Օրինախախտումները և կեղծիքները դասագրքերի մրցույթում
Մի քանի օր առաջ ավարտվեց 2024-2025 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթ կոչվածը։ Ավարտվեց հերթական մի ցուցադրական ներկայացում ու տապալված աշխատանք։ Այդ են վկայում մրցույթի գործընթացը և մրցույթով անցած դասագրքերը։ Այստեղ ես կխոսեմ միայն հանրակրթական դպրոցի հայրենագիտության բնագավառի դասագրքերի մրցույթի մասին է (համոզված եմ, որ մյուս բնագավառների դասագրքերի մրցույթում ևս վիճակը նույն է)։ Մրցույթին ներկայացված 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը» երեք դասագրքերից (առաջինի հեղինակներ՝ Աշոտ Ղուկասյան և Արսեն Ղուկասյան, երկրորդինը՝ Արա Աթայան, երրորդինը՝ Լիլիթ Մկրտչյան, Սեդա Քոչարյան, Հայկանուշ Ղևոնդյան) մրցույթով անցել են վերջին երկուսը, ինչպես նաև վեցերորդ դասարանի «Իմ հայրենիքը և աշխարհը» դասագիրքը (հեղինակ՝ Արա Աթայան)։
Մեր (հեղինակներ՝ Աշոտ Ղուկասյան, Արսեն Ղուկասյան) «Իմ հայրենիքը» դասագիրքը, որը անցյալ ուստարում հաջողությամբ կիրառվեց հանրակրթական դպրոցներում և դրական արձագանք գտավ, կրկին ապօրինաբար չանցավ մրցույթում (անցած տարի այն անցել էր մրցույթով և նախարարի օգոստոսի 3-ի հրամանով երաշխավորվել, սակայն այնուհետև մեզ անհայտ և անհիմն պատճառով սեպտեմբերի 6-ի ապօրինի հրամանով հանվել երաշխավորված դասագրքերի ցուցակից)։
Ես ուսումնասիրել եմ մրցույթով անցած «Իմ հայրենիքը» երկու դասագրքերը և «Իմ հայրենիքն ու աշխարհը» դասագիրքը ու խիստ բացասական կարծիք ունեմ դրանց մասին։ Մրցույթով անցած Ա․ Աթայանի «Իմ հայրենիքը» և «Իմ հայրենիքը և աշխարհը» «դասագրքերը» ընդամենը ոչ բարձր մակարդակով գրված ակնարկների ժողովածուներ են և գրեթե ոչ մի կապ չունեն հանրակրթության նոր չափորոշչի, առարկայի ծրագրի, գնահատման համակարգի, դպրոցի, մանկավարժության և մեթոդիկայի հետ։ Երբ համեմատեցինք նախարարության կողմից հաստատված դասագրքերի ստեղծման մրցույթային պահանջներին համապատասխանության փուլերը (գիտական, չափորոշչային և բովանդակային) և նշված դասագրքերը, մեզ թվաց, թե թյուրիմացություն է տեղի ունեցել։ և Արա Աթայանի ակնարկների ժողովածուները չէին կարող անցնել մրցույթով որպես «դասագրքերը», քանի որ դրանք՝
- Չեն համապատասխանում չափորոշչին, նրանում տեղ գտած կարողունակություններին, վերջնարդյունքներին, գնահատման համակարգին։ Գրքերում գրեթե տեղ չեն գտել խաչվող հասկացությունները, միջառարկայական կապերը, բովանդակության գիտելիք, հմտություն, վերաբերմունք և արժեքներ բաղադրիչները։
- Մեծ մասամբ չեն համապատասխանում առարկաների ծրագրին․ ակնարկնեի թեմաները և վերնագրերը կապ չունեն բուն ծրագրերի հետ (օրինակ 5-րդ դասարանում՝ «Կովերը, ոչխարները և մնացած», «Խորհրդավոր նամակ», «Վարուցանք», 6-րդ դասարանում՝ «Ռամա և Սիտա», «Ինչ կարելի է գտնել ձեղնահարկում» «Դեկտեմբերի 26-ը» և այլն)։ Էլ չեմ ասում, որ այդ առօրեական վերնագրերը հակասում են առարկայի գիտականության պահանջին։ Այս առարկաների ծրագրերով նման թեմաներ կամ դասեր չկան։ Այս պատճառով ստեղծվում է ծանր իրավիճակ դասավանդող ուսուցիչների և սովորողների համար։ Օրինակ, «Մեր անտառը», «Մեր անտառի պտուղները», «Մեր սարերի թռչունները» և այլն, ո՞ր թեմայի մեջ են մտնում, ի՞նչ վերջարդյունքներ պետք է ապահովեն։ Ուսուցիչը թեմատիկ պլան կամելիս ինչո՞վ է առաջնորդվելու ծրագիրային թեմաներով, թե ծրագրի հետ կապ
չունեցող դասագիրք կոչվածի ակնարկներով։
Նույն վիճակն է նաև 6-րդ դասարանի «Իմ հայրենիքը և աշխարհը» ակնարկների ժողովածուի դեպքում։ Ըստ ծրագրի՝ «Անցյալի ուսումնասիրման անհրաժեշտությունը» թեմայի «Պատմության ուսումնասիրման առարկան, մեթոդները, աղբյուրները, պարբերացումը», «Քաղաքակրթությունների ձևավորումը, պետությունների առաջացումը» ու մյուս դասերին փոխարինել են «Ինչ կարելի է գտնել ձեղնահարկում» «Ինչ կարող են անել աղջիկները» դասերը և այսպես շարունակ։ Ակնարկների այս ժողովածուի նյութերը չունեն պատճառ-հետևանքային կապեր, վերլուծություն, տրամաբանական հաջորդականություն։ Ակնարկները հարուստ են փաստական սխալներով, անհասկանալի մեկնաբանություններով։
- Ժողովածուների բովանդակության ծավալը և բովանդակությունը հնարավորություն չեն տալիս իրականացնելու սովորողների կրթական կարիքներին համապատասխան ուսուցում։ Ժողովածուի բովանդկաությունը տրոհված չէ բաժինների, գլուխների, պարագրաֆների, դասերի և այլն։
- Չունեն մեթոդական մաս, հարցեր ու առաջադրանքներ, գրաֆիկական կազմակերպիչներ, առանց որոնց դասագիրք լինել չի կարող։
- Չունեն գիտականության անհրաժեշտ մակարդակ, գիտելիքահեն հիմք, ակնարկների բովանդակությունը առօրյա տեղեկությունների մակարդակից վեր չի բարձրանում։
- Չունեն քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմանն ուղղված մտավոր գործողությունների (համեմատություն, համադրություն, վերլուծություն, արժևորում, գնահատում, համակարգում, ընդհանրացում և այլն) ձևավորման հնարավորություններ։
Կարելի է երկար շարունակել Արա Աթայանի ակնարկների ժողովածուների բացասական գնահատումների շարքը, բայց այսքանն էլ բավական է ցույց տալու համար, որ գնահատող հանձնաժողովը չի գտնվել իր բարձունքի վրա։ Այդ հանձնաժողովը հաշվի չի առել ոչ մի կարգ, ոչ մի սանդղակ և ոչ մի չափանիշ։ Դրան հակառակ, տիկին նախարարի և նախարարի տեղակալի հրահանգով կրկին մերժվել է դասագրքին ներկայացվող բոլոր պահանջներին ու չափանիշներին համապատասխանող մեր «Իմ հայրենիքը» (հեղինակներ՝ Աշոտ Ղուկասյան, Արսեն Ղուկասյան) դասագիրքը։ Եթե մրցույթը այսպես պետք է անցկացվի, ապա ինչի՞ համար են չափորոշիչները, ծրագրերը, դասագրքին ներկայացվող պահանջները։ Դուրս է գալիս ով ինչ գրի, ինպես գրի, նույնիսկ հեքիաթ, օրագրություն թե ինքնակենսագրություն, եթե նախարարի և նրա տեղակալների սրտով է, նրանց պատվերն է կատարում, ուրեմն կերաշխավորվի որպես դասագիրք։ Չնայած ինչու եմ զարմանում, այդպես էլ պետք է լիներ։ Մեր դասագրքում Հայրենիք կա, հայրենասիրություն կա, Պատմական Հայաստան կա, Արարատ լեռ կա, Արցախ աշխարհ կա, Արցախի քարտեզ կա, ազգային արժեքներ ու սրբություններ կան, որոնք դեմ են ԿԳՄՍ նախարարության ղեկավարության (Ժ․ Անդրեսայան, Ա․ Սվաջյան) և նրանց շեֆերի գլոբալիստական-սորոսական մանկուրտային հայացքներին ու քաղաքականությանը։
