Արգիշտի Քյարամյան, ծառայելն էլ չափ ու սահման ունի․ կանգառում կանգնած անմեղ պապիկների՞ն են ծեծել

Արգիշտի Քյարամյան, ծառայելն էլ չափ ու սահման ունի․ կանգառում կանգնած անմեղ պապիկների՞ն են ծեծել

Ուզո՞ւմ եք իմանալ, թե պաշտոնական կեղծիքն ու սուտ մատնությունն ինչպես են լինում, ինչպես ապօրինի ձերբակալություն անում կամ խոչընդոտում արդարադատության իրականացմանը։ Համեցեք՝ ծանոթացեք Արգիշտի Քյարամյանի գլխավորած Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրությանը։

Խոսքը վերաբերում է Գյումրիի դեպքերին։ Ուրեմն պարզվում է՝ խեղճ պապիկները իրենց համար հանգիստ կանգնած էի կանգառում, մի խումբ երիտասարդներ մոտեցել եւ ուղղակի ծեծի են ենթարկել տարեց տղամարդկանց։ Եթե սրանց մեջ մեկը գոնե իրավաբան լիներ, եւ, ասենք, գոնե իրավաբանականի առաջին կուրսն անցած լիներ, կամ՝ թեկուզ մի հատ ամերիկյան կինո նայած լիներ, կասեր՝ տղերք, իսկ որն է մոտիվը։ Չէ որ ամեն հանցագործություն պետք է մոտիվ ունենա։ Եթե մոտիվ չկա, ուրեմն առնվազն հոգեկան հիվանդներ են եղել ծեծողները, որ կանգառում իրենց համար տրանսպորտի սպասող պապիներին ծեծել են։

Որովհետեւ մեր փողերից սնվող նախաքննության պատկառելի մարմինը՝ Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում առանց ամոթի գրել է․ «Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին»: 

Բա հիմա ոնց չասես՝ ստի․․․։ Էդ պապիները ձեր՝ իշխանական պրովոկատորներն էին, որոնց փորձել էիք օգտագործել ընդդիմության հավաքը խանգարելու համար եւ դրանց լկտի հայհոյանքներից ու ձվերով հարվածելուց է վեճն ու քաշքշուկը ծագել է դրանից։ Դրանք ձվերն առել եկել էին՝ հենց ձեր հրահանգով․ Շիրակի մարզպետի, Ռազմական ոստիկանության պետի, ԱԱԾ պետի եւ մյուս ուժայինների նախապես գծած սցենարի շրջանակներում։ Մտածել էիք՝ զոհվածների ու գերիների ծնողներին օգտագործեք, տարեց տղամարդկանց բերեք ասպարեզ։ Երեւի նաեւ էդ զանգվածի միջից ջոկել էիք սրբություն չունեցող, ծառայամիտ ու իշխանության ամենաստոր հրահանգները կատարելու ունակ մարդկանց։ Ընդդիմություն ջահելների նյարդերն էլ չեն դիմացել։

Ենթադրում եմ, որ հենց այդ ծրագրով էլ ուղարկել էիք, որ ընդդիմության երիտասարդները չդիմանան, համարժեք քայլեր ձեռնարկեն, որ բռնեք՝ բանտը կոխեք։ Իսկ դուք ուրիշ ինչի՞ եք ընդունակ՝ թշնամուն հող հանձնեք ու դեմը նվաստանաք, մեկ էլ էդ գործում ձեզ խանգարողներին բանտերը լցնեք։

Բայց որ էդքան ցինիզմ կունենայիք ու կգրեիք, որ պապիկները կանգառում անմեղ կանգնած էին՝ այս ընդդիմադիր «հրեշները» բռնեցին՝ ծեծեցին, արդեն բոլոր բարոյական սահմաններից դուրս է։