Ինչպես է Առուշ Առուշանյանը բանտից ղեկավարելու համայնքը

Ինչպես է Առուշ Առուշանյանը բանտից ղեկավարելու համայնքը

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն է կրել նաեւ Սյունիքի մարզի խոշոր համայնքներից մեկում՝ Գորիսում, որը ներառում է, ոչ միայն Գորիս քաղաքը, այլև Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վանանդ, Աղբուլաղ, Հարթաշեն, Շուռնուխ, Վերիշեն, Բարձրավան, Ձորակ, Որոտան, Քարահունջ բնակավայրերը։ Այնտեղ նախնական արդյունքներով «Առուշանյան» դաշինքը հավաքել է 2 անգամ ավելի շատ ձայն, որի թեկնածուն համայնքապետ Առուշ Առուշանյանն է, քան ՔՊ-ն։ «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին՝ 3590 ընտրող: Հայ ազգային կոնգրեսի օգտին քվեարկել է 243 բնակիչ։

Հետաքրքիրն այն է, որ «Առուշանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանն կալանավորված է, և չի մասնակցել քարոզարշավին, հետևաբար, ըստ էության, ՔՊ-ին հաղթել է կալանավայրից։ 

Ինչպե՞ս կարող է Առուշանյանը կալանավայրից ղեկավարել համայնքը․ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակ»-ի հարցի վերաբերյալ փոխանցեց, որ Առուշանյանին այժմ փոխարինում է նրա առաջին տեղակալ Մենուա Հովսեփյանը, նա է կատարելու համայնքի ղեկավարի պարտականությունները։

Նշենք, որ օրեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը՝ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու վերաբերյալ։ Հաջորդ նիստը առաջի ատյանում տեղի կունենա նոյեմբերի 5-ին, պաշտպանը տեղեկացրեց, որ այդ օրը եւս պատրաստվում են խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։