Միքայել Սրբազանի դեմ գործ կհարուցե՞ն. «Թող փորձեն»

Միքայել Սրբազանի դեմ գործ կհարուցե՞ն. «Թող փորձեն»

Երեկ լուր տարածվեց, որ քրեական գործ են ուզում հարուցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ։ Միքայել Սրբազանը Արցախում բռնի արտագաղթման, ողբերգական իրադարձությունների  ֆոնին՝ հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին՝ մեղավոր համարելով նաև ՀՀ իշխանություններին ու վերահաստատելով նախկինում հնչեցրած իր այն կարծիքը, թե «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։

ՖԲ օգտատերերից մեկը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Արթուր Բաղդասարյանի նախկին խոսնակ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու հոդվածի վերնագիրը, այն է՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» եւ դիմել ՀՀ ներքին գործերի նախարարությանն ու ԱԱԾ-ին, թե` գնացեք, հոգևորականին բռնեք։

Ոստիկանությունն էլ տեղեկացրել էր, որ համացանցում մշտադիտարկում անցկացնելիս՝ օգտատիրոջ այս գրառումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: Քննչական կոմիտեից երեկ մեզ տեղեկացրին, որ նման վարույթ իրենց մոտ նախաձեռնված չէ, հետագայում մեր աղբյուրները փոխանցեցին, որ քրեական գործ չի հարուցվել, սակայն հնարավոր է  հարուցվի։ Միքայել Սրբազանը երեկվանից զանգերին չի պատասխանում, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հարցրինք՝ խոսե՞լ է Միքայել Սրբազանի հետ, տեղեկություն ունի՞ քրեական գործ հարուցվե՞լ է իր նկատմամբ, թե՞ ոչ․

«Մենք տեղեկություն չունենք, ինքն էլ կարծեմ տեղեկություն չունի, մի քիչ համբերեք, հասկանանք՝ ինչ է»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Սրբազանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ Միքայել Սրբազանի դեմ գործ հարուցեն, չէ՞ որ խոսքը հեղինակավոր հոգևորականի մասին է, որը որևէ հանցավոր արարք չի կատարել, այլ իր կարծիքն է հայտնել այն ողբերգության վերաբերյալ, որն այսօր հայ ժողովուրդն ապրում է․

«Այս աղետից հետո ամեն ինչ է հնարավոր է, թող փորձեն»,- պատասխանեց Սրբազանը։

Իսկ եկեղեցին Միքայել Սրբազանին պաշտպան կկանգնի՞՝ հարցրինք․

«Բնականաբար, ասում եմ՝ թող փորձեն»։