Միքայել Սրբազանին կկարողանա՞ն լռեցնել 

Միքայել Սրբազանին կկարողանա՞ն լռեցնել 

Օրվա լրահոսում տարօրինակ էր տեսնել, որ փորձում են քրեական գործ բացել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայլ արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ կողոպտել էին վերջինիս բնակարանը ու դեռ այն ժամանակ ակտիվորեն քննարկվեց այն, որ նիկոլական իշխանություններին ամենախիստ ձեւով քննադատող հոգեւորականներից մեկի հանդեպ իշխանությունները որոշել են հալածանքներ սկսել։ Հիմա արդեն, երբ նման հարց է քննարկվում, արդեն կարելի է առանց կասկածի նշույլի ասել, որ գործող իշխանությունները որոշել են նաեւ հոգեւորականների հանդեպ հալածանքները խստացնել, նրանց վախեցնել քրեական հետապնդումներով։

Ահա թե ուր են երկիրն ու ժողովրդին հասցրել ներկայիս իշխանությունները։ Վերջին անգամ թերեւս Ստալինի օրոք կամ Օսմանյան սուլթանների օրոք է քաղաքական դրդապատճառներով հոգեւորականի հանդեպ հալածանք՝ քրեական հետապնդում կամ բանտարկություն եղել։ Որքան հակահայ ու վախկոտ պետք է մարդը լինի, որ ուժային-իրավապահ համակարգը դարձնի սեփական քաղաքական ընդդիմախոսներին «մեջտեղից հանելու», լռեցնելու զենք։ Որքան հակահայ պետք է լինի մարդը, որ չհարգի ոչ մի սրբություն՝ սկսած պատերազմի հերոսներից մինչեւ զոհվածների ծնողներ։ Որ զրոյացնի բոլոր հոգեւոր եւ համազգային արժեքները, հատի բոլոր կարմիր գծերը։ Եւ ինչ  կշահի նիկոլական իշխանությունը, եթե Միքայել Սրբազանը բանտարկվի։ Ոչինչ։

Միքայել Սրբազանին լռեցնել հնարավոր չէ։ Նույնիսկ մահվան վտանգով նրան ճնշել, կարծում ենք, հնարավոր չէ։ Ի վերջո,  քրիստոնյա հոգեւորականի համար նահատակությունը պատիժ չէ, այլ Աստծո կողմից տրված մեծագույն շնորհներից, որին մարդը կարող է արժանանալ։ Հետեւաբար՝ նրան հաղթել հնարավոր չէ։ Ավելին, գալու է այն օրը, որն ի դեպ, սարերի հետեւում չէ, երբ այս «ժամանակավոր ադմինիստրացիան» էլ չի լինելու, ու պատմությունն ամեն ինչ դնելու է իր տեղը՝ Նիկոլին, նիկոլիզմն ու նիկոլականներին էլ արժանիորեն գամելով անարգանքի սյունին։