Ինչ վերաբերում է Լ․ Մկրտչյանի, Ս․ Քոչարյանի, Հ․ Ղևոնդյանի «Իմ հայրենիքը» դասագրքին, ապա այն թողնում է ընդամենը տարրական դպրոցի սկսնակ ուսուցչի մեթոդական ձեռնարկի տպավորություն։ Այդ դասագիրք կոչվածը ևս հարուստ է թերություններով, վրիպումներով, բացթողումներով և սխալներով։ Խոսենք դրանց մասին։
- Այն չունի բովանդակության հստակ տրոհում (պարագրաֆ, դաս և այլն)։ Խառնաշփոթ է առաջացնում, թե որ տեքստն է դասանյութ և ինչ հաջորդականությամբ է ներկայացվում։ Սա հատուկ է գրեթե բոլոր թեմաներին։
- Միշտ չէ, որ տեքստային նյութերն ապահովում են տվյալ թեմայի սկզբում նշված վերջնարդյունքները։ Այսպես՝ առաջին թեմայի սկզբում նշված է, որ սովորողը պետք է կարողանա նկարագրել մեր հայրնեիքի աշխարհագրական դիրքը, երբ այդ մասին խոսք չկա թեմայում շարադրված նյութի մեջ։ Կամ՝ 2-րդ թեմայի վերջնարդյունքներից մեկը պահանջում է վերլուծել հայ ժողովրդի ծագման ավանդապատումները, երբ տեքստում ներկայացված է միայն մեկը՝ հայկականը։
- Տեքստային նյութերի մի մասը շատ պարզունակ է և համապատասխանում է տարրական դպրոցի 2-ից 4-րդ դասարանների, այլ ոչ թե հիմնական դպրոցի 5-րդ դասարանի սովորողների տարիքին և հոգեբանական առանձնահատկություններին՝ հաճախ քիչ բան ավելացնելով նրանց գիտելիքներին։ 5-րդ դասարանի սովորողների գիտելիքների մակարդակը և զգայական կենսափորձը շատ ավելի բարձր է քան ներկայացված է «դասագրքում»։
- Դասագրքի բովանդակության մեջ կան ծրագրային շեղումներ։ Այսպես՝ վերջին՝ 5-րդ «Մարդ և հասարակություն» թեմայի 131-րդ էջից հետո բերված նյութերը, որպես բուն տեքստ, ավելորդ են և առարկայական չափորոշչով ու ծրագրով չեն պահանջվում։
- Տեքստերի զգալի մասը խիստ համառոտ են, որոնք չեն ապահովում նրա գիտականությունը։ Դրանցում հաճախ բաց են թողնված կարևոր գիտելիքներ և դրանց բացատրությունները։ Օրինակ՝ 2-րդ թեմայում (էջ 31) օգտագործվում են «նյութական և ոչ նյութական մշակույթ» հասկացությունները առանց բացատրության։ Նույն թեմայի վերնագրում հիշատակվում է «կիրառական արվեստ» հասկացությունը, բայց տեքստում ոչ միայն չի բացատրված այդ հասկացությունը, այլև հստակ նշված չեն, թե ինչ բնագավառներ են մտնում նրա մեջ։ Տեքստում եղած շատ նկարներ չունեն մակագրություններ, որոնք զանազան ենթադրությունների տեղիք են տալիս։
Մի քանի խոսք էլ հարցերի և առաջադրանքների մասին։
Գիտելիքի իմացություն պահանջող հարցերը չափազանց պարզունակ են։ Օրինակ՝ «Ես և իմ հայրենիքը․․․» թեմայում (էջ 7), որպես հմտություն, պահանջում է լրացնել բաց թողնված․ «Ես սիրում եմ իմ․․․ (հայրենիքը)», և սա դիտվում է որպես կարևոր հմտություն։ Կամ 19-րդ էջում դրված «Հայաստանը ըստ «Աշխարհացույցի» քարտեզի տակ գրված հարցը պահանջում է․ «Քարտեզի վրա փնտրի՜ր և ցո՜ւյց տուր Մեծ Հայքի 15 նահանգները»՝ այն դեպքում, երբ այդ քարտեզի վրա պատկերված են միայն 15 նահանգները, և փնտրելու կարիք չկա։
Այս ամենից զատ, դասագիրք կոչվածը ունի զգալի բացթողումներ և սխալներ։ Նշենք դրանցից մի քանիսը․
Դերախաղի ձևաչափով կառուցված այս ձեռնարկը սովորողներին կենտրոնացնում է աշակերտ խաղացողների խոսակցության վրա և նրանց ուշադրությունը շեղում է բուն տեքստից։
1․ «Հայաստանն իմ հայրենիքն է» թեմայում Հայաստանը ներկայացվում է որպես չորս երեխաներից միայն երեքի՝ Անահիտի, Արայի և Արշակի հայրենիք։
«Անահիտի և Արայի հայրենիքը Հայաստանն է, որովհետև նրանք ծնվել ու մեծացել են Հայաստանում: Նրանց տատիկներն ու պապիկները նույնպես ծնվել և ապրում են Հայաստանում:
Թեև Արշակն ապրում է արտերկրում, բայց նրա հայրենիքը ևս Հայաստանն է: Նրա ծնողները հայեր են»:
Իսկ 4-րդ՝ արցախցի Աստղիկի մասին ոչինչ չի ասվում (միտումնավոր բաց է թողնված)։ Անհրաժեշտ էր գոնե նշվեր, որ Արցախը մեր հայրենիքի բաղկացուցիչ մասն է, ուստի Հայաստանը նաև Աստղիկի հայրենիքն է։
2․ Բացակայում է առարկական ծրագրով նախատեսված առաջին թեմայի «Մեր հարևանները» դասը (տե՛ս ԿԳՄՍ նախարարի նոյեմբերի 30-ի N 73-Ն հրամանը): Թեմայի տեքստում ընդհանրապես բացակայում է մեր հարևան պետությունների մասին որևէ տեղեկություն, որը նախատեսված է «Իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի ծրագրով։
3․ «Ես կարող եմ կարդալ քարտեզը» դասանյութում (էջ 14) տեղադրված նկարի բացատրության մեջ գրված է «Աշխարհի ամենահին՝ Բաբելոնյան քարտեզը, Ք. ա. մոտ 6-րդ դ.․․․ », իսկ դրանից ներքև նկարի բացատրության մեջ նշված է «Շումերական քարտեզ՝ 5000 տարեկան»։ Այսինքն՝ դուրս է գալիս աշխարհի ամենահին՝ Բաբելոնյան քարտեզը (2600 տարեկան) ավելի հին է, քան 5000 տարեկան շումերական քարտեզը։
4․ «Ո՞րն է հայերի հայրենիքը» (էջ 17) թեմայում շարադրված նյութում նշված է․ «Հայկական լեռնաշխարհի սահմանները ձգվում են Սև ծովի հարավից մինչև Կասպից ծով' սահմանազատվելով լեռնաշղթաներով», ինչը ոչ լիարժեք է, եթե ոչ սխալ, քանի որ նշված չեն հյուսիսային և հարավային սահմանները։
5․ «Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը» քարտեզի մեջ (էջ 18) թերություն կա։ Քարտեզի վրա նշված է «Հայկական լեռնաշխարհ», սակայն սահմանները սխալ են տրված։ Բացի այդ՝ նույն քարտեզի վերևի մասում տրված առաջադրանքում հանձնարարվում է․ «Քարտեզի վրա ցո՛ւյց տուր Հայկական լեռնաշխարհի լեռները, գետերն ու լճերը», սակայն քարտեզում ոչ մի լեռ կամ լեռներ նշված չեն։
6․ 19-րդ էջի քարտեզի պայմանական նշանների մեջ նշված է «Մեծ Հայքի աշխարհները (մարզերը)», մարզերի փոխարեն պետք է լինի՝ նահանգները։
Նույն քարտեզի պայմանական նշաններում սահմանները ցույց տալու համար գրված է «հռոմեական պրովինցիա Փոքր Հայքի» կարծում եմ ձևակերպումը սխալ է։
7․ 73-րդ էջի «Հմտություններ» մասում հանձնարարված է․
1. «Դասն ընթերցելուց և դասընկերներիդ հետ քննարկելուց հետո կատարի՛ր հետևյալ հանձնարարությունը: Պատկերացրո՛ւ, որ դու լրագրող ես: Քեզ հանձնարարել են հարցազրույց վարել առաքյալների և Աբգար ու Տրդատ արքաների հետ: Ի՞նչ հարցեր կտաս նրանց»: Սակայն դրան նախորդող դասանյութի մեջ ընդհանրապես չի հիշատակվում Տրդատ արքայի անունը:
8․ «Ճանապարհորդություն դեպի Խոր Վիրապ» նյութում (էջ 80) կարդում ենք․ «Հայրս պատմեց, որ շատ չանցած՝ Տրդատ թագավորը ծանր հիվանդանում է: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը», սակայն թե ինչի՞ց «շատ չանցած»՝ այդպես էլ հասկանալի չէ։
