Տավուշում «սորոսաբուծարան» է բացվել

Տավուշում «սորոսաբուծարան» է բացվել

«Սորոս» կոչված երեւույթը, պարզվում է՝ 2018-ից «սորոսաբուծարաններ» է բացել Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ Տավուշում: Սորոսական Դավիթ Պետրոսյանի անունը հայտնի է հասարակական լայն շերտերին: Նա քաղակտիվիստ է, 2018-ի փողոցային հանրահավաքների ակտիվ մասնակիցներից, Նիկոլ Փաշինյանի աջակիցն ու հովանավորյալը, 2018-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ կազմակերպված ակցիաների կազմակերպիչը: Դավիթ Պետրոսյանը «Բաց հասարակության հիմնադրամներից» կամ, ինչպես ընդունված է ասել՝ Սորոսի գրասենյակից միայն վերոհիշատակյալ տարում ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար: Պետրոսյանին եւ մյուս սորոսական ՀԿ-ականներին Սորոսի գրասենյակը շարունակել է ֆինանսավորել նաեւ հետագայում: 2019-ին Ջորջ Սորոսն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել. «Երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական անհրաժեշտություն է»: Իսկ օրերս Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան մի գրառում էր կատարել. «Մեկնարկեց «Ռեստարտ-2» երիտասարդական ճամբարը։ 

Առաջիկա 3 ամիսների ընթացքում ՀՀ ողջ տարածքից շուրջ 132 աշակերտներ եւ ուսանողներ կստանան գիտելիքներ ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, առաջնորդության, բանավեճի արվեստի եւ այլ կարեւոր թեմաների մասին»: Ճամբարը գործում է Տավուշի մարզում, «Իջեւան» հյուրատանը: Աջակցել են մարզպետ Հայկ Չոբանյանը,  անվտանգության գծով նրա խորհրդական՝ գեներալ Նիկոլայ Գրիգորյանը, ՔՈ կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Սուրեն Սահակյանը, «Ալիք մեդիա Հայաստանի» հիմնադիր Արսեն Խառատյանը: Տավուշի մարզպետի եւ Նիկոլայ Գրիգորյանի անունները դժվար է կապել սորոսական կազմակերպությունների հետ: Հավանաբար, վերեւներից հանձնարարված է, նրանք էլ օժանդակել են Դավիթ Պետրոսյանի նախաձեռնությանը: Այլ է Արսեն Խառատյանի հարցը։ Հիշեցնենք․ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, մշտապես աչքի է ընկել հակառուսական գործունեությամբ, դերակատարում է ունեցել ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու հարցում: 

Դավիթ Պետրոսյանի ուշադրությունը տավուշցիների եւ կրթական համակարգի նկատմամբ սկիզբ է առել 2018-ից: Նա նախ այցելում է մարզերի կրթական հաստատություններ, գույք նվիրաբերում՝ համակարգիչ, տեխնիկա, պրոյեկտոր, գրատախտակ եւ այլն: Հավաքագրում է երիտասարդ ուսուցչուհիներին՝ համակարգչային հմտությունների վերապատրաստման համար: Տավուշյան մարտերից հետո Դավիթն այցելել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր՝ Չինարի, Այգեձոր, Նորաշեն, Մովսես, ծանոթացել ռազմական գործողություններից տուժած ընտանիքներին, լսել նրանց պատմությունները, կիսել նրանց մտահոգությունները: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ռեստարտ» հիմնադրամը նաեւ լուծում է ուսանողների եւ կրթաթոշակների հարցեր: ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի հետ կնքել է հուշագիր, որի համաձայն՝ յուրաքանչյուր ամիս ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող 15 ուսանող ստանալու են անվանական կրթաթոշակներ: Բայց, ինչպես ասում են՝ ձրի պանիրը թակարդում է լինում… Իր մարզային այցելությունների ընթացքում Պետրոսյանը հավաքագրում է այն երիտասարդներին, որոնք կարող են մասնակցել իրենց ծրագրերն ու գաղափարախոսությունն առաջ մղելու եւ տարածելու գործին: Դրանք հիմնականում կարիքավոր ընտանիքների, ծնողազուրկ, ֆինանսական եւ այլ խնդիրներ ունեցող երիտասարդներ են: Կարելի է արդեն կանխատեսել, որ այդ 15 ուսանողները, որոնք օգտվում են սորոսական կազմակերպության կրթաթոշակներից, ապագա «թունդ» սորոսականներ են: Դավիթ Պետրոսյանն իրազեկում է, որ 10 համայնք ներկայացնող ակտիվ երիտասարդներ ներկայումս աշխատում են Տավուշում գործող ճամբարում ներկայացված ծրագրերի վրա…

Հիշեցնենք․ Տավուշն այն մարզն է, որն այսօր կանգնած է արտաքին լուրջ մարտահրավերների առաջ, եւ, օդում կախված լուրերի համաձայն, այստեղ նույնպես GPS-ով սահմաններ են գծվելու: Սորոսի ծրագրերի կարեւորագույն կետերից մեկը խաղաղության հիմնախնդիրներն են՝ հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցության, հարեւանություն անելու թեմաները: Բայց այս քարոզն ուղղված է միայն հայերին, որպեսզի մենք հլու-հնազանդ ենթարկվենք ադրբեջանցիներին եւ դառնանք նրանց ցանկությունների կամակատարը։ Սրան նպաստում է նաեւ Սորոսը, որը բազմիցս է արտահայտվել ի պաշտպանություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված քայլերում: Իսկ Տավուշում սորոսականներն ուժեղացնում են հայ-ադրբեջանական «բարեկամության» եւ  «համերաշխության» քարզչությունը՝ բնակչության ինքնապաշտպանական զգոնությունը թուլացնելու եւ թշնամու առաջ դռները լայն բացելու վտանգավոր հեռանկարով: Էլ չենք խոսում օտար բարքերի՝ ոչ ավանդական՝ միասեռ ամուսնությունների, հակաքրիստոնեական եւ հակաեկեղեցական քարոզի, ազգային արժեքների, ավանդույթների ոչնչացման վտանգների մասին…