Ճի՞շտ է, որ իր որբ թոռներին պետության տված գումարից բաժին չի հանել․․․

Ճի՞շտ է, որ իր որբ թոռներին պետության տված գումարից բաժին չի հանել․․․

Մարտի մեկի զոհերից՝ Գոռ Քլոյանի հոր  մասին այսօր լրատվամիջոցներից մեկը մի փաստ էր հրապարակել։  Աղբյուրը՝ altenativ. am: Դժվար է հավատալ և կուզեի լսել զոհվածի հորը։ Մի՞թե նման բան հնարավոր է։ Հայրը՝ որպես իրավահաջորդ, որդու «արյան համար» խոշոր գումար էր ստացել պետությունից և իր որբ թոռներին ոչինչ չի հատկացրել։  
Երևի շատերդ չգիտեիք էլ, որ մարտի մեկի զոհերից՝ Գոռ Քլոյանը կին ու երեխաներ ուներ։ Պետությունը մարտի 1-ի զոհերի և տուժածների իրավահաջորդներին ֆինանսական աջակցություն տրամադրեց, մասնավորապես, զոհերի իրավահաջորդները ստացան 30-ական միլիոն ՀՀ դրամ: Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, 30 միլիոնից բացի էլի խոշոր գումար է ստացել՝ նիստերին հետագա մասնակցության համար։ Մամուլն էր գրում, տողատակերով։ 
Սարգիս Քլոյանին գիտեք բոլորդ՝ մարտի մեկի դատական բոլոր նիստերին ակտիվ դերակատարում ուներ, լրատվամիջոցներին անընդհատ հարցազրույցներ էր տալիս․․․
Ու ահա լրատվամիջոցներից մեկը կապ է հաստատում Գոռ Քլոյանի կնոջ՝ Ռուզաննայի հետ, որպեսզի իմանա Գոռի մյուս իրավահաջորդներին՝ կնոջը և որբ երեխաներին այդ գումարից բաժին հասե՞լ է։ Կինը հայտնում է, որ պետության տրամադրած ամբողջ գումարը ստացել է իր ամուսնու հայրը, քանի որ նա է ճանաչվել որպես իրավահաջորդ, իսկ իրեն և իր երեխաներին ոչ մի լումա չի հասել:

․․․ Տարիներ շարունակ տարբեր լրատվամիջոցներում, դատական մարմիններում Սարգիս Քլոյանը խոսում է արդարությունից, արդարադատությունից, ու հանրությունը սա էլ որերորդ տարին է լսում արդարության նրա բանաձևումները։ Բայց այսօր պարզվում է, որ նա  որբ մնացած իր թոռներին պետության տրամադրած խոշոր գումարներից ոչինչ չի հատկացրել։ Դա՞ է իր պատկերացրած արդարությունը։ Ինքը ուրիշներին է  մեղադրում, որ սպանել են իր միակ տղային, արդարությունը չի պարզվում,բայց ինքը․․․ Կուզեի իմանալ՝  զոհված իր տղան երբևէ երազում չի՞ այցելել ու մեղադրել հորը․․․ որ իր արյան փոխհատուցումից որդիները գին չեն ստացել․․․ Սա զուտ բարոյական հարթության մեջ է և կուզեի իմանալ՝ ճի՞շտ է, որ իր որբ թոռներին պետության տված խոշոր գումարից ոչինչ չի հասել․․․Կապարի պես ծանր հարց է ու դժվարությամբ եմ հարցնում, բայց այն կարևոր է՝ շատ բան հասկանալու, արժևորելու։
Գոռ Քլոյանի կինն ու որդիները, պապիկի տված հարցազրույցներից եմ իմանում, արտագաղթել էին  Ռուսաստան։ Բնական է, ոչ լավ օրից։