Նիզար Կաբանի. Արաբական պոեզիա

Նիզար Կաբանի. Արաբական պոեզիա

Նիզար Կաբանին համարվում է արաբական աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկը։ Նրա ստեղծագործության գերակշիռ մասն է կազմում քնարերգությունը։ Սիրիացի բանաստեղծն այնպես է կարողանում ընտրել յուրաքանչյուր բառը, որ ընթերցողը սիրահարվում է պոեզիային։ Այս պատճառով Նիզար Կաբանիի սիրային լիրիկան համարվում է ամենաազդեցիկներից մեկը ողջ համաշխարհային գրականության մեջ։ Նիզար Կաբանին իր առաջին բանաստեղծությունները գրել է արաբական դասական կասիդայի օրինակով, այնուհետեւ անցել ազատ ոճի՝ դառնալով արաբական նոր գրականության հիմնադիրներից մեկը։ Կաբանիի ստեղծագործության մեջ առանցքային կարեւորություն ունեն կինը, կնոջ դերը արաբական հասարակության մեջ։ Նիզար Կաբանին իր բանաստեղծություններում ոչ միայն գովաբանում է կնոջը, այլեւ հանդես է գալիս ի պաշտպանություն վերջիններիս ազատության եւ ազատ կամքի դրսեւորման։ Նիզար Կաբանիի գրական ժառանգությունն անժխտելիորեն ահռելի է։ Պարզ եւ միաժամանակ պատկերավոր լեզվով գրված բանաստեղծություններն այնքան երգեցիկ են, որ հաճախ վերածվել են երգերի։ 

 

***

Ամռան օրերին 
ափին եմ պառկում
ու մտածում քո մասին,
մտածում եմ
պատմել ծովին,
թե ինչ եմ զգում քո հանդեպ։
Եվ ծովը կլքեր իր ափերը…
իր խեցիներին…
իր ձկներին…
եւ կհետեւեր ինձ…

 

***
Ձկան նման,
արագաշարժ սիրո մեջ՝ ձկան նման,
վախկոտ սիրո մեջ՝ ձկան նման,
դու սպանում ես հազարավոր կանանց իմ մեջ
եւ դառնում թագուհի։

 

***
Չասես հանկարծ, որ իմ սերը 
մատանի կամ ապարանջան է եղել։ 
իմ սերը պաշարում է՝ համարձակ ու գլխիկոր,
որ լողում է որոնումների միջով դեպի մահը։ 

չասես հանկարծ, որ իմ սերը լուսին էր ուղղակի, 
իմ սերը պայթյուն է, կայծերի պայթյուն։  

 

***
Քո հեռանալը ողբերգական չէր,
որովհետեւ ես ոտքերի վրա կանգնած
հավերժ մեռնող ուռենի եմ…

 

***
Երեկ ես մտածում էի
քո հանդեպ ունեցած
իմ սիրո մասին։ 
Ես հիշեցի մեղրի կաթիլները 
քո շուրթերին
եւ սկսեցի լիզել շաքարը 
հիշողության պատերից։

 

***
Մի նեղսրտիր, անուշս,
դու իմ բանաստեղծության մեջ ես,
իմ բառերում։
Տարիների հետ դու կարող ես ծերանալ,
բայց իմ էջերին հավերժ երիտասարդ ես մնալու։

 

***
Կինս հարցրեց, թե
ինչ տարբերություն կա իր եւ երկնքի միջեւ։
- Սեր իմ, տարբերությունն այն է,
որ քո ծիծաղի հետ 
ես մոռանում եմ երկնքի մասին…

 

***
Ես ուզում եմ քեզ համար գրել,
խոսել չեմ սիրում,
քեզ նման միակի համար
ես նոր լեզու եմ հորինել,
որ ընտելանա քո մարմնի շքեղությանը,
որ բացատրի իմ սիրո սահմանները։ 

