Արա Մխիթարյանի գործով դատապարտվածը ազատ է արձակվել

Արա Մխիթարյանի գործով դատապարտվածը ազատ է արձակվել

Դաժան ծեծի արդյունքում մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին "Հրապարակ"֊ին հայտնեց Արա Մխիթարյանի եղբայրը` Կարենը։

Վերջինս մեզ ասաց, որ որոշումը կայացվել է նախօրեին.

«Իրենք են դիմել դատարան, դատարանն էլ բավարարել ա որոշել։ Մենք որոշել ենք բողոքարկել դատարանի որոշումը»։

Կարեն Մխիթարյանը դատարանի որոշումը համարում է «ծախված»։

Հիշեցնենք, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արտաշատի նստավայրում, դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Վայոց ձորի նախկին մարզպետի, այժմ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական, գործով ամբաստանյալ Հարություն Գրիգորյանը 5 տարով ազատազրկվեց։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ): Այս գործով նախորդ դատական նիստում վկայի կարգավիճակով ցուցումունք տված Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ Հովհաննես Գրիգորյանը նաեւ իր հորեղբոր թոռան ամուսինն է։

Թեև առաջադրված մեղադրանքով հաստատվել է, որ փոխգնդապետը ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, բայց դատապարտվեց ընդամենը մեկ անձ։ Քրեական գործի տվյալներով՝ շոշափվում են 3-4 հոգու անուններ, այդ թվում՝ նաեւ այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի: Նրա՝ դեպքի վայրում գտնվելու մասին ցուցմունք էին տվել ականատես վկաները։ Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Զավեն Գրիգորյանը, որը նախկին մարզպետի օգնականի եղբայրն է, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Նշենք, որ 2019 թ․ սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին ականատես վկաներ՝ զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լեւոն Հարությունյանը իրենց ցուցմունքներում եւ առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում է եղել եւ անգործություն է դրսեւորել։ Ավելին, մամուլի տեղեկություններով, ԶՈՒ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանը Տրդատ Սարգսյանն անմիջական մասնակցություն է ունեցել, այդուհանդերձ, նրան մեղադրանք չի առաջադրվել։ Հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՔՊ-ական նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել։