Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թատրոնների, թատերահամերգային հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային հանդիպում է ունեցել, որի ընթացքում քննարկվել են հաստատությունների ֆինանսավորման նոր սկզբունքները։ «Իրականացվող որակական փոփոխությունների քաղաքական ուղերձը հանրության ներսում մշակութային հաղորդակցումն առավել հասանելի դարձնելն է»,- ասել է նախարարն ու հավելել, որ ակնկալում են, բացի պետական բյուջեի ֆինանսավորումից, ձեւավորել որոշակի այլ աղբյուրներ եւս:
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է ֆինանսավորման մի մոդել, որը կհիմնվի հաստատության գեներացրած արտաբյուջետային եկամուտների չափի վրա: Եվ այն մուտքերը, որոնք ցույց կտան բարելավումը նախորդ տարվա համեմատ, պետության կողմից առավելագույնը կկրկնապատկվեն՝ սահմանելով որոշակի համամասնություն։
Թե որն է ֆինանսավորման նոր մոդելի էությունը, դա որքանով կաշխատի, Տիկնիկային թատրոնի տնօրեն, գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նկատում է․ «Նոր մոդելի էությունն այն է, որ եթե թատրոնն ավելի շատ է աշխատում, քան նախատեսել է կամ ունեցել է անցյալ տարի, այդ տարբերությունը մյուս տարի լրացվում է պետական բյուջեով։ Ենթադրենք՝ պլանավորել ենք, կամ անցյալ տարի եղել է 100 մլն, իսկ մենք աշխատել ենք 115 մլն, մյուս տարվա բյուջեն, որը մեզ տալիս է պետությունը, արդեն պետության կողմից այդ 15 մլն-ն ներգրավված է լինելու դրա մեջ»։ Բաբայանն ընդգծում է՝ կարեւոր հարց է ստեղծագործական անձնակազմին շահագրգռելը, ստեղծագործական եւ ադմինիստրատիվ անձնակազմերն իրենց վարձատրությամբ պետք է իրարից տարբերվեն։
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ հաստիքային տրամաբանությունից պետք է անցում կատարել ելույթավճարների տրամաբանությանը, կիրառել նաեւ ատեստավորման հնարավորությունը։ Սա ի՞նչ է նշանակում։ «Հիմա, ըստ իս, կա մի շատ սխալ համակարգ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դերասան, բայց դերասաններին չի կարելի բաժանել կարգերի, որովհետեւ դերասանը կարող է մի դերը լավ խաղալ, մյուս դերը լավ չստացվի մոտը։ Պետք է այդ կարգերը հանվեն, դրվի իրենց աշխատավարձի նվազագույն շեմը, ենթադրենք՝ 120 հազար դրամ, բոլորը ստանում են այդ գումարը, մնացած գումարն արդեն գալիս է այդ ելույթավճարից։ Իդեալական տարբերակն այն է, որ յուրաքանչյուրի հետ կկնքվի պայմանագիր՝ ամեն մի դերակատարման համար»։
Նախարարությանը մտահոգում է նաեւ դերասանների շրջանում ատեստավորման հարցը, որը, ինչպես նկատում է Բաբայանը, դեռ սովետական ժամանակներում կար․ «5 տարին մեկ դերասանները, ստեղծագործական անձնակազմն անցնում էին ատեստավորումներ, բայց այստեղ մենք հանդիպում ենք մի մեծ խոչընդոտի, որը կոչվում է Աշխատանքային օրենսգիրք, եւ ինչ նորմ, կարգ էլ հաստատի նախարարությունը, օրենքը, միեւնույն է, ավելի ուժեղ է, իսկ օրենքը հաստատում է, որ աշխատողի հետ կարող ես կնքել 1 անգամ 1 տարով պայմանագիր, մյուս պայմանագիրն արդեն լինում է անժամկետ։ Ստեղծագործական անձնակազմի համար դա այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ մենք չգիտենք՝ մարդուն տաղանդն ինչքան ժամանակով է տրված, տարբեր մարդկանց մոտ դա տարբեր է արտահայտվում։ Դրան զուգահեռ, կա մի շատ կարեւոր խնդիր եւս՝ դա սոցիալական պաշտպանվածությունն է, մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, որ մարդը 20 տարի ելույթ է ունեցել թատրոնում, խաղացել է կարեւոր դերեր, պատճառել է մեծ բավականություն հանդիսատեսին, բայց հիմա ի վիճակի չէ խաղալ՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Այդ ժամանակ ի՞նչ ենք անում այդ մարդու հետ՝ 60 հազարով ուղարկում ենք թոշակի՞»։
Ինչ վերաբերում է թատերական գործիչների նվազագույն աշխատավարձին, ապա վերջին անգամ, ըստ Բաբայանի, թատրոններում պետության կողմից աշխատավարձ է բարձրացվել 2014-ին․ «Դրանից հետո մի քանի անգամ բարձրացվել է նվազագույն աշատավարձը, որը պետությունը կոմպենսացրել է, բայց այս տարի պետությունը դա չի կոմպենսացրել, եւ նվազագույն աշխատավարձը մենք տալիս ենք սեփական արտաբյուջեի հաշիվներից։ Բայց եթե կան թատրոններ, որոնք դեռ ունեն արտաբյուջեով հնարավորություն՝ բարձրացնել այդ նվազագույն աշխատավարձը, ինչը նշանակում է, որ հնարավոր է կրճատեն այլ ծրագրեր, որոնք կարող էին իրականացնել այդ գումարով, ապա կան բազմաթիվ մշակութային օջախներ, որոնք պարզապես արտաբյուջե չունեն կամ ունեն այնքան նվազագույն, որ ի վիճակի չեն դա անել»։
Նախարարը, սակայն, քննարկման ժամանակ կարծիք է հայտնել, որ «մշակութային հաստատություններն ամբողջությամբ կարող են լինել ինքնուրույն»: Իրատեսակա՞ն է նախարարի լավատեսությունը, գուցե իրավիճակին չի՞ տիրապետում։ «Ասել է, որ ինքնուրույնությունը պետք է ավելացնել, եւ այստեղ ես համաձայն եմ, որովհետեւ ինչքան ավելի քիչ նախարարությունը պլանավորի ամեն ինչ եւ փորձի տեղադրել որոշակի շրջանակների մեջ, ինչքան շատ լինեն թատրոնի լիազորությունները՝ ինքնուրույն որոշելու բազմաթիվ հարցեր, այդքան ավելի հետաքրքիր կլինի թատրոնների կյանքը»։
Ռուբեն Բաբայանը մատնանշում է մեկ այլ կարեւոր խնդիր, որի մասին արդեն 30 տարի խոսում է՝ մեկենասության մասին օրենքը․ «Որովհետեւ հնարավոր չէ զարգացնել արվեստը՝ առանց մեկենասության, նույնիսկ ամենազարգացած, ամենահարուստ երկրներում որեւէ մեկը հույս չի դնում միայն պետական միջոցների վրա։ Պետությունն ավելի շատ պետք է ստեղծի համապատասխան պայմաններ, որպեսզի ստեղծագործական անձնակազմերը լինեն ազատ եւ ոչ ստատիկ վիճակում»։
Թատրոնի մասին օրենքի բացակայությունը որքանո՞վ է արգելակում այդ խնդիրների լուծմանը։ «Ասեմ որպես մարդ, ով 4 անգամ աշխատել է այդ օրենքի վրա։ Ամեն անգամ օրենքում մենք մտցնում էինք այդ կարեւոր կետը՝ մեկենասության մասին, բայց ամեն անգամ ֆինանսների նախարարությունն այդ կետը հանում էր՝ ասելով, որ դա տալիս է հնարավորություն՝ շրջանցել ֆինանսական հոսքերը, իսկ ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ կա ցանկություն՝ կենտրոնացնել ամեն ինչ սեփական ձեռքում, իսկ առանց այս կարեւոր կետի, այդ օրենքը դառնում է շատ դեկլարատիվ։ Իմիջիայլոց, նման օրենք ընդունված է Վրաստանում, որը մշակվել է Եվրամիության փորձագետների կողմից, բայց քանի որ այնտեղ էլ են բացակայում այդ կետերը, մեր վրացի կոլեգաներն ասում են՝ անիմաստ օրենք է։ Խնդիրը միայն ֆինանսավորման մեջ չէ, եթե մենք խոսում ենք մեկենասության մասին, խնդիրն արվեստը, բիզնեսը, հասարակությունն իրար հետ կապելու մեջ է, բազմաթիվ եվրոպական երկրներում մեկենասները համար մեկ քաղաքացիներն են համարվում երկրում։ Եվրոպական երկրներից մեկում նույնիսկ կա հատուկ պետական մրցանակ, որը կոչվում է տարվա լավագույն մեկենաս։ Սա մշակույթ է, երբ հարուստ մարդիկ իրար առաջ ոչ թե գլուխ են գովում, թե ով քանի անգամ է Դուբայ գնացել, այլ որ ես մի քառյակ կամ մի թատրոն եմ հովանավորում, ես այս նկարչին կամ այս ներկայացումն եմ ֆինանսավորում։ Այսինքն՝ մրցակցությունն այդ ասպարեզում է տեղի ունենում։ Սա միայն ֆինանս չէ, այլ նաեւ՝ հոգեբանություն։ Այս պրոբլեմը կար նաեւ Եվրոպայում, 70-ական թվականներին, որտեղ բիզնեսն ու արվեստը թշնամաբար էին իրար տրամադրված, ինչպես հիմա մեզ մոտ։ Բիզնեսի մարդիկ մեզ ասում են՝ սրանք ցանցառ են, մենք էլ ասում ենք՝ սրանք գռփող են, բայց իրականում ե՛ւ մենք իրենց կարիքն ունենք, ե՛ւ իրենք՝ մեր, որպեսզի իրենց բիզնեսը դառնա ավելի քաղաքակիրթ, մենք կարող ենք շատ բան հուշել գեղագիտության տեսանկյունից եւ մենք էլ իրենց կարիքն ունենք՝ ինչպես կազմակերպել մարքեթինգն ու մենեջմենթը»։