«Նոր Հայաստանում» քրեականի պետն անչափահասի է ծեծում և շարունակում է իր աշխատանքը

«Նոր Հայաստանում» քրեականի պետն անչափահասի է ծեծում և շարունակում է իր աշխատանքը

Այսօր համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետն առանձնակի դաժանությամբ հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: Այն, որ Հայաստանում 2022 թվականի փետրվարից ՄԻՊ գոյություն չունի, քանզի Արման Թաթոյանի հեռանալուց հետո ՄԻՊ` Մարդու իրավունքների պաշտպանը վերափոխվել, դարձել է ՆԻԿ-ի Նիկոլի իրավունքների պաշտպանի, թերևս ակնառու է և սրանով մեծ բացահայտում արած չենք լինի, դե իսկ քաղհասարակություն կոչվածի ու իրավապաշտպանների մասին խոսելը 2018 թվականի իշխանափոխությունից հետո թերևս ավելորդ է, խիստ մտահոգիչ էր Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը: Քննչականը տարածել է մի հաղորդագրություն, որտեղ ասվում է, թե բացահայտ հանցագործություն կատարած անձը զղջում է իր արարքի համար: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է` «Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք՝ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է», - հաղորդեց Գոռ Աբրահամյանը»։

Ինչ է ստացվում, ստացվում է, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կատարված հանցանքը ոչ մեծ ծանրության հանցավոր արարք է: Այսինքն` նորմալ է, որ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյան անչափահասի է ծեծում և իրավապահ համակարգում շարունակում է պաշտոն զբաղեցնել, սակայն խիստ վտանգավոր հանցանք է, երբ է զոհվածի մայրը վարչապետի որդուն հրավիրում է իր ավտոմեքենան նստել:

Մենք մի քանի հարց ենք ուղղել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանին:

- Պարոն Աբրահամյան, կարդացի Քննչականի տարածած հաղորդագրությունը, որն ավելի շատ հանցագործություն կատարած անձին արդարացնելու դատավճիռ հիշեցրեց: Ի՞նչ է նշանակում մեղավորը զգջում է իր կատարած հանցանքի համար: Զղջում է ու վե՞րջ:

- Ձեզ համար ի՞նչն էր խնդիրը:

- Ինչի՞ մասին էր քննչականի տարածած հաղորդագրությունը:

- Ինչ կա, մենք հրապարակել ենք: Կարող եմ Ձեզ էլ ուղարկել:

- Շնորհակալ եմ, ես վաղուց կարդացել, ապա նոր զանգահարել եմ Ձեզ: Ի՞նչ է նշանակում զղջալ: Հետո՞, այսինքն` կարող են մարդ սպանել ու զղջա՞լ: Դա նորմա՞լ է:

- Մենք տարբեր գործերով, տարբեր առիթներով անդրադարձ կատարել ենք: Արդարացման հիմքով կարճման մասին է հաղորդագրությունը և առաջին անգամ չէ, որ քննչականը նման բան է տարածում:

- Առաջին անգամ է, որ քրեականի պետն անչափահասի է ծեծում և դաժան ծեծի տեսանյութը հայտնվում է համացանցում: Անկեղծ ասած չեմ հասկանում, դուք լինելով խոսնակ ինչո՞ւ եք որոշել հիմա Դիլիջանի քրեկանի պետին պաշտպանել: Դա՞ է Ձեր գործը: Եկեք այս դեպքը սովորական ծեծկռտուքների հետ չհամեմատենք: Այստեղի գլխավոր «հերոսը» բարձրաստիճան պաշտոնյա է:

- Կոնկրետ այդ հանգամանքը վարույթի հետ ի՞նչ կապ ունի:

- Իսկ ինչը՞ կապ ունի:

- Եթե չհրապարակվեր էական բա՞ն էր փոխվելու: Մեր հաղորդագրությունը որպես ոչ արդարացնող հիմք, քրեական դատավարությամբ նախատեսված հիմք է, որը կիրառվում է այն դեպքերում, երբ անձը զղջում է: Երբ հանցանքը կատարվում է առաջին անգամ, դատախազը հայեցողական լիազորություն ունի այդ հիմքով քրեական հետապնդում չիրականացնել:

- Այսինքն` եթե ես դուրս գամ փողոց առանձնակի դաժանությամբ մարդ ծեծեմ ու զղջամ դատախազն իմ դեմ էլ հետապնդում չի՞ իրականացնի: Թե՞ «ընտրյալների» դեպքում է այդ տարբերակը միայն գործում:

- Դա ավելի շատ դիտարկվում է խրախուսական: Պաշտոնեական դիրքի հետ կապված խնդիր չունենք:

- Իսկ եթե լրատվամիջոցում այդ տեսանյութը չհայտնվեր, այսինքն ոչ ոք այդ մասին չէ՞ր բարձրաձայնելու:

- Գիտե՞ք քրեական գործերը քննչականում ինչքան շատ են, հազարավոր:

- Սա սովորական գործ չէ, սա աննախադեպ գործ է, այստեղ կա բարձրաստիճան պաշտոնյայի ֆակտորը:

- Դե հարցում է եղել, հարցմանը պատշաճ պատասխանել ենք: Քրեական վարույթի ընթացքի մասին էլ չեմ կարող խոսել, այս պահին ունենք այն, ինչ ունենք: