Հասարակություն

Հայկ Սարգսյանն ու Տիգրան Խաչատրյանը արդարացվել են․ քրգործը փակվել է

Հայկ Սարգսյանն ու Տիգրան Խաչատրյանը արդարացվել են․ քրգործը փակվել է

Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը կալանք էր սահմանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝  Տիգրան Խաչատրյանը, որը եւս մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նրանք ավելի ուշ կալանքից ազատվել էին։

Հարուցված քրեական գործն այլև չկա․ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ին ասաց, որ արդարացման հիմքով երկուսի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Այդ գործով բազմաթիվ մեղադրյալներ կային, մի մասի վերաբերյալ գործը դատարանում քննվում է, իմ պաշտպանյալի՝ Տիգրան Խաչատրյանի մասով որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել՝ արդարացման հիմքով։ Նույնը նաեւ Հայկ Սարգսյանի մասով, նրա դեպքում միակ ցուցմունքն ոստիկանի ցուցմունքն էր, ան մասին, որ ինքը հասցրել էր երկուսին էլ արարք կատարելիս տեսնել»։

Փաստաբանն ասաց, որ դատախազի որոշմամբ է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել։

Հիշեցնենք՝ «Դիմադրության շարժումը» բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարական երրորդ մասնաշենքի մոտ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները փորձել էին հանդիպել նախարարներին, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել, որոշ ժամանակ անց ցուցարարների ու ոստիկանների մեջ բախումներ էին սկսվել: Ավելի ուշ ՔԿ-ն հայտարարեց զանգվածային անկարգությունների կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image