«Հրապարակ». ՔՊ-ն հիմա էլ Ալավերդիում է ուզում իշխանությունը խլել

«Հրապարակ». ՔՊ-ն հիմա էլ Ալավերդիում է ուզում իշխանությունը խլել

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում, ինչպես հաղորդվեց, քննարկվել է Ալավերդի եւ Վարդենիս համայնքների ավագանու ՔՊ խմբակցությունների հետ կապված հարցեր: Նշված համայնքներում ՔՊ-ն ընդդիմություն է` պարտություն է կրել ՏԻՄ-ում: Ահա թե ինչու է, մասնավորապես, Աալավերդին հայտնվել Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։

Դեռեւս շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Ալավերդու կառավարումը ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է ֆիկտիվ իմպիչմենթի գործընթաց նախաձեռնել, որպեսզի այն տապալվի եւ այլեւս մեկ տարի որեւէ ուժ չկարողանա իմպիչմենտ նախաձեռնել քաղաքապետ Արկադի Թամազյանի դեմ։ Այսպես ասած, լրացուցիչ իմունիտետ ստանա, քանի որ իմպիչմենթի գործընթացից հետո մեկ տարի օրենքը թույլ չի տալիս նման գործընթաց նախաձեռնել։ ԱԵ ավագանու անդամներն էլ` օգտվելով ՔՊ խմբակցության նկատմամբ ունեցած մեկ մանդատի առավելությունից, որոշել էին այդ գործընթացը հորով-մորով անել: Սակայն ամբողջ օրը արդար ընտրություններից խոսող ՔՊ-ն, թույլ չի տվել, որ ընդդիմությունն իմպիչմենթի գործընթացն ավարտին հասցնի եւ վերջին օրը, երբ պետք է նիստ գումարվեր եւ քվեարկություն կազմակերպվեր, մարդագողությամբ հարցը լուծել է` «Ապրելու երկրի» ավագանու անդամներից մեկը` բժիշկ Սիմոն Զախարովը չի ներկայացել հոկտեմբերի 19-ի նիստին, քվորում չի եղել, ուստի իմպիչմենթի գործընթացը ավարտին չի հասցվել։ 

Հիմա ՔՊ-ում հակընդդեմ գործընթաց են փորձում նախաձեռնել, որպեսզի իշխանությունը եւս մի համայնքում խլեն: Սակայն կա խոչընդոտ եւ նրա անունը Մարիաննա Պեպանյան է, որը ՔՊ ավագանու անդամ է, սակայն ալավերդցիները նրան բնորոշում են որպես սկզբունքային անձնավորություն եւ Պեպանյանը դեմ է ՔՊ-ի՝ Թամազյանին իմպիչմենթ հայտնելու նախաձեռությանը: Ինչը նշանակում է, որ ՔՊ-ն քվորում ապահովելու խնդրի առջեւ է կանգնած։
ՔՊ ամբողջ վարչախումբը` Երեւանից մինչեւ Ալավերդի հիմա աշխատում են ՔՊ-ականայս կնոջ դեմ` բոլոր հնարավոր ճնշումներն են փորձում գործադրել: Գործընթացը կառավարում է Ալավերդիում տապալված ՔՊ-ական թեկնածու Արեն Մկրտչյանը: Գործին խառնվել է անգամ նրա մայրը՝ Մարգարիտա Աբգարյանը, որը չլինելով ավագանու անդամ, իբրեւ լիազոր ներկայացուցիչ, Մարիաննա Պեպանյանի անունից նախանցած ուրբաթ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել համայնքապետին: Համայնքապետ Թամազյանը երկու անգամ մերժել է դիմումը՝ դիմումի իսկությունը հաստատող փաստաթղթի բացակայության հիմքով, այսինքն, նոտարական կարգով այն հաստատված չի եղել, որով ավագանու անդամը համաձայնություն կտար, որ Արենի մայրիկին լիազորում է իր անունից հանդես գալ։

Բանն այն է, որ շաբաթներ առաջ Մարիաննան մեկնել է Հայաստանից, ըստ ամենայնի, ՔՊ-ական պատգամավորի մայրիկն ինչ-ինչ ճանապարհով աղջկանից կորզել է գրություն` առ այն, որ հրաժարվում է մանդատից ու այդ գրությամբ դիմել է համայնքապետարան։ Իսկ զավեշտն այն է, որ նախանցած ուրբաթ դիմումը մուտք է եղել համայնքապետարան, իսկ կիրակի օրը Մարիաննա Պեպանյանն արդեն վերադարձել է Ալավերդի: Ավելին, մեզ ասացին, որ արդեն համայնքապետարան աշխատանքի է գնում եւ անձամբ նման դիմում չի ներկայացրել։

Հավանաբար Փաշինյանը հենց սա էր ակնարկում, որ լավ չեք զբաղվում ավագանիներով, պետք է այնպես զբաղվել, որ իշխանությունը խլելուն խանգարողները մանդատից հրաժարվեն եւ դրանով լուծվի Արկադի Թամազյանին հեռացնելու հարցը։