Արամ Սիմոնյանը հանգիստ չունի․ նոր գո՞րծ են ուզում հարուցել

Արամ Սիմոնյանը հանգիստ չունի․ նոր գո՞րծ են ուզում հարուցել

Պաշտոնաթողությունից հետո էլ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հանգիստ չունի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին ընդառաջ իշխանությունը հերթական շոուն կբեմադրի՝ կապված Սիմոնյանի հետ։ Մեր աղբյուրն ասաց, որ խոսքը 20 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահման մասին է, որը Սիմոնյանը 2016-17 թվականներին վճարել է ԵՊՀ-ին մատուցված ծառայությունների համար,  հենց դրա առթիվ էլ շուտով նոր քրեական գործ կհարուցվի։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արամ Սիմոնյանը առաջիններից մեկն էր, որ հայտնվեց իշխանությունների թիրախում, նրա նկատմամբ քրեական գործեր հարուցեցին, որոնք արդեն 2 տարի է նախաքննության փուլում են, վարույթն իրականացնող մարմինը ոչ մի կերպ չի կարողանում պատշաճ ապացույցներ հավաքել, գործը հանգուցալուծել և ուղարկել դատարան, դրանք գումարած, փաստորեն, նոր քրեական գործ են պատրաստվում հարուցել։

Մենք կապվեցինք Արամ Սիմոնյանի հետ՝ խնդրելով պատասխանել, թե տեղյա՞կ է արդյոք, որ պատրաստվում են իր դեմ նոր քրգործ հարուցել, Սիմոնյանը նախ չցանկացավ պատասխանել՝ խնդրելով իրեն հանգիստ թողնել, ապա ասաց, որ իր նկատմամբ նախկինում հարուցված քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են, և ինքը չի կարող ասել կա՞ նոր գործ, թե՞ ոչ․

«Ես տեղյակ չեմ, նախաքննությունը դեռ շարունակվում է, այդ գործը դեռ չի փակվել, երբ կլինեն արդյունքներ, այն ժամանակ կիմանանք»,- ասաց Սիմոնյանը։