Ավելի լավ է մեռնեի, քան զինվորի գումարը յուրացնեի

Ավելի լավ է մեռնեի, քան զինվորի գումարը յուրացնեի

Որքան հերոսական են ռազմաճակատում կռվող մեր զինվորների գործողությունները, նույնքան անմարդկային կարող են լինել թիկունքից հասցված վնասները։ Այս օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ են անում գրեթե բոլորը, դպրոցները եւս բացառություն չեն։

Նախօրեին Արարատի մարզի Նոր Կյուրինի միջնակարգ դպրոցում թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները հանգանակություն են իրականացրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար։ Դպրոցի տնօրինությունը փոխանցումն արել է, բայց այն բանից հետո, երբ ծնողներից մեկը խնդրել է ընդհանուր զրուցարանում (չաթ) հրապարակել վճարման կտրոնը, ծնողների մոտ մի շարք հարցեր են առաջացել․ նախ՝ ինչո՞ւ է կտրոնի վրա տառերով նշված գումարը 156 հազար դրամ, իսկ թվերով գրված է 356 հազար։ Ավելին՝ հրապարակված կտրոնի վրա երեւում է, որ 3 թիվը կարծես արհեստականորեն սոսնձված լինի։ Դպրոցի տնօրենից խոստացված բացատրությունը չստանալով՝ ծնողներից մեկը կտրոնը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, որը, բնականաբար, պարսավանքի մեծ ալիք է բարձրացրել։  

Արարատի մարզի Նոր Կյուրին համայնքի ղեկավար Գեւորգ Օհանյանին եւս դիմել են դպրոցի ծնողները՝ բարձրաձայնելով կատարվածի մասին։ Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տնօրենից բացատրություն չի պահանջել, որովհետեւ դրա ժամանակը չունի՝ եղբորորդին է Արցախում զոհվել․ «Ես հիմա այդ հարցերով եմ, թե չէ չէի թողնի, որ այս հարցն այսպես մնար, բայց անգամ կտրոնին նայելուց շատ բան պարզ է դառնում։ Ամեն դեպքում, ես խոսք եմ տալիս՝ եթե իրավապահները չզբաղվեն այդ հարցով, ես եմ զբաղվելու, որովհետեւ, եթե էս օրով ինչ-որ մեկը կարողանում է մի լումա գողանալ, դրա պատասխանը պետք է տա ժողովրդին եւ ոչ թե ինչ-որ մեկին։ Թող Աստծո դիմաց այդ պատասխանը տա»։     

Դպրոցի տնօրեն Վարդիկ Հակոբյանը բարձրացված աղմուկից ժամեր անց դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակել է վճարման եւս 2 կտրոն՝ կից պարզաբանմամբ․ «Նոր Կյուրինի միջնակարգ դպրոցի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցած գումարի կտրոնները՝ առանձին-առանձին, որի վերջնական գումարը կազմում է 356,000 դրամ: Աշակերտներ – 129,000 դրամ։ Ուսուցիչներ – 227,000 դրամ: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել դրամահավաքը՝ ըստ դասարանների եւ աշակերտների»։ Մեզ հետ զրույցում տնօրեն Վարդիկ Հակոբյանը կատարվածը համարեց թյուրիմացություն՝ նշելով, որ պատրաստ է անուն առ անուն ներկայացնել իրականացված դրամահավաքը։ Թե ինչու է հավաքված գումարի մի մասը հոկտեմբերի 12-ին վճարել, մի մասը՝ 14-ին՝ երեկ, ասաց․ «Ինչքան հավաքվել է, այդ ձեւով ենք վճարել»։ Ինչպե՞ս կարող էր կանխատեսել, թե արդյունքում ինչքան կհավաքվի, քանի որ առաջին կտրոնի վրա նշված էր 356 հազար։ «Առանձին-առանձինն էր ճիշտ, մասնատեցինք, որոշեցինք, որ ամենաճիշտն այդպես է, որ ծնողը տեսնի իր տված գումարը»։  

Այդ դեպքում ինչո՞ւ միայն  ծնողների բարձրացրած աղմուկից հետո ի հայտ եկան մյուս 2 կտրոնները։ «Դա արդեն իրենց ցանկությամբ եղավ․․․ ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ այստեղ որեւէ բան չկա»,- ասաց տնօրենն ու մարդկանց պարապ մնալուն վերագրեց բարձրացված աղմուկը։ Ինքը ո՛չ յուրացրել է, ո՛չ էլ պատրաստվում էր յուրացնել հանգանակված 200 հազարը․ «Ես՝ ինքս, իմ տղան այնքան բան ենք անում, իր աշխատավարձը, իմ թոշակն իրար միացրած՝ փոխանցել է, ․․․ես ո՞նց կյուրացնեի այդ գումարը, ավելի լավ է մեռնեի, քան այդ գումարը յուրացնեի»։