Ես մարդ չեմ ծեծել, սուտ է․ Դավիթ Ղուլունցը՝ տարածված տեսանյութի մասին 

Ես մարդ չեմ ծեծել, սուտ է․ Դավիթ Ղուլունցը՝ տարածված տեսանյութի մասին 

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի խումբ անձինք մեքենաներից իջնում ու հարձակվում են մի քանի երիտասարդ տղաների վրա և ձեռքերով, ոտքերով ու մահակներով ծեծում նրանց։ Տեսնայութը վերնագրված է այսպես․ «Դավիթ Ղուլունցը իր թիմի հետ ծեծում է 16 տարեկան տղաներին»։

Մենք կապ հաստատեցինք Դավիթ Ղուլունցի հետ, որը Տեղ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Վերջինս շատ վրդովված ասաց, որ մեր հարցերին չի պատասխանում, քանի որ, իր գնահատմամբ, «մենք սուտ լուրեր ենք տարածել իր մասին», թե ինքը ինֆարկտ է ստացել։

Բացատրեցինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում նշված է, թե ինքը մարդ է ծեծում ու խնդրեցինք մեկնաբանել։

Վրդովված համայնքապետը մի կերպ երկու բառ ասաց․ «Ես մարդ չեմ ծեծել, էլի սուտ լուրեր եք տարածում, էդ լրիվ ապատեղեկատվություն է»։

Նորից բացատրեցինք, որ մենք չենք տարածում այդ լուրերը, համացանցում է տեսանյութ հայտնվել, որում իր անունն է նշված։

«Սուտ ա, էտի ես չեմ, հարգելիս, սուտ է։ Ինձ մի անհանգստացրեք»,-ասաց նա։