Հայաստանը ե՞րբ կհաղթահարի օմիկրոնի պիկը

Հայաստանը ե՞րբ կհաղթահարի օմիկրոնի պիկը

Ինչպես արդեն տեղեկացանք` ԵՄ որոշ երկրներ դյուրացնում են քովիդով պայմանավորված սահմանափակումները: Օրինակ` Պորտուգալիա մուտք գործելու համար միջազգային չափանիշներով պատվաստված զբոսաշրջիկներն այլևս պարտավոր չեն PCR (ՊՇՌ) թեստեր ներկայացնել, պահանջը մնում է միայն չպատվաստվածների համար։ Նմանատիպ կանոններ գործում են նաև Հունաստանում՝ միայն այն պայմանով, որ նրանք, ովքեր պատվաստումն ավարտել են ավելի քան 270 օր առաջ, պետք է նախքան ճանապարհորդելը խթանիչ պատվաստում անեն և ունենան դա հաստատող փաստաթուղթ:

Ֆրանսիայում երկարատև ընդմիջումից հետո հեռվից հյուրերի են սպասում: Իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են հանել Եվրամիությունից դուրս գտնվող երկրներից ժամանող պատվաստված ճանապարհորդների համար բացասական թեստեր ներկայացնելու պահանջը։ Փարիզը կպահի խոստումը, եթե վարակի ամենօրյա ցուցանիշները շարունակեն անշեղորեն նվազել: Իտալիայում ավելի ու ավելի քիչ դեպքեր են գրանցվում: Այնտեղ չեղարկվում է փողոցներում դիմակ կրելը։ Բոլոր սահմանափակումներից հրաժարվել է Մեծ Բրիտանիան: Այս երկրներում մարդիկ փողոց էին դուրս գալիս եւ պայքարում սահմանափակումների դեմ: Արձանագրենք, որ պայքարն իր արդյունքը տվեց:

Թե ինչպիսի պատկեր է առկա Հայաստանում, եւ առհասարակ որքանով են մեզանում առկա սահմանափակումներն արդյունավետ, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանից: Համաճարակաբանի պնդմամբ` մեզանում առկա սահմանափակումները բացառապես քաղաքական բնույթ են կրում: «Ես դեռ 2020 թվականի գարնանը զգուշացնում էր, որ Հայաստանում կորոնավիրուսն օգտագործվում է բացառապես քաղաքական նպատակներով: Այս գործելաոճը շարունակվեց ողջ 2020-ին: Ես գտնում եմ, որ մեզանում առկա սահմանափակումները ձեւական են եւ հասարակության որոշակի շերտերի դեմ ճնշումներ գործադրելու համար են», - նշում է համաճարակաբանը:

Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց` նոր օմիկրոն տեսակի վիրուսն այնուամենայնիվ վտանգավոր է, թեեւ մահացու չէ, սակայն վտանգավոր է: Նրա խոսքով` վերոնշյալ եվրոպական երկրները հաղթահարել են վարակի պիկ շրջանը: Բժշկուհու պնդմամբ` Ռուսաստանը վարակի պիկ շրջանը կհաղթահարի փետրվարի կեսերին, իսկ Հայաստանը` մարտի սկզբին, որից հետո հնարավոր է մեղմացվեն մեզանում առկա սահմանափակումները: