Քաղաքականություն

ԱԳՆ-ն 3 տարի առաջ մերժել էր Նեմեսիսի արձանի տեղադրումը

ԱԳՆ-ն 3 տարի առաջ մերժել էր Նեմեսիսի արձանի տեղադրումը

Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման որոշումը կայացվել է Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, խոսքը` Երեւանի քաղաքապետարանի մասին է։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։ Սիմոնյանը նաեւ ցավ է հայտնել, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։

«Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում բոլորդ եք ականատես», - ընդգծել է Սիմոնյանը։ 

Վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին հարցազրույցի ժամանակ հաճոյանալով Թուրքիային նշել է, որ Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ: 

Ի վերջո` ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղադրվել այդ արձանը, ինչպե՞ս է պատահել, որ երկրի առաջին դեմքերը դրան դեմ են եղել, սակայն Երեւանի քաղաքապետարանը կամ ավագանին նման որոշում են կայացրել: «Հրապարակը» զրուցել է Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի հետ: Վարդանյանի պնդմամբ` նախաձեռնությունը բավականին հին է, այն կյանքի է կոչվել Նեմեսիսի վրիժառուների ընտանիքի անդամների ու ժառանգների կողմից. 

«Մի մեծ թիմ է նրանց միացել: Քաղաքապետարանում Նեմեսիսի արձանի համար առաջին պայքարողներից մեկը ես եմ եղել: ԱԳՆ-ն ի սկզբանե մերժել էր գաղափարը` մոտ երեք տարի առաջ: Այժմ հաստատվեց նախաձեռնությունը, որովհետև ԱԳՆ-ն տվեց իր համաձայնությունը: Շատ երկար և հին նախաձեռնություն է սա և, այո, գործող իշխանությունները որևէ առնչություն չունեն այս նախագծի հետ: Հանդիպել եմ Արմեն Գևորգյանին, ում պապիկը Նեմեսիսի վրիժառուներից է: Բազմիցս խոսել եմ նրա հետ, ունեցել քննարկումներ արձանի տեղադրման մասին: Քաղաքապետարանում նախագծի համար պայքարում էին Կամո Արեյանն ու Դավիթ Գևորգյանը», - նշում է Թեհմինա Վարդանյանը: 

Նրա խոսքով` ողջունելի է, որ Նեմեսիսի արձանի տեղադրումն ի վերջո կյանքի է կոչվել և Հայաստանը ցույց է տվել որոշակի վճռականություն. «Ինձ համար էլ զարմանալի էր, որ թե գործող և թե քաղաքային իշխանությունները որոշակի կամք ունեցան արձանը տեղադրելու համար» - ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image