Ո՞ւր եք հասնելու

Ո՞ւր եք հասնելու

Որքան շատ է վտանգվում երկիրը եւ աճում դժգոհությունն` իշխանություններից, այնքան ավելի են խորանում մեր իշխանությունների վախերն ու սրվում բռնապետական հակումները: Երկրաչափական պրոգրեսիայով աճում է թիկնազորների քանակը երկրում եւ որպեսզի դա հանրության աչքը չծակի` պետության ու հանրային միջոցների հաշվին թիկնազոր են տրամադրում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին, այլեւ բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող պաշտոնյաներին ու անգամ նրանց ընտանիքների անդամներին: Քաղաքում այս ու այն կողմ սուրացող սեւ ավտոմեքենաների շարասյունները, որոնցով տեղափոխվում են այս ոչ մի օգտակար գործ չանող եւ երկրին ավելի շատ վնաս տվող պաշտոնյաները, նույնպես էժան չեն նստում հասարակության վրա:

Բայց ո՜ւր էր թե միայն պետական բյուջեն «լափելով» զբաղված լինեին այս վայ-իշխանավորները: Նրանց վախերն ու տագնապները նորանոր պրոբլեմներ են ծնում հասարակության համար: Սին ու անհեթեթ գործեր են կարվում մարդկանց վրա եւ եթե առաջ գոնե ինչ-որ տնտեսական մեղադրանքներ էին մոգոնում, ապա հիմա արդեն դրա կարիքն էլ չեն տեսնում` մարդուն իր խոսքի, իր գրառման համար բանտ են նետում:

Պատկերացնո՞ւմ եք, թե ժամանակին քանի տասնյակ տարի կարող էին նստացնել Նիկոլ Փաշինյանին` եթե այս մեթոդով առաջնորդվեին: Արցախը հանձնելուց հետո մի նոր երեւույթ էլ է ծաղկում` դիվերսիաներ, մահափորձեր բացահայտելու գործը: Միայն վերջին 1-2 ամսում նման երկու «բանդա» է բացահայտել ԱԱԾ-ն: Իհարկե, անցյալում էլ էին նման դիվերսիաներ բացահայտվում, բայց գոնե դա բացատրում էինք նրանով, որ ընտրություններն արդար չեն եւ մարդիկ խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնելու հույս չունեն: Այս «ժողովրդավարական» երկրում ի՞նչ իմաստ ունի նման հուսահատ քայլեր ձեռնարկելը: