Ամոթ եւ խայտառակություն
Նրանք, ովքեր կարծում են, թե Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը չեն հասկանում, թե ուր են հասցրել երկիրը, ինչ աղետ են բերել մեր երկրին, որ նրանք իրենց արարքների հետեւանքները չգիտակցող երիտասարդներ են, կնշանակի շատ ուշադիր չեն այս թիմի եւ նրա ղեկավարի ելույթներին։ Հատկապես չեն լսում, թե արտաքին աշխարհում, տարբեր եւրոպական հարթակներում ինչ է ասում ՀՀ վարչապետը։ Իսկ այդ ելույթներից ակնհայտ է դառնում, որ նրանք գերազանց գիտակցում են իրենց գործած ավերածությունների չափերն ու գիտեն, թե ուր են հասցրել երկիրը, թե ինչ փակուղում է հայտնվել հայկական դիվանագիտությունը եւ ինչ խղճալի դեր ենք ստանձնել մենք․ Եվրոպայից՝ օգնություն, թշնամուց՝ ողարմածություն խնդրողի, տկարի եւ անմեղսունակի, անկարողի ու ցեղասպանվողի դեր։
Երբ Եւրոպայում մեր երկրի առաջին դեմքը խոսում է այն մասին, թե Ադրբեջանի նախագահը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կոչվում է «արեւմտյան ադրբեջան» եւ եւրոպացիաներին բացատրում է․ «Գիտեք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «Արեւմտյան ադրբեջան» է», ուզում ես ամոթից մեռնել։ Բայց սրան հաջորդում է մեկ այլ՝ ավելի ամոթալի միտք․
«Ես ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում․․․ եւ պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության»։
Եթե դու գիտակցում ես, որ թշնամին որոշել է վերացնել Հայաստանի ինքնիշխանությունը եւ դրա փոխարեն ստեղծել «Արեւմտյան Ադրբեջան», ապա ինչպե՞ս ես պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել քո ինքնիշխանությանը սպառնացող սուբյեկտի հետ:
Կարծիքներ