Երկրորդ անգամ եմ լսում ու ժպտում, որ ինքը դեմ է եղել մեզ. նախկին մարզպետի որդին՝ Գորիսի քաղաքապետի հետ կապված միջադեպի մասին

Երկրորդ անգամ եմ լսում ու ժպտում, որ ինքը դեմ է եղել մեզ. նախկին մարզպետի որդին՝ Գորիսի քաղաքապետի հետ կապված միջադեպի մասին

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կրկին սկանդալների կենտրոնում է։ Լրատվամիջոցներում շրջանառվում է, որ օգոստոսի 27-ին,  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի է ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գ.-ին, որին տեղափոխել են Երևան։ Երեկոյան, ի պատասխան լուրերի, Ա․Առուշանյանը ուղիղ եթերով մեկնաբանել է իրողությունը, կատարվածի մեջ մեղադրելով  երկար տարիներ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Սուրիկ Խաչատրյանին եւ նրա շրջապատին՝ անվանելով բորենիներ:  Ա․Առուշանյանը նման հայտարարություն  է արել, քանի որ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, ծեծվողը Սուրիկ Խաչատրյանի նախկին վարորդի  քրոջ որդին է։ Տուժողի մայրը՝ տիկին Կարինեն, հարցազրույցի ժամանակ նշել է, որ որպես մայր, պահանջելու է , որ մեղավորները իր հիվանդ երեխային այս վիճակին հասցնելու համար պատասխան տան օրենքի առաջ։ «Ես մինչև վերջ պայքարելու եմ», - ասել է նա: Որքանո՞վ է նախկին մարզպետը խառնված եղելությանը՝ փորձեցինք պարզել հենց նրանից, սակայն Սուրիկ Խաչատրյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել : Ի դեպ, նա բուժման նպատակով գտնվում է արտերկրում։ Փոխարենը hraparak.am-ին հաջողվեց կապվել  նրա կրտսեր որդու՝ Տրդատ խաչատրյանի հետ։ «Այո լսել եմ, բայց իրեն ճանաչելով չեմ զարմացել, որ էլի անպատասխանատու հայտարարություններ է անում։ Խոսում է բաներից, որոնք ընդամենը իր մղձավանջներն են։ Մի երկու բան, որ թերևս հիշում եմ, այդ անիմաստ ու անբովանդակ լայվից, կուզեմ անդրադառնալ։ Իրեն ուզում եմ ասել, որ հայտարարություններ անելուց ինքն իրեն հաշիվ տա, հասկանա՝ ինչ է խոսում, ում մասին է խոսում, հիշի, որ տղամարդը չի կարող անպատասխանատու հայտարարություններ անի։ Ռուսերեն մի այսպիսի ասացվածք կա․ «мужчина должен быть спокойным львом а не шумной дворнягой»։

Հասկանում եմ, որ վերջին ժամանակներս ինքնագնահատականը «բարձրացել է» ու հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում, բայց չէր խանգարի խոսելուց առաջ մտածեր, թե ո՞ւմ մասին է խոսում, ինչի՞ մեջ է մարդկանց մեղադրում։ Վստահ եմ, որ ինքն էլ գիտի, որ Սուրիկ Խաչատրյանը, եթե ցանկանում է բան ասել, ապա դա անում է միանգամից ու հենց հասցեատիրոջը»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց Խաչատրյանի որդին՝ ավելացնելով.«Ուզում եմ իրեն ասել նաև, որ հերիք է Սուրիկ Խաչատրյանի ստվերի հետ կռիվ տա, վերջապես հաղթահարի էդ վախն ու մինչև մեղավորներ կփնտրի, ավելի լավ է արժանապատիվ ապրի իր քաղաքում։ Գորիսը փոքր, բայց յուրահատուկ քաղաք է, չի կարելի անշնորքի պես ապրել, մարդկանց նեղացնել ու ասել Սուրիկ Խաչատրյանը կամ լրատվամիջոցներն են մեղավոր։ Համենայն դեպս, իմ ունեցած տեղեկություններով, մեղավորներին թող իր շրջանակում փնտրի»։

Տրդատ Խաչատրյանի խոսքերով` ինքը դա պատահական չի ասում. «Պատահական չեմ ասում, մի քանի օր լավ մտածի, կհասկանա՝ ովքեր են։ Եթե չէ, ապա վստահ եմ, որ մի օր դիմացս նստած շատ ուրիշ թեմաներից բացի, դա էլ կլսի։ Ժողովրդական ասացվածք կա` «Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին»։ Հիմա իրենք են, ամբողջ կյանքում ոհմակի տրամաբանությամբ են  ապրել , նույնիսկ մի քանի անգամ պատժվել դրա համար, շատերը կհիշեն, հիմա խոսում են բորիենիների ոհմակից։ Երկրորդ անգամ եմ լսում ու ժպտում, որ ինքը դեմ է եղել մեզ։ Գորիսում բոլորը գիտեն, որ կար ժամանակ, որ ինքը մեզ հետ շփվում էր և այդ շփումների սուբորտինացիան այնպես չէր, որ նա կարող էր մեզ դեմ լինել։ Կամ եթե դեմ է եղել ու չի արտահայտվել, շարունակել է մեզ հետ աղ ու հաց կիսել, դա արդեն այլ տեսակի մասին է խոսում։ Խորհուրդ կտամ, որ ընդհանրապես ինքը կողմնորոշվի, թե կյանքում, թե աշխատանքի մեջ, թե քաղաքականությունում, կողմնորոշվի իր շրջապատի առումով, կողմնորոշվի քաղաքական թիմի առումով, կողմնորոշվի լինել ու մնալ նույն թիմի մեջ, սկզբունքներում։ Ես բազմիցս արհամարհել ու չեմ արձագանքել նրա ոչ մի ասածին, սա բացառություն էր։ Ես ասելիքս ասեցի ու հետագայում էլ չեմ անդրադառնալու էս թեմային։ Չեմ սիրում «հեռակա» բանավեճերը։ Ամեն ինչ իր չափի մեջ է գեղեցիկ»,-մեզ հետ զրույցում խոսքն ավարտեց Խաչատրյանի կրտսեր որդին։