«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ թիմ չունի` իրեն հլու-հնազանդ մարդկանց խումբ ունի

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ թիմ չունի` իրեն հլու-հնազանդ մարդկանց խումբ ունի

Հարցազրույց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հետ։

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած մայիսի 9-ի հանրահավաքին հրապարակ եկած քաղաքացիներն իշխանափոխության հնարավորություն էին տեսնում, հիմա շարժման մարումից հուսալքվել են, ասում են` ընդդիմությունը հերթական անգամ փողոցային պայքարի միջոցով չկարողացավ իշխանափոխության հասնել: Ի՞նչ եք կարծում` իշխանությունն արդեն «տոնելու» բան ունի՞, թե՞ դեռ վաղ է։

- Ընդդիմության այսօրվա վիճակի մասին այդ գնահատականները չեմ ընդունում, այլ բան է, որ այս իշխանություններից դժգոհ մարդկանց մեջ կա մի մեծ խումբ, որն ուզում Է ամեն ինչ փոփոխվի հենց հիմա, այսօր։ Հասարակության դժգոհությունները չպետք է ՔՊ-ն գնահատի որպես հաղթանակ, այլ վերլուծի եւ հասկանա, թե ինչն է մարդկանց անհանգստացնում։ Իմաստուն հույները բանավեճն օգտագործում էին ճշմարտությունը բացահայտելու համար։ ՔՊ-ական պատգամավորները, կառավարության ամբողջ կազմը` մի հոգու ցուցումով, հակառակ մոտեցումն են դրսեւորել։ Նրանց հակառակ մոտեցումը չի հետաքրքրում, նրանց ամեն գնով հաղթելն է հետաքրքրում, բանավեճի ժամանակ լեզվակոխ անելը։ Ձեր նկարագրած հաղթանակի ապրումներն ունենում են, բայց դա պատրանքային է, որովհետեւ քաղաքականությունը, դրա առարկան, թիրախը հասարակությունն է, նրանց խնդիրների լուծումը, կարգավորումը, մարդկանց բարօրությունն ու անվտանգությունը կարգավորելը, որը բացակայում է։

- Իսկ ի՞նչն է անհանգստացնում այսօր մեր հասարակությանը։

- Ահա, Դուք կարող էիք Հայաստանի լավագույն վարչապետը լինել, որովհետեւ միանգամից ուզում եք իմանալ, թե ինչն է մարդկանց անհանգստացնում։ Սա հումոր չընդունեք, չնայած ես չէի ուզի, որ հաջորդ վարչապետն էլ լրագրող լիներ։ Սահմանապահ գոտում ապրող գյուղացիներին հետաքրքրում է իրենց անվտանգությունը, որի բացակայությունն այդքան զգացնել չի տալիս Երեւանի առեւտրի կենտրոններում, Սարյան փողոցի փաբերում, որքան սահմանային գյուղերում։ Նրանք այն մարդիկ են, ովքեր տեղ չունեն գնալու, կառչել են հողից, սիրում են իրենց հողը, ուզում են վայելել իրենց աշխատանքի պտուղները։ 

- Կիրանցի բնակիչները ճանապարհ էին փակում, չէին ուզում հանձնել իրենց հողերը։ Բայց հաշտվեցին իրականության հետ, փոխհատուցում են ստացել կառավարությունից ու կարծես թե այլեւս չեն բողոքում։ Ի՞նչ պատահեց։

- Եթե Հայաստանի Հանրապետության մասին դատենք Հ1-ի ռեպորտաժներով, քարոզչական նյութերով, ապա ամեն ինչ հրաշալի է, շատ լավ է` խնդիր չկա։ Ես ապրել եմ այդպիսի երկրում, անունը Սովետական Միություն էր, երբ հեռուստատեսությամբ ասում էին մի բան, մարդկանց տներում բոլորովին այլ խնդիրներ էին քննարկվում։ Մեր երկրում հաստատվում է մի մարդու դիկտատուրա, որը ժողովուրդը տեսնում է, մերժում  է եւ կոնսոլիդացվում։ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության թեւերի միջեւ հավասարակշռման, զսպման մեխանիզմների ոչնչացում։ Գործադիրի եւ օրենսդիրի միջեւ գոյություն չունի լիազորությունների եւ իրավասությունների տարանջատում։ Կառավարությունն ԱԺ-ում ձեւավորել է մեծամասնություն, որտեղ բանավեճ չկա։ Ընդդիմությունից ամեն ինչ է պահանջվում՝ չիմանալով, որ ԱԺ-ում փոքրամասնություն են։ ՔՊ-ն վաղուց դեմոկրատական սկզբունքներից հեռացել է։ Հայաստանում գոյություն չունի քաղաքական բանավեճ, կա մի մարդու տեսակետ, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ թիմ չունի։ Այդ թիմն էլ իրեն հլու-հնազանդ մարդկանց մի խումբ է։ 

- Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ապա 2026-ին կկայանան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Ի՞նչ շանսեր ունի Փաշինյանի թիմը, ո՞ր ուժերը կհայտնվեն օրենսդիրում։

- Ես ամեն ինչ կանեմ, որ ՔՊ-ն չանցնի խորհրդարան, եթե անգամ անցնի, ապա չլինի մեծամասնություն։ Ապագա խորհրդարանի պատկերը տեսնում եմ, օրինակ` իմ նկարն այնտեղ չի լինելու, որն էական հանգամանք է։ Նոր ուժեր կգան ասպարեզ, արեւմտյան ուժերը մոտենում են 5 տոկոսի շեմին։ Սա` այսօրվա դրությամբ: Սակայն ընտրություններին կա դեռեւս 2 տարի, մի շտապեք, եկեք խոսենք այսօրվա հոգսերից, Հայաստանը գտնվում է վատ վիճակում, նրա քաղաքական պատասխանատուները չեն պատկերացնում, թե որոնք են այն քայլերը, որով երկիրը կզարգանա, կամրապնդվի։