ինքը թեկնածություն է առաջադրում, սակայն հարցն այն է, որ այս դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 4-ը Ռոմանոս Պետրոսյանի մերձավորներն են։ Մեզ հետ զրույցում դպրոցի նախկին տնօրեն Էմին Եղիազարյանը, ով եւս մասնակցելու է ընտրություններին, ասաց, որ նույնիսկ մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի լրանալը մեսիջներ է ստացել, թե ցանկանում են իրեն աշխատանքից ազատել։

«Իմ պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, նոր ընտրություններ են նշանակվել, բայց Ձեր ասած Նոնա կոչեցյալն այդպես աղմկահարույց ձեւով, մի քանի ամիս դասերը պարալիզացնելով եկավ, Արամուսում սկսեց աշխատել, 2.5 տարի է աշխատել։ Իմ պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ էլ ես անընդհատ մեսիջներ էի ստանում, որ ինձ չեն ընտրելու, որ ինձ աշխատանքից ազատելու են։ Նույնիսկ ես մեսիջներ էի ստանում մինչեւ պայմանագրի լրանալը, որ ինձ աշխատանքից ազատելու են, բայց չգիտեմ, թե ինչի համար էին ազատելու, որովհետեւ ՀՀ-ում ինչքան գերատեսչություն կա, ինձ մոտ ստուգումներ են արել, եւ ամենալավ ցուցանիշներն են եղել, որեւէ խախտում, պետական միջոցի որեւէ վատնում չի եղել։ Մենք նույնիսկ տնտեսումներ ենք ունեցել, մեր տնտեսումներից կտրել-տվել են այդպիսի նորանշանակ տնօրեններին, որպեսզի դպրոց կառուցեն։ Հիմա էլ Պողոսյան Նոնան հայտարարել է, որ եթե ինքը թեկնածություն է դրել, ուրեմն միանշանակ անցնելու է։

Կառավարման խորհրդի՝ նախարարության ներկայացուցիչը եւ մարզպետարանի կողմից նշանակված մարդիկ Ռոմանոս Պետրոսյանի մերձավորներն են՝ աներորդի Հայկ Հակոբյանը, կնոջ ընկերուհի Աշխեն Ադամյանը, Աբովյանի համայնքապետի ՔՊ թեկնածու Պավել Ցուգունյանի կինը՝ Նարինե Քոսյանը, շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի կինը՝ Անի Մանուկյանը։ Ընդ որում, եթե Դուք մտնեք դպրոցների կայքերը, ապա կտեսնեք, որ Աբովյանի եւ Եղվարդի տարածաշրջանի բոլոր դպրոցներում այս նույն մարդիկ՝ ամեն մեկը մինչեւ 10 դպրոցի կառավարման խորհրդի անդամ է։ «Հանրակրթության մասին» օրենքի եւ դպրոցի կանոնադրության պահանջներով, խորհրդի անդամները պետք է տիրապետեն հանրակրթության ոլորտի օրենսդրությանը, իրենք չեն տիրապետում, եւ միայն դա հերիք է, որ կառավարման խորհրդի անդամ չլինեն։ Կառավարման խորհրդի նիստերի ժամանակ միշտ սուր անկյուններ են առաջացրել, անընդհատ լարվածություն են ստեղծել»,- ասաց Եղիազարյանը։

Նա կարծում է, որ թեեւ ընտրությունների օր է նշանակված դեկտեմբերի 3-ը, սակայն կառավարման խորհրդի վերը նշված անդամները չեն ներկայանալու նիստին եւ քվորում չեն ապահովելու․ «Ես մտածում եմ, որ իրենք այդ օրը դիտավորյալ քվորում չեն ապահովելու, որովհետեւ 2 նիստ են արել, որից մեկը՝ դիտավորյալ, առանց հասկանալու, խախտումներով․ մրցույթը դրել էին հունվարի 11-ին՝ պատճառաբանելով, թե իրենք ընտրություններով են զբաղված լինելու, եւ իրենց հարմար չի լինելու։ Հետո իրենց մարդիկ բացատրել էին, որ դա կարգի խախտում է, ժամկետների մեջ պիտի տեղավորվեն, եւ դա իրենց զբաղվածության հետ կապ չունի։ Ընտրության օրը փոխվեց, դարձավ դեկտեմբերի 3-ը»։

Նախկին տնօրենին հարցրինք, թե ինչպես են դպրոցում ընդունել լուրը, որ Նոնա Պողոսյանը պատրաստվում է գալ դպրոց, հնարավո՞ր է այս դպրոցում էլ բողոքի ակցիաներ լինեն։ «Ես աշխատում եմ չհետաքրքրվել, որովհետեւ լիազորություններս դադարեցված են, եւ ես ժամեր չեմ վերցրել ու դպրոցում չեմ մնացել եւ չեմ հետաքրքրվում։ Ինձ հրավիրել են, որ այդ դպրոցում աշխատեմ, մասնակցեմ մրցույթին, որովհետեւ ամենահեղինակազրկված դպրոցն էր։ Ընդամենը 386 աշակերտ էր սովորում, եւ կոմունալ վճարումները, աշխատավարձերը չէին կարողանում վճարել, բացարձակ որեւէ գույք, որեւէ համակարգչային տեխնիկա, ոչ մի բան չկար։ Դպրոցում հիմա 1000 աշակերտ է սովորում, դպրոցի բյուջեն աճեցրել եմ, 2011-2021 թվականների ընթացքում 55 միլիոնից դարձրել եմ 144 միլիոն։ Դպրոցում սարսափելի վիճակ էր, այդ ընթացքում վերանորոգել եմ մարզադահլիճը, 2 մասնաշենք ջեռուցել եմ, կառուցել եմ 19 դասասենյակ, որոնք աղբանոց էին։ Ես չեմ ափսոսում, հայրենիքիս համար եմ աշխատել, խնդիրն այն է, որ Նոնա Պողոսյանն աշխատանք ունի, եթե չունենար, այլ բան էր․ մրցակցություն է, բաց մրցույթ է` թող գա-մասնակցի, բայց որ հայտարարում է, որ եթե թեկնածություն է դրել, ուրեմն ինքն է անցնելու, ուրեմն հեղափոխությունից հետո որեւէ բան չի փոխվել։ Եթե մրցույթն արդեն կանխորոշված է, էլ ի՞նչ ասենք»,- ասաց Եղիազարյանը։

Հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ` հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի առնվազն 6 «կողմ» ձայն: Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվում է լիազոր մարմնի, 4-ը՝ մանկավարժական եւ ծնողական խորհուրդների կողմից, 2-ական ներկայացուցիչ: Նոր կարգավորման արդյունքում ո՛չ լիազոր մարմնի, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարող միանձնյա որոշել, թե ով կստանձնի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը, սակայն առանց կառավարող մարմնի, դպրոցի ներկայացուցիչները ոչինչ չեն կարող որոշել, իսկ մարզպետարանը կարող է ծնողական կազմից կամ կոլեկտիվից մեկի վրա ճնշում գործադրել: Սակայն լավ բան էլ կա` վերացվել է այն պրակտիկան, երբ կառավարման խորհրդի հավասար ձայների դեպքում տնօրենը նշանակվում էր ԿԳՄՍ նախարարի կամ փոխվարչապետի կողմից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image