«Հրապարակ». Ի՞նչ արեցի ես, ինչպե՞ս կարող էի այս ամենի մասնակիցը լինել

«Հրապարակի» զրուցակիցն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:
-Ամեն անգամ, երբ իշխանություններն անցնում են հնարավոր եւ անհնարին սահմանները, հանրությանը թվում է, թե սա ամենավերջին բանն էր, որ հնարավոր էր տեսնել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի դադարում զարմացնել մեզ: Այս անգամ նա արդեն Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին երկու անգամ անվանեց համբալ, սպառնաց ԱԱԾ-ի նկուղներում փակի տակ պահել նրանց, նրանց անվանեց օտարերկրյա գործակալներ, նաեւ՝ նստած տեղից անհասկանալի մի ժեստ ցույց տվեց, ինչը, ըստ համացանցում մարդկանց գրառման, սպառնալիք է՝ վիզ կտրելու նշան:-Ձեր տպավորությամբ՝ ինչո՞ւ է երկրի ղեկավարը նման վարքագիծ դրսեւորում:
- Չեք հավատա, բայց հատկապես երեկվանից ես իմ տեղը չեմ գտնում: Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ եմ ես, որ թույլ եմ տվել եւ այսօր էլ թույլ եմ տալիս, որ նման մարդիկ ուղղակիորեն իմ երկիրը ղեկավարեն: Այն երկիրը, որի համար իմ ամբողջ կյանքն եմ ներդրել: Երեկվանից ինձ տալիս եմ այն հարցը, թե ինչ արեցի ես, ինչպե՞ս կարող էի այս ամենի մասնակիցը լինել, չգիտեմ՝ այդ մեղքը կարո՞ղ եմ ինքս ինձ ներել, որ թույլ եմ տվել: Ուզում եմ հասկանալ՝ ո՞նց կարող ենք մեզ թույլ տալ, որ տեղի ունենան նման դեպքեր, եւ դեռ մի բան էլ դա մարսենք: Մենք շարունակում ենք խոսել, ինչ-որ մտքեր ասել, բայց աբսուրդ է: Մեր պետության պատկերը դարձել է սնանկ, անարժանապատիվ: Աշխարհին ներկայանում ենք այս ձեւով, այս կերպարով: Ազգային ժողովի նախագահն արդեն կարող է իրեն թույլ տալ՝ ընդդիմադիր պատգամավորին ասելու՝ «դուրս կշպրտեմ քեզ դահլիճից»: ԱԺ նիստերի դահլիճն Ալեն Սիմոնյանի հոր տո՞ւնն է: Անտեր շներ, ինչե՞ր եք ձեզ թույլ տալիս, դուք ո՞վ եք, որ ընտրված ֆրակցիայի պատգամավորին դուրս շպրտեք Ազգային ժողովից: Եթե իրենք՝ ՔՊ-ականները, սարքովի են ընտրվել, ընդդիմությունը ձայն է հավաքել: Եվ ամենավատն այն է, որ ասում են ու մարսում: Փաշինյանն էլ ընդդիմությանն ասում է՝ դուք ի՞նչ գործ ունեք ընդհանրապես այստեղ: Բայց չէ՞ որ նրանք ժողովրդի մի զգալի մասի քվեն են ստացել: Հասնում է մեր ընդդիմությանը, անկեղծ՝ հասնում է, արժանի են, այդ նույն ընդդիմությունն է դրան մինչ օրս այդտեղ պահում, այդ նույն ընդդիմությունն է, որ դեմ է իմպիչմենտին, ընդամենը մի քանի ժամ առաջ ասում էին, որ իմպիչմենտի հիմքեր չեն տեսնում, հասնում է իրենց, արժանի են այդ ամենին, ուղղակի ողջ խնդիրն այն է, որ ամենացավոտ ապտակը ստանում են այն քաղաքացիները, ովքեր հանդուրժում են այդ ամենը, հանդուրժում են, որ դրանք դեռ մնան Ազգային ժողովում ու բարձր պաշտոններ զբաղեցնեն:
- Բայց ի՞նչ կարող է անել ընդդիմությունը: Պնդում են, որ իմպիչմենտն իրատեսական չէ, անտրամաբանական է, որ այդ ճանապարհով հաջողություն չի արձանագրվի….
- Ընդդիմությունն ամեն ինչ կարող է: Իսկ ի՞նչն է իրատեսական, ինչո՞ւ էին ընտրությունների գնում, եթե իրենց համար ոչինչ իրատեսական չէ: Չեն կարողանում ոչինչ անել, գոնե Ազգային ժողով չգնային, այդ գազազածի՝ չափն ու սահմանը կորցրած խոսքերը չէինք լսի: Սա կատաստրոֆա է: Այս կերպարը ներկայացնում է մեր պետությունը, պատգամավորին սպառնում է վիզը կտրել, հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է: Խորհրդարանական երկրում, որտեղ վարչապետ նշանակվում է խորհրդարանի կողմից, վարչապետը վախեցնում է պատգամավորին վիզ կտրելով եւ նկուղներում պահելով: Սա արդեն սահմաններից դուրս է, ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչ հոգեկան խնդիրներ ունի վարչապետ կոչեցյալը: Եթե հոգեբանական եզրակացություն տալու լինեի, կասեի՝ գնա տանդ խնդիրները լուծիր, որպեսզի շան նման մարդկանց վրա չհարձակվես, չբավարարված տղամարդու տիպիկ օրինակ է: Արդեն բոլոր սահմանները սրանք անցնում են: Ո՞վ է Ալեն Սիմոնյանը, որ Ազգային ժողովում նման հայտարարություններ անի, դա հո իր հոր տունը չէ՞:
Կարծիքներ