Ադրբեջանցի լրագրողներին արգելել են շարժվել դեպի Ստեփանակերտ․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանցի լրագրողներին արգելել են շարժվել դեպի Ստեփանակերտ․ ի՞նչ է հայտնի

Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին մեկնել Խոջալու (Իվանյան)։ 
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները և նշում, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը լրագրողներին թույլ չի տվել լուսաբանել Խոջալուում (Իվանյանում) Ադրբեջանի մոնիտորինգային խմբի և խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջև կայանալիք բանակցությունները։

Նշվում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր հատել են խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող անցակետը, կարողացել են առաջ շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն ռուս զինվորականները, լրացուցիչ ուժեր կիրառելով և լրագրողների ճանապարհը փակելով, նրանց ետ են վերադարձրել։ Դիտորդական խմբի բանակցությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 3-ին դիմել է ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը՝ իրենց բնորոշմամբ «հետաքննելու և վերահսկելու ԼՂ տարածքում բնական ռեսուրսների ապօրինի շահագործման և դրա համատեքստում բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակը»։ Այդ պատրվակով նույն օրը ժամանակավորապես փակվել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։