9․ «Հայոց Ծովինար արքայադուստրը» նյութում (էջ 94) գրված է․ «Օտարերկրյա թագավորը, վախենալով նրանց ուժից, ցանկանում է սպանել եղբայրներին: Նրանք, իմանալով այդ մասին, սպանում են թագավորին և իրենց մոր հետ վերադառնում հայրենիք: Այստեղ հիմնում են իրենց քաղաքը՝ Սասունը, հզորացնում են ու շենացնում այն։ Սանասարը ծովի տակից ձեռք է բերում իր զենքն ու զրահը, Թուր Կեծակին, հրեղեն ձին' Քուռկիկ Ջալալին, և Խաչ Պատերազմին, ինքն էլ, աղբյուրի ջուրը խմելով, հզորանում է և ուժեղանում»։ Ժամանակագրորեն սխալ է, քանի որ եղբայները նախ փախնում են Հայաստան, հիմնում Սասունը, ծովի տակից հանում Թուր Կեծակին, Քուռկիկ Ջալալին և Խաչ պատերազմին, այնուհետև գնում են Բաղդադ, սպանում խալիֆին և իրենց մոր հետ վերադառնում Սասուն։
Մենք ձեզ ներկայացրինք դասագրքերում տեղ գտած սխալների, ծրագրային բացթողումների, վրիպակների և թերությունների միայն մի փոքր մասը։
Այսքանից հետո ի՞նչ արդարացումներ ունի ԿԳՄՍ տիկին նախարարը և նրա կամակատարները։ Վերջում նշենք, որ ես մի քանի անգամ դիմել և պահանջել եմ, որպեսզի նշված դասագրքերը հանվեն երաշխավորված դասագրքերի ցանկից և կասեցվեն դրանց հրատարակումը և անցակցվի լրացուցիչ փորձաքննություն (ինչ նախատեսված է 2022 թ․ հունիսի 9-ի N 20 հրամանով հաստատված մրցույթի կարգով)։ Սակայն առանց լուրջ հիմնավորման մեր դիմումները մերժվել են։
Հոդվածը արդեն պատրաստ էր, երբ պարզվեց ԿԳՄՍ նախարարության դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի հերթական սուտն ու կեղծիքը։ Այս հանձնաժողովի 2024թ․ հունիսի 28-ի նիստի N 8/2024 արձանագրության մեջ մրցույթին ներկայացված 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի (հեղինակներ՝ Ս․ Հովհաննիսյան, Ա․ Խառատյան, Զ․ Հակոբյան) վերաբերյալ կայացվել է հետևյալ որոշումը․ «Դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակին ոչ համապատասխան իրականացնելու պատճառով դասագիրքն ուղարկվել է կրկնակի փորձաքննության։ Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը չի հաղթահարել անցողիկ շեմը»։
Այս որոշումից ավելի քան մեկ ամիս անց՝ 2024 թ․ հուլիսի 31-ին, դրամաշնորհային մրցութային հանձնաժողովը մի նոր հատուկ նիստ է հրավիրում և քննարկում իր սրտի հեղինակ, վաղուց ձախողված ու հանրության կողմից մերժված Ս․ Հովհաննիսյանի և մյուս երկու հեղինակների «Հայոց պատմության 8» դասագիրքը և N10/2024 նոր արձանագրությամբ կեղծում է այդ դասագրքի վերաբերյալ իրենց իսկ նախորդ արձանագրությունը և կայացնում հետևյալ որոշումը․ (իբրև թե) ․․․ Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման դասագիրքը համապատասխանել է չափորոշչի պահանջներին, սակայն գիտականության վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ․․․»։ Նայեք նախորդ հրամանը, մի՞թե նման բան կա վերը նշված հուլիսի 28-ի նիստի արձանագրության մեջ։
Իհարկե, ոչ։ Այսպես նախորդ արձանագրությամբ սահմանված շեմ չհաղթահարած դասագիրքը, անհասականլի և հանիրավի կերպով նորից երաշխավորվեց։ Սա հերթական մանիպուլացիա է, հարնրության աչքին թոզ փչելու և իրենց կեղծիքներն ու չարաշահումները քողարկելու համար։ Ահա սա է մրցութային հանձնաժողով կոչվածի իրական դեմքը։ Այսպես նրանք խոչընդոտում են դպրոցականների կրթության իրավունքի որակի բարելավումը՝ իրենց հաստատած վատ դասագրքերով և ազգային դպրոցի վերջին հիմնաքարեր դեն նետելով։
Մանկավարժ-պատմաբան՝
Աշոտ Ղուկասյան
Կարծիքներ