Նույնիսկ գնացել, բետոնի հաստությունն են չափել

Նույնիսկ գնացել, բետոնի հաստությունն են չափել

Պետական վերահսկողական ծառայությունը Սպիտակի քաղաքապետարանում ստուգումները վերածել է իսկական ռեյդի։ Մենք արդեն գրել էինք, որ այն բանից հետո, ինչ Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ՊՎԾ-ն քաղաքապետարանում ստուգումներ է սկսել։ Մեր տեղեկություններով՝ ՊՎԾ աշխատողներն այնքան են ցանկացել ինչ-որ մի սխալ, բացթողում գտնել, որ քաղաքապետարանի արած բետոնն են ծակել ու հաստությունը չափել։ Քաղաքապետ Գագիկ Սահակյանը մեզ հետ զրույցում, չցանկանալով, բայց, այնուամենայնիվ, հաստատեց տեղեկությունը․

«Այո, չափել են, ճանապարհներն էլ են չափել»,- ասաց քաղաքապետը։

Քաղաքապետին հարցրինք՝ տպավորություն ունե՞ր, որ ամեն կերպ ինչ-որ բան էին ցանկանում գտնել:

«Դե, իհարկե, ունեի, բայց ես դրան շատ լուրջ չեմ վերաբերվում, որովհետև միշտ էլ եղել են ստուգումներ, մենք էլ ամեն ինչ արել ենք օրենքին համապատասխան, անհանգստանալու որևէ բան չունենք, մենք միշտ պատրաստ ենք եղել ստուգումների՝ թե՛ այն իշխանության օրոք, թե՛ այս»։

Իսկ երբևէ նման մանրամասն ստուգումներ եղե՞լ են:

«Էս կարգի չի եղել»,- պատասխանեց քաղաքապետը։ Չի՞ հարցրել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշել են այդպես տնտղել ամեն ինչ՝ հարցրինք Սահակյանին:

«Չէ, չեմ էլ հարցրել։ Ինչու, ես չե՞մ հասկանում, որ մի հատ էլ հարցնեի, հո չէի՞ն ասելու՝ հանձնարարություն ենք ստացել»,- պատասխանեց քաղաքապետը։