Մեր ժողովուրդն ի՞նչ էր ակնկալում՝ ընտրելով Նիկոլ Փաշինյանին. որ միջանցք չի՞ լինելու

Մեր ժողովուրդն ի՞նչ էր ակնկալում՝ ընտրելով Նիկոլ Փաշինյանին. որ միջանցք չի՞ լինելու

Մենք զրուցել ենք քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ, ով ճանաչված լինելով որպես «ռուսամետ», «Սոլովյով լայվ»-ի եթերում նախօրեին բավական կոշտ ելույթ ունեցավ՝ ռուսաստանյան հասարակությանը ներկայացնելով այն օբյեկտիվ դժգոհության հիմքերը, որը կուտակվել է հայ հասարակության մեջ` ռուսական իշխանությունների նկատմամբ։

- Պարոն Խալաթյան, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ի կառավարության նիստում հայտարարեց, որ դեմարկացիա-դելիմիտացիայի հետ կապված՝ 3 առաջարկ է ստացել Ռուսաստանից, 3-ն էլ ընդունելի են իր համար։ Սակայն չմանրամասնեց, թե ինչ առաջարկներ են։

- Չգիտեմ, թե ինչ առաջարկներ են, բայց եթե ձեռնտու է, թող հրապարակեն։ Բա ինչո՞ւ չեն հրապարակում կամ էլ՝ ինչո՞ւ մինչեւ ընտրությունները չստորագրեցին։ Միքայել Մինասյանը հրապարակել էր, դրա ի՞նչն էր ձեռնտու։ Հույս ունեմ, որ գոնե այդ անկլավների հանձնումը չի լինելու։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ասեմ, թե ինչու է ՌԴ-ն շահագրգռված, որ դեմարկացիայի գործընթացը տեղի ունենա։ Այն անհրաժեշտ է՝ խուսափելու համար այն անհարմար վիճակներից, երբ անընդհատ միջադեպեր են լինում, ՌԴ-ն պետք է արձագանքի, եւ ցանկացած դեպքում այս երկրի գործողություններն անդրադառնում են իր վարկանիշի վրա թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։

- Մեզ տարիներ շարունակ կերակրել են այն համոզմունքով, թե ՌԴ-ն Հայաստանի անվտանգային միջավայրն ապահովելու համար այլընտրանք չունի եւ այլն։ Մենք եղել ենք իրենց հետ, չենք գնացել դեպի Արեւմուտք, եւ հիմա ՌԴ-ն մեզ փաստի առաջ է կանգնեցնում։ Պատերազմի ժամանակ ասում էր՝ Արցախը չեք ճանաչել, հետո՝ ՀՀ-ի վրա ագրեսիան մասշտաբային չէ, հիմա էլ ասում են` «սահմանային միջադեպեր են», կամ` մեզ պաշտոնապես չեք դիմել։

- Իհարկե, Դուք էլ նշեցիք, որ սուր ելույթ եմ ունեցել, բայց դա ուղղված էր ռուսական հասարակությանը՝ ցույց տալու, որ՝ այո, հայ հասարակության հետ խնդիրներ կան։ Կա Հայաստանը կորցնելու վտանգ։ Բայց, միեւնույն ժամանակ, արդեն դիմելով հայ ժողովրդին, մեր հասարակությանը, ուզում եմ ասել՝ պետք է հասկանալ, որ գոյություն ունի «ռեալ պոլիտիկ»։ Որ միջազգային հարաբերությունները բարեգործական աուկցիոն չեն։ Ամեն երկիր առաջնորդվում է իր շահերով։ Այս պահին, ցավոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը ողջ աշխարհին ցույց են տալիս, հատկապես հունիսի 20-ին վերընտրելով Նիկոլ Փաշինյանին, որ նրանք պատրաստ չեն պաշտպանել իրենց շահերը եւ, առավել եւս՝ վախենում են ցանկացած բախումից ու պատրաստ են միակողմանի զիջումների հաշվին բացել «խաղաղության դարաշրջան»։ Այս պարագայում ակնկալել, որ որեւէ մի երկիր, անգամ մեր դաշնակից երկիրը, պետք է ավելի հայամետ դիրքորոշում ունենա, քան Հայաստանի ժողովուրդը, սխալ է։

- Բայց Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի միջանցք չի ուզում, իսկ ռուսական կողմը, ըստ արեւմտամետների, ուզում է։ Նաեւ «3+3» ֆորմատը, որը ՌԴ-ն, ըստ Զախարովայի, ուզում է ձեւավորել։ 

- Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ հստակ հայտարարություն էր արել, ասում էր՝ մենք Սեւ լճի 30 տոկոսի համար չենք պատերազմելու, մենք պատրաստ ենք ճանապարհներ, կոմունիկացիաներ բացել։ Նա դեկտեմբերին բանավոր համաձայնության հիման վրա գերակատարում էր նոյեմբերի այդ խայտառակ փաստաթուղթը՝ հանձնելով դիրքեր, որոնց հանձնումը նախատեսված չէր նույնիսկ այդ փաստաթղթով։ Եվ դրանից հետո մեր հայ ժողովուրդն ի՞նչ էր ակնկալում՝ ընտրելով Նիկոլ Փաշինյանին․ որ միջանցք չի՞ լինելու։ Մեր բախտը բերել է, որ այս պահին ռուսական կողմը շահագրգռված չէ Սյունիքով ադրբեջանական էքստերիտորիալ միջանցքով, նրանք կողմ են միայն ապաշրջափակմանը եւ, առավել եւս՝ որ Արցախի հարցը փակվի, հասկանալով, որ եթե այն փակվի, կկորցնեն Բաքվի վրա ազդեցության վերջին լծակը։ Բայց, նորից եմ ասում՝ պետք չէ ակնկալել, որ մեր դաշնակիցն ավելի հայամետ է լինելու․ ՌԴ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունի շահեր։ Շահեր ունեն բոլորը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, այն երկրները, որոնց երեւի նկատի ունեին մեր իշխանական պատգամավորները, երբ ասում էին՝ կգտնենք նոր դաշնակիցներ։ Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա մայիսյան ներխուժումից առաջ, երբ այդ 907-րդ բանաձեւի գործողությունը սառեցվում էր Բայդենի ադմինիստրացիայի կողմից, ԱՄՆ պետքարտուղարն ասաց՝ մենք վստահ ենք, որ այս օգնությունը, որ ցուցաբերելու ենք Ադրբեջանին, չի օգտագործվելու Հայաստանի դեմ։ Վերջին ամիսներին արդեն քանի՞ անգամ ենք տեսնում Հայաստանի նկատմամբ Բաքվի ագրեսիան։ Որեւէ կոշտ արձագանք ԱՄՆ-ի կողմից տեսա՞նք։

- ՌԴ-ն էլ զենք վաճառեց տարիներ շարունակ։

- Տարբերությունը` ՌԴ-ն զենք է վաճառել թե՛ Ադրբեջանին, թե՛ մեզ՝ շուկայականից ցածր, եւ եթե կարողացանք 44 օր դիմադրել, նրա շնորհիվ էր, որ զենքի հսկայական պաշարներ ունեինք։ Զենք, որը մենք չէինք կարողանա ձեռք բերել շուկայական գներով։ Եվ երկրորդ․ պատերազմից առաջ ԱՄՆ-ն, հստակ իմանալով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել այդ երկրին։ Ու ասել են՝ վստահ ենք, որ էդ օգնությունը միայն կգնա Կասպից ծովին։ Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ ԱՄՆ-ն վատն է, ՌԴ-ն՝ լավը, այլ ցույց եմ տալիս, որ բոլոր միջազգային խաղացողներն ունեն իրենց հետաքրքրությունները ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ, եւ սխալ է ակնկալել, որ դրանք մոռացվելու են հանուն Հայաստանի շահերի։ Հակառակը, պետք է այդ խաղացողներին, առաջինը մեր դաշնակցին ցույց տալ, որ մեր շահերը համընկնում են։ Եվ վերականգնելով Հայաստանը որպես տարածաշրջանի ուժեղ գործոն՝ ՌԴ-ն առաջին հերթին նպաստում է հենց իր շահերին, իր դիրքերի ուժեղացմանը։

- Ձեր խոսքում ակնարկ կար, որ ռուսները չեն հարգում մեր ժողովրդին` Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար, բայց համառ վարկածներ ու կասկածներ կան, որ նրա գոյությունը լավ էլ ձեռնտու է Ռուսաստանին։ Ավելին՝ Մատվիենկոն մասնավոր զրույցի ժամանակ ասել է, թե աղոթում էին, որ Փաշինյանը վերընտրվի։

- Եթե Հայաստանում տեղի ունենար իշխանափոխություն, ինքս ընտրություններին մասնակցում էի «Հայաստան» դաշինքից, եւ գային այլ ուժեր, էդ պարագայում ե՛ւ ՌԴ-ին, ե՛ւ միջազգային հանրությանը ցույց կտրվեր, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այն խայտառակության հետ, ինչը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին, համաձայն չէ կորցնել Արցախը եւ միակողմանի զիջումներով այսպիսի խայտառակ խաղաղության գնալ Ադրբեջանի հետ։  Իհարկե, դա ռուսական կողմի համար բերելու էր ավելի լուրջ խնդիրներ, որովհետեւ այս պարագայում նրանք՝ որպես դաշնակից երկիր, ստիպված էին լինելու հաշվի նստել հայկական կողմի կարծիքների եւ շահերի հետ։ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ինչով էլ հասարակությունը բացատրի, որ չէին ուզում նախկինները գային կամ այլ, բայց դա միջազգային հանրությաննը ու հատակապես ՌԴ-ին մեսիջ էր, որ Հայաստանը պատրաստ է միակողմանի զիջումների հաշվին ցանկացած գնով գնալ Ադրբեջանի հետ խաղաղության։ Եվ դա ռուսական կողմի համար ավելի քիչ պրոբլեմներ է ստեղծում։ Ընդ որում, այս հարցերում ՌԴ-ի ու Արեւմուտքի կարծիքները համահունչ են։ Դուք լսե՞լ եք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ ԵՄ-ն դեմ հանդես գան դելիմիտացիային։ Դա ընդամենը հեշտացնում է միջազգային խաղացողների գործը տարածաշրջանում։