Ես ուզում եմ ճանապարհորդել 
բառարաններից դուրս,
արձակուրդ վերցնել բերանիցս,
որովհետեւ հոգնել եմ նրանից,
ինձ մեկ ուրիշն է պետք,
որ կփոխակերպվի ամեն անգամ,
երբ կուզենամ ընտրել բալենու մոտ հասնելու
եւ ինչ-որ տուփի միջեւ, որտեղ խաղեր են անծանոթ։

Ես ուզում եմ նոր բերան,
որտեղ բառերը կծնվեն նիմփաների պես,
նիմփաների, որ բարձրանում են 
օվկիանոսի փրփուրների միջով,
կարծես սպիտակ թռչուններ են,
որ դուրս են գալիս կախարդական գլխարկից։

Վերցրու բոլոր գրքերը, որոնք ես կարդացել եմ
մանկության տարիներին,
վերցրու իմ բոլոր տետրերը,
վերցրու կավիճ, գրիչներ եւ գրատախտակ
եւ սովորեցրու ինձ այն բառը,
որ կարող եմ ականջօղի փոխարեն կախել
իմ սիրուհու ականջից։ 

Ես նոր մատներ եմ ուզում,
որ գրեմ այլ կերպ։ 
Ես ատում եմ մատների այն տեսակը,
որ ոչ շատ կարճ են եւ ոչ շատ երկար,
դրանց նման ես ատում եմ այն ծառերը,
որ ոչ աճում են եւ ոչ էլ մեռնում։ 
Ես նոր մատներ եմ ուզում՝ 
վեր պարզած՝ ինչպես առագաստները,
երկար, ինչպես ընձուղտի վիզը,
այնպես, որ կարողանամ 
բառերով հագուստ կարել իմ բանաստեղծության,
իմ սիրո համար,
հագուստ, որը նա չի հագել մինչ ինձ հանդիպելը։ 

Ես ուզում եմ քեզ համար տարբերվող
այբուբեն ստեղծել՝
խառնելով լուսնի փոշին,
անձրեւի ռիթմերը,
մոխրագույն ամպերի թախիծը
եւ մի փոքր էլ ուռենու տերեւներ,
որոնց վրայով սեպտեմբերից դեռ
մեքենաներ են անցնում անընդհատ…

 

***
Կարծում է, թե խաղալիք եմ իր ձեռքին,
Չեմ մտածում վերադառնալ դեպի նա,
Իբրեւ ոչինչ էլ չկա, այսօր եկել է կրկին,
Չքմեղությունը մանկան դրած ակների վրա։ 

Հայտնվել է հիշեցնի՝ ճամփակից եմ իրեն,
Եվ սիրելին եմ միակ,
Հավաքել է ծաղիկներ, որոնց ինչպե՞ս
Ես մերժեմ,
Եթե նրա շուրթերին դրոշմվել եմ ու կամ։  

Չգամ, հրդեհ է ընկել երակս,
Կուչ եմ եկել ափերի մեջ ես նրա,
Եվ թաքցրել գլուխն իմ իր գրկում,
Կարծես լինեմ երեխա,
Վերադարձած իր հոր տուն։ 

Ու պարում են հագիս շորերն ակամա,
Խինդով հենվում ոտքերին,
Ես ներեցի ու հարցրի,
արդյո՞ք նոր բան կա,
Արտասվեցի ժամերով
ուսերին նրա։ 

Ինքս ինձ մեկնեցի իրեն,
Ուզեցի ձեռքերում իր
Ճնճղուկի պես քնեմ։ 

Մի պահ զգացի՝ մոռացել եմ
Ատելությունս նախկին․․․
Եվ ո՞վ ասաց, թե ատել եմ։

Հազար անգամ ասել եմ, որ 
չեմ գալու քեզ մոտ,
Եկել եմ, զի քա՜ղցր է գալը
Սիրելիի մոտ․․․  

 

Թարգմանությունն արաբերենից՝ Էլիզա ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