«Հրապարակ». Հայկական ՀԿ-ի «օգնությամբ» Ադրբեջանում շարժում է սկսվում Հայաստանի դեմ

«Հրապարակ». Հայկական ՀԿ-ի «օգնությամբ» Ադրբեջանում շարժում է սկսվում Հայաստանի դեմ

Մենք գրել էինք, որ Հայաստանի տարբեր շրջաններում քիմիական աղտոտվածության հետազոտություններ իրականացնելու համար, 2018-ից սկսած, չեխական «Առնիկա» կազմակերպության փորձագետները «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» եւ «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ տարիներ շարունակ մեր երկրի էկոլոգիական վիճակի հետ կապված տվյալներ են հավաքագրել, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում։ Նրանք ջրի, հողի եւ կենսաբանական նյութերի փորձանմուշներ են վերցրել Արարատի, Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում, ուսումնասիրել են ծանր մետաղների տարածման ուղիները Քարաբերդի, Մեղրաձորի ոսկու բաց հանքավայրերում, Արարատի ոսկու կորզման գործարանում, հարակից Արարատի ցիանային պոչամբարում, Թուխմանուկի ոսկու հանքավայրում եւ հարակից պոչամբարներում:

Մենք հետաքրքրվել էինք` արդյո՞ք հավաքագրված տվյալները չեն փոխանցվում Հայաստանի նկատմամբ անբարյացակամ տրամադրված երկրներին, մասնավորապես Ադրբեջանին, եւ արդյո՞ք դրանք չեն օգտագործելու քաղաքական նպատակներով։ Պարզվեց` մեր մտահոգություններն անտեղի չէին։ Չեխական «Առնիկա» ՀԿ-ի հետազոտության արդյունքների հրապարակումից հետո kavkazplus.com կայքում հունվարի 12-ին լույս է տեսել հոդված, որտեղ հեղինակը պնդում է, թե Հայաստանը բնապահպանական աղետ է դարձել տարածաշրջանի համար։ Հոդվածագիրը` ոմն Վարդեն Ցուլուկիձե, անդրադառնում է հայկական բոլոր մետաղական հանքերին ու մի շարք գետերի՝ Ողջի, Դեբեդ, Մարմարիկ, Հրազդան, Արաքս։ Դեբեդ գետի աղտոտվածությամբ վախեցնում է Վրաստանին։ Գրում է, որը գետն աղտոտվում է Լոռու հանքերի կողմից, հոսում Վրաստան եւ օգտագործվում գյուղատնտեսական նպատակներով։ Գրում է Արաքս գետի մասին, նշում, որ Մեծամորի ԱԷԿ-ը ռադիոակտիվ նյութերով աղտոտված ջուր է խառնում Արաքսին, որը հոսում է «Հյուսիսային Իրան, որտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ` Հայաստանը նրանց «էկոցիդի» է ենթարկում», չնայած այս տեղեկությունը պաշտոնապես հերքել է Իրանի ԱԳ նախարարը: Կեղծ ինֆորմացիա է տարածում, թե տարածաշրջանի բնակչության մոտ քաղցկեղի ցուցանիշը միջինից բարձր է, չնայած բժշկական տվյալները հակառակի մասին են խոսում։ Հիշեցնում է, որ Արաքսը թափվում է Կասպից ծով, ու, հետեւաբար, «այս խնդրի շահառու են լճի սահմանային երկրները՝ Իրան, Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ադրբեջան»։

Նորություն չէ, որ ադրբեջանական քարոզչամեքենան՝ պետական մակարդակով, փորձում է միջամտել Հայաստանի հանքարդյունաբերությանը, միջազգային հանրության աչքում մրոտել մեր տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած գործընթաց, սակայն առավել ցավալի է, որ Ադրբեջանին «օգնում» են հայաստանյան ՀԿ-ները։ Չեխական ՀԿ-ի եւ հայկական «Էկոլուրի» անցկացրած հետազոտությունների վերաբերյալ «Հրապարակը» փորձեց մասնագիտական կարծիք ստանալ քիմիկոս, ք․ գ․ թ․, դոցենտ Հասմիկ Քոչարյանից։ Նրա դիտարկմամբ՝ այս ՀԿ-ների նպատակը հանրության մոտ ծանր մետաղների հետ կապված տագնապ ստեղծելն է, արդյունաբերական ոլորտը վարկաբեկելը, ինչն էլ հմտորեն շահարկվում է մեր «հարեւանների» կողմից:

«Ի դեպ, ծանր մետաղները կարող են մարդու օրգանիզմ թափանցել ամեն օր կիրառվող ցածրորակ կենցաղային իրերից եւ բիժուտերիայից, ինչպես նաեւ ծխախոտի, տարբեր մետաղական տարաների, ներկանյութերի, մայրուղիների հարեւանությամբ վաճառվող սննդի, սննդային հավելանյութերի, մաշված ջրագծերի, շինարարական էժանագին նյութերի, ավտոտրանսպորտի եւ այլնի օգտագործման ժամանակ։ Ցավոք, միշտ չէ, որ քիմիայի հետ կապված ուսումնասիրություններն ու հետազոտությունները բարեխիղճ են անցկացվում: Երբեմն դիտավորյալ, հնչեղություն հաղորդելու նպատակով բերվում են իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող օրինակներ կամ փորձանմուշներ»,- ընդգծեց քիմիկոսը։

Հ. Քոչարյանը նկատում է՝ ասվածը չի նշանակում, որ Հայաստանում չկան էկոլոգիական խնդիրներ` նման խնդիրներ կան աշխարհի բոլոր երկրներում, սակայն դրանց լուծման գործում պետք է նախապատվությունը տալ մասնագիտական կարծիքին, մաս չդառնալ օտարերկրյա քարոզչությանը, օբյեկտիվ կարծիք կազմել՝ գիտականորեն հիմնավորված մոտեցումների, պատշաճ մասնագիտական վերլուծության եւ պատճառահետեւանքային կապը ցույց տալու արդյունքում։ «Հանքարդյունաբերության միջոցով, հայտնի պատճառներով, Հայաստանի վրա միշտ փորձում են ճնշումներ գործադրել եւ միջազգային հարթակներում բացասական կարծիք ձեւավորել՝ գիտակցելով մեր տնտեսության համար այս ոլորտի խիստ կարեւորությունը: Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներուժը մեծ է եւ կարող է բացառիկ ազդեցություն թողնել երկրում տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, օտարերկրյա ներդրումների, ինչպես նաեւ տարածաշրջանի զարգացման վրա: Դա է պատճառը, որ մեր «հարեւանները» սկսել են «մտահոգվել» ՀՀ բնապահպանական խնդիրներով»,- հավելեց քիմիկոսը։ 
Մենք կապ հաստատեցինք «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի հետ՝ պարզելու, թե ինչ են մտածում ադրբեջանական մամուլում լույս տեսած այս հոդվածի վերաբերյալ, որի հիմքում դրվել են իրենց ուսումնասիրությունները։ Զարաֆյանը, լսելով հարցը, ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին, քանի որ իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ մեր հարցին ավելի վաղ պատասխանել է։ Այո, Զարաֆյանին հարցեր էինք տվել, սակայն ստացել էինք ոչ ամբողջական` «լղոզված» պատասխաններ։ 2023թ․ դեկտեմբերի 14-ին «Առնիկա» կազմակերպության ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը եւ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրել էին «Հայաստանի 4 հանքարդյունաբերական համայնքներում ծանր մետաղների բաշխման կենսամոնիթորինգ եւ քարտեզագրում» հաշվետվությունը։ Հենց այդ միջոցառման ժամանակ մի քանի հարց էինք հնչեցրել։ 

Ահա այդ հարցերը.

- «Առնիկա» կազմակերպության փորձագետներն արդեն երկու տարի տվյալներ են հավաքում Հայաստանում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում՝ դիտարկումներ ու հարցումներ են անում համայնքներում, լուսանկարում են ստրատեգիական օբյեկտներ համարվող պոչամբարները, նմուշառումներ են անում տեղերում։ Ո՞ր մարմիններից են ստացել այստեղ գործունեություն ծավալելու թույլտվություններ, եւ ի՞նչ երաշխիքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունը, որ հավաքագրված տվյալները չեն հայտնվի թշնամի երկրի հատուկ ծառայությունների տրամադրության տակ։ 

- Ձեր գործունեության աշխարհագրությունում բացակայում է Ադրբեջանը` երբեք այնտեղ ստուգումներ չեք արել։ Մի՞թե Ադրբեջանում չկան բնապահպանական խնդիրներ: Իսկ Ձեր կազմակերպությունը որեւէ ձեւով արձագանքե՞լ է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախում արգելված ֆոսֆորային զենք օգտագործելու փաստին՝ նկատի ունենալով բնության վրա ֆոսֆորային զենքի կիրառման հետեւանքները։

- Տիկին Զարաֆյան, վերջերս Դուք Baku հեռուստաընկերությանը հարցազրույց էիք տվել, որտեղ հայկական հանքարդյունաբերական ոլորտի խնդիրներն էիք ներկայացրել, սակայն Ձեր փաստարկները համընկնում էին ադրբեջանական թեզերի հետ, եւ սեպտեմբերին Դուք ադրբեջանցի բնապահպանների հետ միացաք մի նամակի տակ, որով ՎԶԵԲ-ից պահանջում էիք վերանայել հայկական հանքարդյունաբերական ոլորտում ներդրումների քաղաքականությունը։ Մենք հասկանում ենք, որ Դուք բնապահպանական խնդիրներով եք զբաղվում, սակայն մեր փորձագետների այս պահվածքն արդյո՞ք ջուր չի լցնում ադրբեջանական ջրաղացին` ի վնաս մեր պետության։ Մանավանդ որ պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին պարբերաբար մեղադրում է սահմանային գետերն աղտոտելու համար եւ դիմում է տարբեր միջազգային կազմակերպությունների, որպեսզի փակվեն, իրենց պնդումով` աղտոտման աղբյուր հանդիսացող հանքարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ։

Այս հարցադրումները միջոցառման կազմակերպիչներին այնքան զայրացրին, որ ներկաները սկսեցին «Հրապարակ»-ի լրագրողին վիրավորել, Ինգա Զարաֆյանն էլ ի պատասխան նշեց, թե ուսումնասիրության վերաբերյալ տվյալներն ուղարկում են պատկան մամիններին, իրենք պաշտպանում են բնակիչների շահերը․ «Բոլոր տվյալները փոխանցվելու են առաջին հերթին կառավարությանը, նախարարությանը եւ տարբեր պատասխանատու գերատեսչություններին եւ բիզնեսին, քանի որ մենք փորձում ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է, հասնել դրա լուծմանը։ Հարցնում եք՝ ո՞ւմ շահերն է պաշտպանում մեր հետազոտությունը։ Մեր հետազոտությունները պաշտպանում են տեղի բնակչությանը եւ մեր ապագա սերունդների առողջությունը։ Ես կարող եմ վստահեցնել, որ մեր էկոլոգիական անվտանգությունը մեր պետական անվտանգության կարեւոր մասն է։ Ես հասկանում եմ, որ Ձեզ մոտ հրապարակված տարբեր հոդվածներ հետապնդում են մի նպատակ, բայց դուք փաստեր չունեք»,-ասաց նա։ Անդրադառնալով ադրբեջանական հեռուստաընկերությանը հարցազրույց տալուն՝ Զարաֆյանն ասաց․ «Ես «Բաքու TV»-ին հարցազրույց չեմ տվել, տվել եմ ռուսական հրատարակչության լրագրողին, որը վաճառել է այն եւ Ադրբեջանի գործակալի դեր է կատարել»։

Զարաֆյանն ասում է` մենք փաստեր չունենք, դեկտեմբերի 14-ի հաշվետվությունից հետո ադրբեջանական մամուլում հունվարի 12-ին լույս տեսած հոդվածը լավագույն փաստն է, որ իրենց հետազոտություններն օգտագործվում են Հայաստանի դեմ։ 

Մենք նաեւ գրել էինք այն մասին, որ չեխական կազմակերպությունը կարողացել է լուսանկարել Հայաստանի ստրատեգիական օբյեկտներ համարվող պոչամբարները եւ Հայաստանից դուրս տանել հողից, գետերից, մարդկանցից վերցված նմուշներ։ Փորձել էինք հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը տեղյակ է այս ընկերության գործունեությունից, եւ ո՞վ է նրանց թույլ տվել նկարել ու անարգել տեղեկատվություն հավաքել մեր երկրի ռազմավարական կարողությունների մասին, եւ արդյո՞ք այդ տվյալները չեն հայտնվի թշնամի երկրների ձեռքում, չեն օգտագործվի նրանց կողմից: Իսկ գուցե այդ տվյալների հավաքագրումը հենց ադրբեջանցիների պատվերո՞վ է իրականացվում, որ հետո հիմք ունենան միջամտելու Հայաստանի ներքին կյանքին եւ հանքերի շահագործումը դադարեցնելու պահանջներ գեներացնեն` էկոլոգիական պայքարի անվան տակ։ «Հրապարակ»-ի հետ զրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ասել էր, որ Հայաստանը որեւէ մեկի առաջ դռները չի փակում՝ ուսումնասիրություններ անելու համար, բայց կան կազմակերպություններ, որոնց գործունեության նպատակը հասկանալի չէ։ «Հասարակական կազմակերպություններ կան, որոնց գործունեությունը դիտարկելիս չենք հասկանում, թե ում ջրաղացին են ջուր լցնում։ Ես նրանց կոչ կանեմ՝ նման պրոցեսների մեջ մտնելուց առաջ մտածել իրենց, ապագա սերունդների եւ Հայաստանի մասին»,- առանց ՀԿ-ի անունը տալու՝ ասել էր փոխնախարարը։

Ըստ Հարությունյանի՝ պոչամբարները նկարել կարող են բոլորը, բայց շատ մեծ հեռավորությունից։ Իսկ ինչպե՞ս է չեխական կազմակերպությունը փորձանմուշներ վերցրել, նախարարն ասել էր. «Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցը բարձրացնում եք, պետք է ասեմ՝ ինչից որ Դուք եք տեղյակ, մենք էլ ենք տեղյակ, կան աշխատանքներ, որոնց մասին բարձրաձայն չենք խոսում, օրինակ՝ ազգային անվտանգության հարցերը։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր կազմակերպությունների գործունեությունները, թույլ տվեք մեր եզրակացություններն այս պահին չհրապարակեմ»։