Ճնդո, Զապ, «տուշոնկա օպերացիայի» քավոր․ ովքեր են ՔՊ թեկնածուները

Ճնդո, Զապ, «տուշոնկա օպերացիայի» քավոր․ ովքեր են ՔՊ թեկնածուները

Շաբաթներ առաջ իշխանությունը նախաձեռնեց համայնքների խոշորացման հերթական ծրագիրը, խոշորացվեցին արդեն մեկ անգամ խոշորացված համայնքները։ Եվ սեպտեմբերի 26-ին մեկ տասնյակ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել, որ չկրկնվի նախորդ ՏԻՄ ընտրությունների սցենարը, երբ շատ համայնքներում հաղթեցին ընդդիմադիրները, իսկ հետընտրական քրեական արշավանքների միջոցով ՔՊ-ն զավթեց համայնքապետի պաշտոնը։ 

Երեկ իշխող ուժը ներկայացրեց իր քաղաքապետացուների ցանկը, որն ավելի քան խոսուն է։ 
Բնականաբար, ամենաթեժ մարտերն իշխանականները կմղեն Սյունիքի մարզում, որտեղ անցած ՏԻՄ ընտրություններին ջախջախիչ պարտություն են կրել։ Քաջարան եւ Սիսիան համայնքներում են ընտրություններ նշանակված, առաջին անգամ՝ համամասնական ընտրակարգով։ Թե՛ Սիսիանի, թե՛ Քաջարանի թեկնածուները ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի «մարդիկ» են, Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է Համբարձումյանի լավության տակ չմնալ․ հիշեցնենք՝ պատերազմից հետո Համբարձումյանն իր ազգուտակին փողոց էր հանել, որ նրան դիմավորեն Սյունիքում, այն ժամանակ, երբ իրական սյունեցիները «սյունյաց ողջույններով» էին դիմավորում։
Քաջարանի քաղաքապետի թեկնածուն Արմեն Առաքելյանն է, հաշված օրեր առաջ է մտել ՔՊ։ Թեեւ մինչ այդ մտերիմների շրջանում գլուխ է գովացել, թե կուսակցություն մտնողը չէ։ Նախկինների «տասովշչիկներից» է եղել, մականունը՝ «Զապ», որը ստացել է սովետի թվին հոր «Զապորոժեցը» վարելու պատճառով։ Հայրը եղել է ուսումնարանի, հացի գործարանի տնօրեն։ Հիմա բիզնես ունի՝ հյուրանոց Երեւանում։

Մեզ պատմեցին, որ Քաջարանի ավագանու ՔՊ ցուցակը պիտի գլխավորեր Գառնիկ Պետրոսյանը։ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Պետրոսյանին նշանակել էր իր խորհրդական, որպեսզի հետագայում դառնա Քաջարանի համայնքապետի թեկնածու։ Սակայն ՔՊ-ում հարցում ու հաշվարկ են արել եւ եզրահանգել, որ Առաքելյանն ավելի մրցունակ թեկնածու է։ Նա Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի համագյուղացին է եւ կարող է հայրենի գյուղում էլ ձայներ խլել նրանից։ Մինչդեռ Փարամազյանի շրջապատից ասում են, որ դեռեւս չի որոշել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ։ ՔՊ-ում, սակայն, էլի միասնական չեն՝ Մելիքսեթ Պողոսյանի կողմնակիցները չեն աջակցի Առաքելյանին, որի առաջադրումը, ի դեպ, ՔՊ-ում շատերին է զարմացրել։

Սիսիանում վիճակն ավելի բարդ է։ Իշխող ուժի թեկնածուն, որը համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանն է՝ Կարեն Համբարձումյանի բարեկամը, համայնքում չսիրված անձ է։ ՔՊ-ում ի սկզբանե հակված են եղել գործարար Արա Զաքարյանի առաջադրմանը, սակայն պատգամավոր Համբարձումյանի տեսակետը հաղթել է, ու այստեղ էլ է ՔՊ-ն պառակտված՝ Համբարձումյանի կուսակցական ախոյաններն աջակցելու են Զաքարյանին, որն առաջադրվելու է այլ կուսակցության ցուցակով։ Հիշեցնենք․ Սիսիանում Համբարձումյանի հակառակորդ թեւում Արսեն Ավագյանն է։ Եթե այս պառակտվածությանը գումարենք ընդդիմության հավանական թեկնածուի շանսերը, ապա կարելի է կանխատեսել, որ բարդ ընտրություն է սպասվում։ Մեզ հասած լուրերով՝ ընդդիմության միասնական թեկնածուն Սիսիանում լինելու է համայնքապետարանի քաղաքաշինության եւ տնտեսության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանը։ Նա այն պաշտոնյան է, ում այս տարվա մայիսին ԱԱԾ-ն համայնքապետարանից բերման ենթարկեց՝ ինչ-որ քրեական գործի շրջանակներում։ Ավելի ուշ պատմում էին, որ համայնքապետը փորձել էր «գործ տալ» ու ազատվել իր մրցակցից, սակայն չստացվեց։ Սիմոն Հովհաննիսյանը Սիսիանի նախկին համայնքապետ, ներկայում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի մտերիմն է։ Կատակում  են, թե Սիսիանում մեծ ազգուտակ ունի, հենց միայն նրանք էլ ընտրեն՝ կհաղթի։

Ալավերդիում ՔՊ-ի քաղաքապետացուն տխրահռչակ Արեն Մկրտչյանն է՝ ԱԺ պատգամավոր, որը հեղափոխությունից հետո, երբ վարչապետի օգնականն էր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ «Տուշոնկա օպերացիայի» հեղինակն էր համարվում, նա էր հայտնի տեսանյութը՝ մոնտաժելով պատրաստել։ Կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկի համարում ունի նա, բայց Ալավերդիում հակառակ կարծիքի են․․․ Նա խորհրդարանում գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, իսկ վերջին ամիսներին հազվադեպ է այցելում ԱԺ։ Ողջ օրը ֆբ էջում տեղադրում է Ալավերդիում իրականացրած նախընտրական այցերի մասին նյութեր։ Պարզ է, որ նա վաղուց էր պատրաստվում այս դերին։

Չարենցավանի իշխանական թեկնածուն՝ Արթուր Գալստյանը, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում «Ճնդո» մականունով է հայտնի։ Կիսագողական, «ճշտով ապրող» Գալստյանի մասին լուրեր կան, թե նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրներն են աջակցում։ Տարիներ առաջ որդին դատվել է մարդ սպանելու համար, տղայական «ռազբորկայի» ժամանակ դանակահարել է մի երիտասարդի։ 

Դրամատիկ պայքար է սպասվում Բերդում․ գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը որոշել է Առուշ Առուշանյան-2 անել։ Նա տեւական ժամանակ է՝ բանտում է, սակայն մտադիր է առաջադրվել եւ հաղթել։ Իշխանական թեկնածուն 2017 թ․ համայնքի ավագանի ընտրված, իսկ 20-ին Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի տնօրեն նշանակված Վահրամ Սուքիասյանն է։ Ընտրություններ կլինեն նաեւ Արագածոտնում, Թալինում ՔՊ-ն կրկին Տավրոս Սափեյանին կփորձի, որը դեկտեմբերի 5-ին չդարձավ համայնքապետ։ Ալագյազ եզդիաբնակ համայնքի թեկնածուին որոշել է Ռուստամ Բաքոյանը․ այստեղ ՔՊ թեկնածուն ոչ այնքան խոստումնալից անունով անձն է՝ Անզոր Ուռուսյան։ Ծաղկահովիտում նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանին են առաջադրում, ում մասին տեղացիները դրական են արտահայտվում, եւ ով նախկինում ենթարկվել է Սարգիս եւ Նաիրի Սահակյան եղբայրների հալածանքներին։ «Երեւի էնքան զզվել է նախկիններից, որ միացել է իշխանություններին»,- ասաց մեր աղբյուրը։

Ընտրություններ են սպասվում նաեւ Ակունքում, Արենիում, Բյուրեղավանում, Գյուլագարակում, Եղեգիսում, Լոռի Բերդում, Ջրվեժում, Տաշիրում։