Ամերիկացիները կվերադաստիարակեն հայկական բանակը

Ամերիկացիները կվերադաստիարակեն հայկական բանակը

ԱՄՆ-ն այլեւս չի թաքցնում, որ պաշտպանում է Փաշինյանի իշխանությունը ոչ միայն քաղաքականապես՝ արդարացնելով եւ անտեսելով այդ իշխանության գործած բոլոր չարագործությունները, այլեւ անհրաժեշտության դեպքում պատրաստվում է Փաշինյանին պաշտպանել՝ գործի դնելով իր զինված ուժերը: Այդ դեպքում Հայաստանի բանակը կօգտագործվի որպես օժանդակ կառույց: Այն բանակը, որը դեռ երեք տարի առաջ հայտարարում էր, որ Փաշինյանի «անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», եւ պահանջում էր նրա հրաժարականը, հիմա պետք է ամերիկացիների հրամանատարությամբ նրան պաշտպանի, եթե նման անհրաժեշտություն առաջանա: Կամ առնվազն հնազանդություն դրսեւորի՝ հետեւելով, թե ինչպես է նա հանձնում եւ կործանում երկիրը:

Հուլիսի 15-ին Հայաստանում մեկնարկեցին հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները: Պարզվեց, որ դրանք ուղղված են ոչ թե արտաքին ագրեսիայի դեպքում մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը, այլ ընդամենը «զանգվածային անկարգությունները կանխելուն», ինչի մասին X-ի միկրոբլոգում գրել է ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը՝ անդրադառնալով զորավարժությունների ավարտին: «Այս զորավարժությունները ցուցադրում են նույն միջավայրում մեծ ինտենսիվությամբ համագործակցելու կարողությունը՝ բարձրացնելով զինվորականների պատրաստվածությունը, արագ արձագանքումը եւ օպերատիվ փոխգործակցությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդման մեջ: 

Ըստ ամերիկյան կողմի սցենարի` Հայաստանում հնարավոր են զանգվածային անկարգություններ, եւ դրանք կանխելու ընթացքում հայ եւ ամերիկացի զինվորականները վարժվել են նույն միջավայրում արագ եւ օպերատիվ համագործակցելուն: Այդ նպատակով է Պենտագոնը Հայաստանի պաշտպանության նախարարությունում ներկայացուցիչ նշանակել: Իսկ ինչո՞ւ է զանգվածային անկարգությունները կանխելու գործում ամերիկացիներին պետք եկել բանակը, դրա համար կա ոստիկանություն` տասնյակ հազարավոր ոստիկաններով, կարմիր ու սեւ բերետավորներով, ոստիկանության զորքերով: Ամերիկացիները 16 միլիոն դոլար էին տրամադրել՝ պարեկային ծառայություն ստեղծելու համար, որի գործը եւս Փաշինյանի իշխանության պաշտպանությունն է, հայ հասարակության ահաբեկումը, ինչով եւ զբաղված է այդ ծառայությունը՝ ամեն օր ինչ-որ ուժեղացված ծառայություն կազմակերպելով եւ մարդկանց անհիմն ու մտացածին պատճառներով բերման ենթարկելով: Ամերիկացիների իրական նպատակը ոչ թե բանակը հօգուտ Փաշինյանի իշխանության օգտագործելն է, բանակը սեփական ժողովրդի դեմ հանելը, այլ բանակի դիմադրությունը չեզոքացնելը:

Հայաստանի Սահմանադրությունն արգելում է զինված ուժերի ներգրավումը երկրի ներքաղաքական գործընթացներին: Սահմանադրության 14-րդ հոդվածում դրա մասին շատ հստակ է ասված. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են»: Չնայած դրան, բանակում ծառայող զինվորականները մարդիկ են, ովքեր իրենց առաքելությունը համարում են հայրենիքի պաշտպանությունը: Ի տարբերություն ոստիկանության եւ նույնիսկ ԱԱԾ-ի, որոնց ամենօրյա աշխատանքը Փաշինյանի իշխանության պաշտպանությունն է սեփական ժողովրդից, բանակն իրեն համարում է այդ ժողովրդի մի մասը: Ամեն անգամ, երբ երկրում սկսվում են հակաիշխանական բողոքի ցույցեր եւ շարժումներ, իշխանությունը լարվում է, Փաշինյանը վախով եւ տագնապով սպասում է, թե ինչպես դրան կարձագանքի բանակը: Ավելին` Հայաստանի ԱԱԾ-ն եւ այլ կառույցներ սկսում են ակտիվորեն հետեւել բանակում առկա տրամադրություններին, արդյոք զինվորականները ե՞ւս չեն ըմբոստանա, արդյոք բանակի այս կամ այն ստորաբաժանումը չի՞ հայտարարի հասարակությանը միանալու եւ շարժմանն աջակցելու մասին: Որովհետեւ, եթե նման բան տեղի ունենա, Փաշինյանի իշխանությունը կոչնչանա մի վայրկյանում, ոչ մի ոստիկանություն, սեւ կամ կարմիր բերետ նրան չի փրկի: Գլխավոր շտաբի 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարությունը ցույց է տալիս, որ բանակում հակաիշխանական տրամադրությունները չափազանց բարձր են, մարդիկ, ովքեր կանգնած են սահմանին եւ պաշտպանում են երկիրը, կարող են մի պահ չհանդուրժել երկրի շահերի դավաճանումը եւ երկրի հանձնումը թշնամուն: Բանակում հակաիշխանական տրամադրությունները ոչ միայն չեն չեզոքացվել, այլեւ ավելի են մեծացել: 

Ամերիկացիները որոշել են բանակը վերցնել իրենց ձեռքը եւ վերադաստիարակել հայ զինվորականներին: Համատեղ զորավարժությունները բանակը եւ զինվորականներին վերադաստիարակելու ամենահարմար միջոցն են. հայ զինվորականներին բացատրում են, որ մենք կանգնած ենք ձեր իշխանությունների կողքին, իսկ ձեր խնդիրը լինելու է այդ գործում մեզ օժանդակելը: Դրա դիմաց դուք նաեւ որոշակի գումար կստանաք, նյութական բարեկեցություն: Մի անգամ չէ, որ ասել ենք՝ ամերիկացիները մեզ վերաբերվում են որպես վայրի կենդանիների եւ վարժեցնում են հենց այդ մեթոդներով․ ամեն մի կատարված հրահանգի դիմաց մի կտոր շաքար են դնում բերաններս, որ մենք ուտենք ու սպասենք, թե երբ են լինելու հաջորդ հրահանգը եւ շաքարի հաջորդ չափաբաժինը: Բոլոր այն կենդանիները, որոնք չեն ենթարկվում վարժեցնողին եւ կամային հատկանիշներ են դրսեւորում, կա՛մ ոչնչացվում են, կա՛մ ուղարկվում են գազանանոց` ճաղերի հետեւում անցկացնելու իրենց կյանքի մնացած մասը:

Ավետիս Բաբաջանյան