Լիտվայում ռուսական ալիքներ նայողներին տուգանում են

Լիտվայում ռուսական ալիքներ նայողներին տուգանում են

Լիտվայից ժամանած մեր հայրենակիցը ուշագրավ բաներ պատմեց, թե ինչ է կատարվում իրենց երկրում՝ պատերազմից ի վեր։ Նա ասում էր, որ հալածանքները Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ հասել են աբսուրդի։ Ռիգայի հարուստ թաղամասերից մեկում տուն գնած իրենց ընկերը, որը ՌԴ քաղաքացիություն ունի, չի կարողանում ժամանել Ռիգա, ապրել իր 2 միլիոն դոլարի արժեք ունեցող տան մեջ՝ նրան ուղղակի մերժել են մուտքի արտոնագիր տրամադրել, չնայած սեփականություն ունի եւ բարեխղճորեն հարկեր է վճարել։ Համատարած ատելություն եւ բացասական վերաբերմունք է Ռուսաստանի, ՌԴ իշխանությունների եւ հասարակ ռուս քաղաքացիների նկատմամբ։

Վերջերս իշխանությունն անջատել է ռուսալեզու բոլոր հեռուստա-ռադիընկերությունների հեռարձակումը եւ անգամ տուգանքներ է նշանակել ռուսական ալիքներ նայողների համար։ Եթե դու տանը սպուտնիկով ռուսական ալիք միացնես եւ հարեւանդ մատնի քեզ, ապա 700 դոլար տուգանք է հասնում, եթե նույն զանցանքն իրավաբանական անձն է անում, ասենք՝ որեւէ այթի ընկերությունում կամ՝ վարսավիրանոցում ռուսական ալիք կա միացված, ապա 2500 դոլար են տուգանում։

Քրեական պատիժ կարող է հասնել նրանց, ովքեր ողջունում են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա եւ գովերգում են Պուտինին։ Եւ քանի որ Լիտվայում շատ է ռուսալեզու բնակչությունը, որոնց մեջ կան նաեւ ռուսներ ու ռուսամոլներ, ապա մարդիկ վախենում են իրենց կարծիքը բարձրաձայն հայտնելուց։

 Ամենուրեք Ուկրաինայի դրոշն է, ուկրաինական քարոզչություն։ Բայց երկիրն ապրում էր նաեւ Ռուսաստանից եկող տուրիզմի հաշվին, այժմ դա հիմնովին կրճատվել է եւ հատկապես ծովափնյա հատվածներում դատարկություն է։

Ռուսերեն լեզուն հիմնավորապես կրճատվել է բուհերից ու դպրոցներից, փողոցներ են վերանվանվում՝ ռուսական գործիչների անունները փոխարինվում են լիտվական եւ եւրոպական տեղանուններով։ Ռուսալեզու մի քանի պարբերականներ դեռ հրատարակվում են, բայց նրանց մի մասը երկլզեու է դարձել՝ լիտվերեն եւ ռուսերեն, եւ գլխներին էլ կանգնած է փակվելու վտանգը։ Մի խոսքով՝ պատերազմը հիմնովին փոխել է ազատ ու դեմոկրատական Լիտվայի կյանքը։