Արցախցիների 68 հազար դրամները մեկ ամսով ուշացրել են 

Արցախցիների 68 հազար դրամները մեկ ամսով ուշացրել են 

44-օրյա պատերազմի տնտեսական եւ սոցիալական հետեւանքները մեղմելու նպատակով կառավարությունն աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում արցախցիների համար: Որպես պետական աջակցություն տրամադրվող ամսական 68 հազար դրամը, ըստ կառավարության կայքում նշված ժամկետների, շահառուները պետք է ստանան յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը: 

Սակայն, ըստ շահառուների վկայությունների, գումարները վերջին շրջանում 5-15 օր ուշացումով են իրենց հասնում, բայց հունիսի վճարումն ուշացել է ուղիղ մեկ ամսով: 

Մոտ 80 հազար արցախցիներ են օգտվում այս ծրագրից: Բացառություն են կազմում 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի ներկայացուցիչները: Շատերի համար այս 68 հազարական դրամը միակ կայուն եկամուտն է, սակայն արդեն մեկ ամիս է եւ մի քանի օր էլ ավելի, որ նրանք փող չեն ստացել: 

Այս մասին «Հրապարակին» հայտնեց Մատաղիսի բնակիչ Կարեն Շիրինյանը: Նախկինում՝ մինչեւ պատերազմը, նա կնոջ հետ բնակվել է Քաշաթաղի շրջանում, իսկ պատերազմի ժամանակ ընտանիքով տեղափոխվել է Մատաղիսի զորամաս, որտեղ աշխատել է որպես շեֆ խոհարար ու պատերազմից հետո տարհանվել է: Այժմ վարձով բնակվում է Երեւանի Քանաքեռ համայնքում: «Մեկ ամիս է՝ փողն ուշանում է: Կինս եւ երեխաս են ստանում: Մի քանի անգամ զանգել եմ, ասում են՝ էս շաբաթ կստանաք, մյուս շաբաթ կստանաք, քիչ առաջ էլ զանգեցի, Արցախի սոցապն ասեց՝ ֆինանսավորում չկա, գումարը դեռ չի փոխանցվել: Մարդկանց համար ժամանակին փող ստանալը կարեւոր է, ստեղ շատերը վարձով են մնում, ու որոշ տնատերեր արդեն հանել են արցախցիներին տներից՝ վարձն ուշացնելու պատճառով»: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ուշացման պատճառն այն է, որ հերթական հատկացումը պետք է հաստատվեր կառավարության նիստով, քանի որ ամեն անգամ բյուջեն է նայվում եւ որոշվում է, թե ինչ գումարներից կատարել բաշխումը: «Անցյալ շաբաթ նիստ մտավ, հաստատվեց, առաջիկա երկու օրում փոխանցումները տեղ կհասնեն: Մեր կողմից արդեն գումարները մեծ մասամբ փոխանցվել են»,- ասում է նախարարության խոսնակը: Ըստ նրա, Կարմիր խաչը, որը փոխանցում է գումարի մի մասը, արդեն փոխանցել է: Կարմիր խաչն ապահովում է Հայաստանում բնակվող արցախցիների գումարային աջակցության մի մասը: