«Հրապարակ». Գուցե իշխանափոխությո՞ւն է մոտենում, դրա համար է Արշակ Կարապետյանը Նիկոլի դեմ ցուցմունք տալիս

«Հրապարակ». Գուցե իշխանափոխությո՞ւն է մոտենում, դրա համար է Արշակ Կարապետյանը Նիկոլի դեմ ցուցմունք տալիս

ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, Հայաստանը «ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու» նպատակով, ազդարարել է նոր քաղաքական շարժում ձեւավորելու մասին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախկին պաշտոնյան նախօրեին նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը եւ հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ։ Ծանր մեղադրանք` պետական դավաճանությանը համազոր:

Կարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է վախկոտության ու դավաճանության պատճառով Արցախը հանձնելու մեջ՝ նշելով, որ նույն ճակատագիրը սպասվում է նաեւ Հայաստանին։ «Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին եւ թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»,- սենսացիոն հայտարարություն է արել նա։ Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը գործող իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, հայ եւ ռուս ժողովուրդներին թշնամացնելու փորձերի մեջ։ Վերջում Արշակ Կարապետյանը ՌԴ ղեկավարությանը հորդորել է՝ կանխել Հայաստանի պետականությունը ոչնչացնելու Փաշինյանի փորձերը։ 

Դավադրապաշտ հայ հասարակությունը համոզված է, որ Արշակ Կարապետյանը Ռուսաստանի պրոյեկտն է, եւ ռուսներն են նրան ակտիվացրել` ընդդեմ իր նախկին վերադաս Նիկոլ Փաշինյանի: Երեկ կարծիքներ էին հնչում, որ նա չի կարողանալու իր շուրջը համախմբում ապահովել եւ քաղաքական հայտ ներկայացնել` նրա մասին բացասական հիշողությունները շատ են, եւ նա ընկալելի չէ ընդդիմադիր ազդեցիկ ճամբարներից եւ ոչ մեկի կողմից։ 
1993-2018 թվականներին ծառայելով ՀՀ ԶՈՒ-ում՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Կարապետյանը Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր, իսկ պատերազմից հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց այդ պաշտոնից, քանի որ համոզված էին, որ ՊՆ հետախուզության թերացումների պատճառով է նաեւ հայկական կողմը թերի տեղեկացված եղել։ Սակայն Սերժ Սարգսյանն ինչ-որ ժամանակ անց ներեց Կարապետյանին եւ նշանակեց Ռուսաստանում ՀՀ ռազմական կցորդ։ 

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի թիմում Կարապետյանը հայտնվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքի շնորհիվ: Հետագայում Քոչարյանն անդրադարձավ այդ ցուցմունքին. «Վկան թեեւ վատ ցուցմունք չի տվել, սակայն ասել է մեկ բառ՝ «հայտարարվել է արտակարգ դրություն»»։
Ովքեր կարող են լինել Արշակ Կարապետյանի նախաձեռնած շարժման անդամներ՝ դեռեւս հայտնի չէ, անգամ նրան քիչ թե շատ մոտիկից ճանաչողները երեկ պատկերացում չունեին, թե ովքեր են Կարապետյանի գաղափարակիցները։ Պարզեցինք, որ Արշակ Կարապետյանն ընկերական սերտ շփումներ ունի բանակի նախկին գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ, եւ նրանց հաճախ են միասին տեսնում Երեւանի փողոցներում զբոսնելիս, սրճարաններում նստած։ 
Շատերի կարծիքով՝ Կարապետյանի նոր ձեւավորած թիմի կորիզն էլ կազմված է լինելու ուժային ոլորտի նախկին պաշտոնյաներից, որոնք դժգոհ են այս իրավիճակից եւ, մասնավորապես` հակառուսական դեմարշներից։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ԱԱԾ տնօրեն աշխատած Միքայել Համբարձումյանին երեկ հարցրինք՝ ինչ ակնկալիքներ ունի նախկին պաշտոնյայի ձեւավորած շարժումից, եւ արդյո՞ք իրեն եղել է առաջարկ` մասնակցելու։ «Չեմ ուզում որեւէ կերպ մեկնաբանել․ կապրենք՝ կտեսնենք, սա է մեկնաբանությունս»,- ասաց նա:

«Հո ես հիվանդ չե՞մ, որ Արշակի հետ ճանապարհ գնամ»,- մեր հարցին հարցով պատասխանեց ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը․ «Դեռեւս 2011 թվականին պաշտպանության նախարարին զեկուցել եմ իմ վերաբերմունքն այդ մարդու վերաբերյալ։ Երբ նախարարը հակադարձել է, որ` չէ, նա լավ մասնագետ է, ես ասել եմ, որ նրան ինձ մոտ նույնիսկ դասակի հրամանատար չեմ նշանակի։ Ինքն ուղղակի սուտասան է ու մարդ ծախող, ուրիշ ոչ մի բան։ Դուք հետեւեք, թե ինքն ինչի համար պաշտոն ստացավ, եթե իր հետագծով գնաք, կիմանաք, որ ինքը միշտ իր նախորդի վրա ցուցմունք է տալիս։ Ինքը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինքը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, Յուրի Խաչատուրովի դեմ, ինքը ցուցմունք է տվել Սեյրան Օհանյանի դեմ։ Հիմա չգիտեմ՝ գուցե իշխանափոխությո՞ւն է հովանավորված, ինքը Նիկոլի դեմ է ցուցմունք տալիս, որ նորից պաշտոն ստանա։ Ես նման մարդկանց հետ ճանապարհ անցնելու ցանկություն չունեմ։ Ես նման կատեգորիայի մարդկանց հետ 3 կիլոմետր հեռավորությունից եմ շփվում»։ Իսկ նախկին զինվորականների մեջ, ըստ Ձեզ, կլինե՞ն մարդիկ, որոնք նրա հետ կհամագործակցեն: «Զինվորական՝ ոչ։ Խոսքն իմ գնահատմամբ զինվորականների մասին է, իր գնահատմամբ՝ գուցե 1-2 հոգի ճարի, բայց դժվար իմ պատկերացրած մարդկանցից ճարի...»,- խոսքը հայհոյանքով եզրափակեց Հակոբյանը։
Արշակ Կարապետյանը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքագետ Արամ Սաֆարյանի խնամին է:

Զանգեցինք Սաֆարյանին, սակայն նա, լսելով, որ լրագրողի հետ է խոսում, մի շնչով շարեց․ «Ջանիկս, Ձեզ չե՞ն ասել, որ ես հարցազրույց չեմ տալիս, ես 11 տարի է՝ քաղաքականությունից դուրս եմ եկել, ապրում եմ իմ բնականոն կյանքով, ոչնչից տեղյակ չեմ, ցանկություն չունեմ հարցազրույց տալու»: Մենք ընդամենը ուզում ենք Ձեր խնամու նոր նախաձեռնության մասին հարցնել` տեղյա՞կ եք, թե ինչ շարժում է, ովքեր են մասնակիցները։ «Ես ոչնչից տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում, ցտեսություն»։